Ուսանողները կարող են միաժամանակ մի քանի պետական կրթաթոշակ ստանալ․ նախագիծ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել կրթաթոշակների տրամադրման միասնական կարգ՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունը, սոցիալական վիճակը, ընտրած մասնագիտության կարևորությունը պետության համար, ինչպես նաև գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական գործունեության ընթացքում գրանցած ձեռքբերումները։
Առաջարկվում է սահմանել պետական կրթաթոշակների երեք տեսակ՝ ակադեմիական, սոցիալական և նպատակային, ինչպես նաև ուսանողների ձեռքբերումների համար պետական մրցանակներ։ Յուրաքանչյուր տեսակի համար կլինեն տրամադրման առանձին պայմաններ և չափանիշներ։
- Ակադեմիական կրթաթոշակները կխրախուսեն բարձր առաջադիմությունն ու ակադեմիական բարեվարքությունը։
- Սոցիալական կրթաթոշակները կաջակցեն սոցիալական որոշակի խմբերի ուսանողներին՝ նպաստելով բարձրագույն կրթության հասանելիությանը։
- Նպատակային կրթաթոշակները կուղղվեն պետության համար առաջնահերթ մասնագիտական ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանըայդ թվում՝ ուսումը ավարտելուց հետո որոշ կազմակերպությունում աշխատելու պարտավորության սահմանմամբ։
Իսկ պետական մրցանակները կտրամադրվեն գիտական, ստեղծագործական, սպորտային և հասարակական նշանակալի ձեռքբերումների համար։
Նախատեսվում է նաև հնարավորություն տալ ուսանողներին միաժամանակ ստանալու մեկից ավելի տեսակի կրթաթոշակ և/կամ մրցանակ, եթե նրանք բավարարում են սահմանված պայմաններին։
«Այս մոտեցումը հնարավորություն կտա հաշվի առնել ուսանողի միաժամանակյա կարիքներն ու ձեռքբերումները՝ բացառելով այն մոտեցումը, երբ կրթաթոշակի մեկ տեսակ ստանալը ինքնին սահմանափակում է այլ տեսակի աջակցության հնարավորությունը։
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև պետական աջակցության տրամադրման պայմանների, շահառուների շրջանակի, վճարումների չափերի, համատեղման դեպքերի և ֆինանսավորման աղբյուրների միասնական կարգավորմամբ։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան պետական աջակցությունը տրամադրել սահմանված չափանիշներով, ապահովել գործընթացի թափանցիկությունը և բարձրացնել հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման արդյունավետությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Կրթաթոշակներն ու պետական մրցանակները կֆինանսավորվեն պետական բյուջեից։ Ծախսերի չափը կախված կլինի կրթաթոշակների և մրցանակների չափերից, շահառուների թվից և աջակցության համատեղման հնարավորությունից։ Ըստ հիմնավորման՝ ն ախագծի ընդունումը կարող է պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր առաջացնել, որոնց ծավալը պետք է գնահատվի համապատասխան ֆինանսական հաշվարկներով։
Բուհերը կարող են նաև լրացուցիչ մրցանակներ, անվանակարգեր կամ հավելավճարներ սահմանել՝ դրանք ֆինանսավորելով սեփական միջոցներով, հովանավորների աջակցությամբ, դրամաշնորհներով կամ այլ աղբյուրներից։
Արդյունքում, ակնկալվում է ձևավորել պետական աջակցության համակարգ, որը միաժամանակ կխրախուսի ուսանողների առաջադիմությունը, կաջակցի կրթության հավասար հասանելիությանը, կարձագանքի պետության մասնագիտական պահանջարկին և կարժևորի ուսանողների նշանակալի ձեռքբերումները։
Լուսանկարը՝ pixabay.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել