HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն շարունակում է մնալ լիիրավ անդամ, ինչի հետևանքով կազմակերպության բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն նաև Երևանի հետ։ Այդ մասին Բորդյուժան հայտնել է ռուսական РИА Новости գործակալությանը։

«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Իսկ եթե լիիրավ անդամ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, որոնք ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։ Մինչդեռ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ի գործունեությանը»,- հայտարարել է Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ճիշտ քայլ կլիներ կազմակերպությունից ամբողջությամբ դուրս գալը։ Հակառակ դեպքում, ըստ նախկին գլխավոր քարտուղարի, Հայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից։

«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ մոտենանք հարցին, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե իսկապես լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ երկակի դիրքորոշում ունեն՝ չենք հեռանում, բայց չենք աշխատում, չենք մասնակցում և չենք ցանկանում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- ասել է Բորդյուժան։

ՀԱՊԿ-ի կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Դեռ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Երևանի կարծիքով՝ Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները Երևանի նկատմամբ։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին էր։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։ Մասադիկովի գնահատմամբ՝ Հայաստանը խախտում է ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։

Լուսանկարը՝ Виталий Белоусов/РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter