Բուժման նպատակով Գազայից Հայաստան տեղափոխված 3 երեխայից երկուսն արդեն դուրսգրման փուլում է
Գազայի հատվածում պատերազմից տուժած ու առողջական լուրջ խնդիրներ ունեցող 3 երեխա՝ 3 ուղեկցողի հետ, սեպտեմբերի 30-ից արդեն Հայաստանում են։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հումանիտար այս նախաձեռնության շրջանակում տեղափոխված առաջին բուժառուներն արդեն վիրահատվել են և ստացել անհրաժեշտ բուժումը:
Տեղափոխումն իրականացվել է Առողջապահության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ, երկարատև աշխատանքի արդյունքում։
Գազայում տուժած երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու մասին առաջին անգամ հայտարարվել էր 2026 թվականի հունվարի 29-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման ժամանակ։ Ավելի ուշ՝ ապրիլին, Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ից ստացել է 40 երեխայի և նրանց ուղեկցողների բժշկական փաստաթղթերը՝ առողջական վիճակը գնահատելու և Հայաստանում նրանց բուժելու հնարավորությունները որոշելու համար։
Բուժառուներն ուղղորդվել են «Արաբկիր» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոններ։
«Արաբկիր» ԲԿ-ում բուժում ստացող երեխան 2014 և 2015 թվականներին ենթարկվել է լյարդի և երիկամի փոխպատվաստման։ Նրա մոտ ախտորոշվել են առաջնային հիպերօքսալուրիա (խմբ․ նյութափոխանակային հազվադեպ հիվանդություն, որը վնասում է երիկամներն ու այլ օրգանները), երիկամների քրոնիկական հիվանդություն, լյարդային անբավարարություն, ինչպես նաև երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն (խմբ․ լսողական նյարդի վնասման հետևանքով առաջացած ծանրալսություն)։ Բացի այդ, առկա է եղել ձախակողմյան սուր պերֆորատիվ միջին օտիտ (խմբ․ միջին ականջի սուր բորբոքում՝ թմբկաթաղանթի պատռվածքով) և ձախ ծնկան ենթամաշկային ցելյուլիտ (խմբ․ մաշկի ու ենթամաշկային հյուսվածքների բակտերիալ բորբոքում)։ Համապատասխան հետազոտություններից ու բուժումից հետո բուժառուի վիճակը գնահատվում է կայուն, փոխպատվաստված երիկամի և լյարդի ֆունկցիաները՝ բավարար: Նա այժմ գտնվում է դուրսգրման փուլում։
Մյուս երկու երեխաներն էլ ունեին սրտի բնածին արատ։ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում երկուսն էլ ենթարկվել են սրտի վիրահատության։ Բուժառուներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, և դուրսգրման փուլում է: Մյուս բուժառուն, ելնելով անհրաժեշտությունից, ենթարկվել է երկրորդ վիրահատական միջամտության և այժմ հետվիրահատական վերականգնման փուլում է:
Ավելի վաղ այս նախագիծն իրականացնելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ էր հատկացվել Առողջապահության նախարարությանը։
Ըստ որոշման հիմնավորման՝ Առողջապահության նախարարությունը, ԱԳՆ-ի և ԱՀԿ-ի հետ համատեղ, նախատեսում էր Հայաստան տեղափոխել մինչև տասը երեխայի։ Ընդ որում, երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 բուժառուից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր էր իրականացնել Հայաստանում (խմբ․ արդյունքում սեպտեմբերի 30-ին տեղափոխվել է 3 երեխա)։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հատկացված միջոցներով կատարված ծախսերը ներառում են բժշկական առաքելության ավիատոմսերի ձեռքբերումը, մեկօրյա գիշերակացը, մուտքի արտոնագրերի (վիզաների) ձևակերպումը, ինչպես նաև երեխաների և նրանց ուղեկցողների համար առաջնային անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, տակդիրների և հագուստի տրամադրումը։ Ծախսերի մի մասն էլ ուղղվել է բժշկական կենտրոններում բուժման և վիրահատությունների կազմակերպմանը։ Ողջ ծախսերի փաստացի հաշվարկը նախարարությունը խոստանում է տրամադրել բուժման ամբողջ փուլի ավարտից հետո։
Նախարարությունից հաստատում են, որ Գազայի հատվածից բուժման կարիք ունեցող երեխաների նոր խմբի ընդունման և Հայաստանում բուժման կազմակերպման մտադրություն կա։ Այնուամենայնիվ, գործընթացի իրականացումը կախված է մի շարք բարդ հումանիտար, անվտանգային, լոգիստիկ և ֆինանսական գործոններից։
Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր «Լուրերի» ռեպորտաժից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել