HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Վարդանյան

Առանց դադարի կրակում էինք. լեյտենանտ Վարդան Վարդանյան

44-օրյա պատերազմի մասնակից, մեղրեցի լեյտենանտ Վարդան Վարդանյանն Ագարակի զորամասի դասակի հրամանատարն էր, երբ սկսվեց պատերազմը: Ջրականում ծանր վիրավորում ստանալուց ու ողնուղեղի վնասվածքից հետո նա անցավ բուժման ու վերականգնման դժվարին ուղի։ Ներկայացնում ենք Վարդանի պատմությունը՝ պատերազմի դաշտից մինչև վերադարձ:

Մեղրի քաղաքում եմ ծնվել։ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետն եմ ավարտել, հետո մասնակցելով ՊՆ 5-ամսյա դասերի՝ ստացել եմ լեյտենանտի կոչում և 2019թ.–ին նշանակվել Ագարակի 50869 զորամասի հրետանային դիվիզիոնում՝ որպես ղեկավարման դասակի հրամանատար։ Զորամասի հրամանատարը գնդապետ Արգամ Գևորգյանն էր, իսկ մեր դիվիզիոնի հրամանատարը՝ մայոր Նարեկ Գրիգորյանը։

Ջրականի մարտերը

2020թ.-ի սեպտեմբերի 25-ին իմ մարտկոցը պահակային ծառայության (կարաուլ) էր նշանակված զորամասի ավտոպարկում։ Երեկոյան ժամը 18:00-ին ընդունեցինք պահակային ծառայությունը։ Երեկոյան ժամը 21:00-ին զորամասի հերթապահը զանգեց, ասաց, որ զորամասում տագնապ է, կթողնես մի քանի ստորաբաժանում մեքենաներով տագնապով դուրս գան։ Այդ երեկո մի քանի ստորաբաժանում դուրս եկան զորամասից։ Քիչ անց դիվիզիոնի հրամանատարը զանգեց, ասաց՝ առավոտյան հերթապահությունը հանձնելու ես, ու քո ստորաբաժանումն էլ է դուրս գալու։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան պահակային ծառայությունը հանձնեցի, ու մեր մարտկոցի մեքենաներով տագնապով դուրս եկանք Ագարակի զորամասի կրակային դիրքեր։ Այդ օրվա կեսօրին արդեն հրանոթները բացազատած, մարտական վիճակի բերած՝ սպասում էինք հրամանի, քանի որ արդեն լսել էինք, որ Արցախում խառը ու սպասողական իրավիճակ է՝ մոտալուտ պատերազմի հավանականություն կա։ Այդ ժամանակ մարտկոցի հրամանատարը նոր էր փոխվել, և մարտկոցի հրամանատարի պարտականությունները հիմնականում ես էի կատարում: Այդ օրերին ինձ նշանակեցին մարտկոցի ավագ սպա։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսեցին աշխարհազորայիններ բերել։ 15 հոգի աշխարհազորային ընդունեցի իմ մարտկոց։ Իմ մարտկոցի զինվորներն էլ 22 հոգի էին, մարտկոցում կար 4 Դ-30 հրանոթ և հինգ «Ուրալ» բեռնատար։ Այդ քանի օրը զինվորների ու աշխարհազորայինների հետ պարապմունքներ էինք անցկացնում, սովորեցնում, հիշեցնում նախկինում սովորածը՝ Մեղրիի կրակային դիրքերում։ Հոկտեմբերի 1-ին ծրարով հրաման բերեցին, որ զորքերը N 1 (պատերազմական վիճակի) պատրաստության բերենք, քանի որ հնարավոր էր մեր՝ Մեղրիի, ուղղությամբ էլ ակտիվ մարտական գործողություններ լինեին (գրված էր հրամանում)։ Հոկտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, դիվիզիոնի հրամանատարի հրամանով ամբողջ զինտեխնիկով և անձնակազմով, ավտոշարասյուններով գնացինք Արցախ, այդ օրն ամբողջ Ագարակի գունդը Արցախ գնաց։ Ամբողջ գիշեր ճանապարհ գնացինք և լուսաբացին՝ 05:00-ին, հասանք Իշխանաձոր։ Մեկ օր մնացինք Իշխանաձորում։ Դիվիզիոնի հրամանատարը և հրետանու պետը գնացին առաջնագիծ, մեր ստորաբաժանման խնդիրները ստացան ու հետ եկան։

Օրական 4-5 հարյուր արկ էինք կրակում, որպեսզի աջակցենք հրաձգային զորքերին

Այնուհետև, հոկտեմբերի 4-ի առավոտյան գնացինք Ջրական (Ջաբրայիլ)։ Հասանք Ջրականի դիրքեր ու հրանոթները բացազատեցինք, կրակային դիրքերը տվեցինք ու օրվա կեսօրից սկսեցինք կրակել։ Առանց դադարի կոորդինատներ էինք ստանում ու կրակում։ Երեկոյան արդեն հակառակորդը սկսեց մեր ուղղությամբ կրակել, և որպեսզի չխոցվենք, գիշերը սկսեցինք մեր կրակային դիրքերը փոխել։ Կրակային դիրքում մեզ հետ էր զորամասի շտաբի պետը, հրետանու պետը, իսկ մեր մարտկոցի հրամանատարն ու դիվիզիոնի հրամանատարը դիտակետում էին, մի փոքր հեռու՝ ամեն մեկն իր տեղում։ Մենք համագործակցում էինք մեր զորամասի հրաձգային ստորաբաժանումների հետ՝ ապահովելով նրանց թիկուքը։ Նրանք կոորդինատները տալիս էին, իսկ մենք կրակում էինք նշված թիրախներին։ Հոկտեմբերի 4-ին Ագարակի զորամասն այդ ուղղությամբ առաջխաղացում ունեցավ, ասում են՝ հասել են գրեթե Ջրականի զորամասի մոտ։ Ամեն երեկո մեզ զինամթերք էին ապահովում, քանի որ իմ մարտկոցը շատ էր կրակում՝ օրական միջինում 400-500 արկ՝ զինամթերքի կարիք շատ էր զգացվում։ Արկերի հետ բերում էին նաև ջուր ու սնունդ։ Սննդի մի մասը քաղաքացիական բնակչության հավաքած արկղերն էին, մյուս մասը զինվորական սնունդ էր։ Զինամթերքի մատակարարումները մեր դիրք միշտ եղել է։ Մեր մարտկոցի աշխարհազորայինները մոտակայքում թաքստոց էին սարքել, այնտեղ էին։ Ես նրանց խնդիր էի տալիս, երբ անհրաժեշտ էր արկեր տեղափոխել կամ այլ ֆիզիկական աշխատանք կատարել, միայն մի քանի աշխարհազորային էին օգնում կրակելուն, իսկ զինվորները միայն կրակելով էին զբաղված՝ նրանց արկեր բեռաթափելով կամ այլ աշխատանքով չէի ծանրաբեռնում։ Գիշերները ղեկավարման դասակի անձնակազմը հերթապահում էր, իսկ հրանոթի հաշվարկների զինվորները կարողանում էին հանգստանալ։

Հոկտեմբերի 7-ին մի փոքր «տրակտոր» էր անցնում մոտակայքով, դժվարությամբ վարորդին համոզեցի, բերեցի, վառելիքը տվեցի, հրանոթների մոտ խրամատի նման փոքր փոսեր փորեց, որ հրետակոծության ժամանակ զինվորները կարողանան ինչ-որ չափով պատսպարվել։ Մի անգամ շատ մոտ արկ ընկավ, տաք բեկորները զինվորների ոտքերի մոտ ընկան, բայց զինվորներից ոչ մեկը անգամ չթեքվեց՝ նայելու այդ արկի կողմը, այնքան ոգևորված ու լարված էին կրակում։ Այդ օրերին «ՏՕՍ» տեսակի ծանր հրետանային համակարգը խփեցինք, իսկ հիմնականում հարվածում էինք թշնամու ավտոշարասյուներին ու զորքերի կուտակումներին։

Հետո զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը վիրավորվեց, ով միշտ առաջնագծում էր՝ զինվորի կողքին, նրան առաջնագծում գնդի շտաբի պետը փոխարինեց։ Հոկտեմբերի 8-ի կամ 9-ի գիշերը՝ ժամը 02:00-ին, զորամասի շտաբի պետը կապ տվեց ու ասաց, որ առաջնագծի զորքերին ականանետով ինտենսիվ կրակում, վնասում են մեր զորքերին ու խնդիր դրեց, որ գտնենք ու ոչնչացնենք այդ ականանետը։ Քանի որ ականանետը կարող է սարի հետևից՝ չերևացող տեղից, կրակել ու մենք իրեն չտեսնենք, սկսեցինք փնտրել։ Երկու դիտակետ ունեինք՝ զուգորդված դիտարկում էին կատարում, նրանք ցերեկը տեսել էին, որ սարի հետևը տեխնիկա էին բերել ու դուրս չէին եկել այնտեղից։ Երկու դիտակետերը այդ տեխնիկայի ուղղությունը նշեցին ու մոտավոր մի քառակուսի ընտրեցի, և այդ հատվածի վրա սկսեցինք կրակել՝ առաջ, հետ, աջ ու ձախ փոխելով կոորդինատները։ Այնքան կրակեցինք, մինչև դրանց ձայնը կտրվեց․ էլ մեր զորքերի վրա չէին կրակում՝ կա՛մ վնասազերծեցինք, կա՛մ փախան։ Ամբողջ պատերազմի ընթացքում մեզ ոչ ոք չի արգելել կրակել, եթե մեր բարձրաստիճան սպաները անհրաժեշտություն էին տեսնում, անխնա կրակում էինք։ Միայն հոկտեմբերի 10-ի կեսօրին ասացին հրադադար է, դադարեցրինք կրակը մեկ ժամով, բայց հետո նրանք սկսեցին կրակել, ու 01:00-ից մենք էլ շարունակեցինք կրակել։

«Բայրաքթար»-ի արկը պայթեց կողքս ու ծանր վիրավորվեցի

Հոկտեմբերի 10-ի երեկոյան հրանոթի արկեր պիտի բերեին։ Աշխարհազորայիններին ասել էի, որ պատրաստ լինեն արկերը դատարկելու, իմ վարորդին պատվիրել էի, որ արկերը բարձի մեքենան ու կրակային դիրք բերի, ես էլ մտածեցի, որ ամեն ինչ կարգադրել եմ, կրակային դիրքի մոտ փորած փոսերից մեկում կարամ մի քանի րոպե պառկեմ, հանգստանամ։ Զրահաբաճկոնս ու սաղավարտս հանեցի, պառկեցի փոսում։ Այդ պահին վարորդս եկավ, ասաց, որ արկեր բերող մեքենան եկել է։ Ես էլ մտածեցի, գնամ, կազմակերպեմ, արագ արկերը դատարկենք, շուտ պրծնենք։ Զենքս վերցրի ու մտածեցի՝ մի քանի մետր տեղ է զրահաբաճկոնն ու սաղավարտը չհագնեմ։ Այդ պատերազմում առաջին անգամ առանց զրահաբաճկոնի էի։ Մեկ մեքենա արկը դատարկեցինք իմ մարտկոցի «Ուրալի» մեջ, հետո բերեցինք երկրորդ «Ուրալը», որ դատարկենք։ Ես էլ կողքները կանգնած էի ու օգնում էի արկերը տեղափոխողներին, և այդ պահին «Բայրաքթար» տեսակի անօդաչուն ընկավ արկեր բերող «Պազիկի» վրա։ Բեկորները լցվեցին վրաս՝ ծնկիցս մինչև գլուխս, աջ ձեռքս ջարդվեց, թոքս ծակվեց, ողնաշարիս մի ողը ջարդվեց, բայց հիմնականը ողնուղեղիս վնասվածքն էր՝ ոտքերս միանգամից թուլացան ու ընկա։ Իսկ մեքենաները սկսեցին վառվել ու մեջի արկերը հատ-հատ պայթեցին։ Հետո զինվորներս ինձ հեռացրին, առաջին բուժօգնություն ցուցաբերեցին և այդտեղ էլ թշնամու երկու անօդաչու հարվածեց զորքին։ Այդ օրը 12 զոհ ունեցանք և մի քանի վիրավոր, որից ամենածանրը ես էի։ Այդ գիշեր ՊԲ «ՈՒԱԶ» շտապ օգնության մեքենայով ինձ ու մնացած վիրավորներին տարան Իշխանաձորի զինվորական հոսպիտալ։ Հետո տեղափոխեցին Գորիս, վիրահատեցին ու ուղղաթիռով բերեցին «Էրեբունի» ԲԿ։ Ճանապարհին ցավերից անընդհատ գիտակցությունս կորցնում ու ուշքի էի գալիս, անգամ երկու անգամ մորֆի են սրսկել, որ դիմանամ ցավերին։ Հինգ հատ վիրահատություն են արել, ձեռքս՝ «Իլիզարովի» ապարատով հավաքել, հետո ապարատը հանել, ներսից երկաթներով են հավաքել։

Այնքան ջանասիրաբար էի մարզվում, որ չվերականգնվելու տարբերակ չկար

2020թ.-ի նոյեմբերի 30-ին ես եկա Զինվորի տուն։ Անկողնային էի։ Վիրավորումից ողնուղեղս էր վնասվել, ոտքերս թուլացել էին, ոչինչ չէի զգում, աջ ձեռքս չէր աշխատում, մեկ ձեռքով էի։ Փորձում էի սայլակ քշել մի ձեռքով, բայց դժվարանում էի։ Քիչ-քիչ սկսեցի ջարդված ձեռքս օգտագործել, որ գոնե կարողանամ իմ սայլակը քշել։ Ամեն փոքր բանից ուրախանում էինք այդ օրերին՝ սկզբում ոնց եմ միայնակ սայլակ քշում, հետո սայլակը արագ քշում, ջարդված ձեռքով հաց ուտում։ 5 ամիս բուժում ստացա Զինվորի տանը ու քիչ-քիչ կազդուրվեցի, պնդացա։ Այնքան ջանասիրաբար էի մարզվում, որ չամրանալու տարբերակ չկար, եթե անհնար չլիներ քայլելով տուն կգնայի, բայց այսպիսի վնասվածքով դեռ ոչ ոք չի քայլել։ Երկու ձեռքով սայլակը քշելով տուն գնացի։

Վարդան Վարդանյանը ամուսնացած է, ամիսներ առաջ ծնվել է նրա առաջնեկը՝ որդին։ Նա ամեն օր սայլակով է գնում աշխատանքի։ «Դիջիթեյն» ընկերությունում  տվյալների հավաքագրման մասնագետ է։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter