HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Սաֆարովի կացինը ելույթ ունենար ԱԺ-ում, ապա...»

Եթե Սաֆարովի կացինը ելույթ ունենար ԱԺ-ում, ապա հավանաբար կասեր հետևյալը.
 
«Հարգելի պատգամավորներ,

Նախ՝ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Ձեթ Տրակտորյանին, որն ինձ 5000 դրամի դիմաց համաձայնեց դնել իր պայուսակում ու տեղափոխել ԱԺ-ի շենք: 

Կփորձեմ հակիրճ լինել, քանի որ հասկանում եմ, որ ձեզնից շատերը բիզնեսի տեր ու քիչ ժամանակ ունեցող մարդիկ են:

Ինչպես գիտեք, ես այն կացինն եմ, որով կատարվեց այդ  չարագործությունը: Ծնվել եմ Եվրոպական մի սովորական գործարանում, հետո տեղափոխվել Բուդապեշտի խանութ: Սա իմ գոյության ամենաերջանիկ շրջանն էր: Այնտեղից հայտնվեցի Սաֆարովի սենյակի պահարանի դարակում, իսկ հետո՝  ոստիկանության արխիվի մի մենավոր ու մութ  դարակում, որտեղ հավանաբար պիտի մնամ ընդմիշտ:

Ինչպես գիտեք,  ես մի անանուն ու հնազանդ կացին եմ միայն.նույն ձևի անանուն ու հնազանդ, ինչպես ձեզնից ոմանք են եղել՝  կոմսոմոլ ու կոմկուսի անդամ լինելու ժամանակ կամ հիմա: Դուք շատ կացին տեսած ազգ եք. ինձ կհասկանաք:

Բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ եք դուք ձեր զինվորականներին ուղղարկել մի տեղ, որտեղ ձեզ նախկինում արդեն այդքան կացնահարած թշնամու զինվորականներ էլ կային՝ նույն շենքում ու նույնիսկ նույն հարկում ու դասասենյակում: 

Ես ընդամենը մի անկամք կացին եմ իհարկե, բայց ինչո՞ւ այդ դեպքում 2004 թվից հետո էլ ձեռք էիք սեղմում  ու նույն սեղանի շուրջ նստում-բանակցում կացնահարի երկրի/մարդկանց հետ:

Այսօր ձեր երկրում ես տեսա բազմաթիվ ոչ պակաս վտանգավոր, կացնանման բաց պոչամբարներ: Ամեն օր ձեր երկրի ճանապարհներին ամենաքիչը մի քանի մարդ է մահանում ու վնասվում: Էլ չեմ խոսում կամուրջներից նետվածների, ռեստորաններում կերվածների, աղքատության հողի վրա կացնադանակահարվածների ու նման ոչ պակաս տխուր երևույթների մասին:

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ.  ինձ էլ՝  որպես Սաֆարովի կացնի, էքստրադիցիա անել տվեք Հայաստան. այստեղ կացիններին փականքի տակ չեն դնում»:

Վարազ Սյունի
Ամստերդամ
13.09.2012

Մեկնաբանություններ (3)

Մլեհ
Սաֆարովի կացին ջան, եթէ Ձեթ Տրակտորյանը չհամաձայնի ձեզ ԱԺ-ի շենք տեղափոխել, Հ1-ի փորձուած ղեկավարներուն հետ հաստատ լեզու կը գտնէք... Յետոյ չեմ հասկնար. Երևանի մէջ անգլերէնի ուսուցի՞չ չկար, որ Ռուսիոյ հրամկազմի ստրատեգիական դաշնակից ՊՆ յարգարժան ղեկավարութիւնը վաղամեռիկ Գ. Մարգարեանին ուղարկեց թշնամական NATO անգլերէն սորվելու` հանդիպելու իր դժխեմ ճակատագրին:
Վահե-2010
Ճիշտ էս՝ Վարազ Սյունի, մեր իշխանավորները մի կացնի չափ ոչ հիշողություն ոչ էլ խելք ունեն: Դե տեղադրված նկարից էլ երևում է, որ մեր պատգամավորներն էլ միշտ զբաղված են իրենց համար ավելի կարևոր գործերով:
Vahagn
Վարազ Սյունի, վերլուծական միտքդ սկսել է արդեն իսկ աշխատել: Վատը չէր հոդվածը՝ որոշակի, սակայն, վերապահումներով հանդերձ բան կա ասելու: Նախ, էդ կացինը ոչ թե էքստրադիցիա պետք է անեն Հայաստան, այլ երևի Հունգարական ամենավերջին ալյանդակ իշխանությունները այն արդեն իսկ սաֆարովի ձեռն են տվել, որ տանի Ադրբեջան իրենց պատմամշակութային թանգարանում ցուցադրեն իրենց ... -ի լամուկ, կամքից զուրկ, թուլամորթ, իրենց պատմականորեն թյուրիմացություն հանդիսացող ողջ ազգի կարճաժամկետ գոյության ընթացքում երբեք որևէ պատերազմ, կռիվ, ընդհարում, վեճ, լեզվակռիվ, տարաձայնություն չհաղթանակած ազգի թերմացք ներկայացուցիչներին ցուցադրելու համար: Ու երևի չի էլ բացառվում, որ Հունգարիայի կառավարությանը խոստացված 3 միլիարդ գումարի 99 տոկոսը նախատեսել էին հենց էդ կացինը ունենալու, այլ ոչ թե սաֆարովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter