HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2027 թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Ըստ նախարարի՝ նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, 2000 դրամը՝ աշխատողը։

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մենք բոլորս վճարում էինք դրոշմանիշային վճար, որը 1000 դրամից ավելի էր, 2026 թ. հունվարի 1-ից մինչև 1 մլն դրամ ստացող բոլոր աշխատողների համար այդ վճարը փոխվեց, դարձավ 1000 դրամ, և այստեղ մենք ունեինք խնայողություն, որը պլանավորել էինք քաղաքացիների այս խմբի համար։ Այն քաղաքացիների համար, որոնց աշխատավարձը 2027 թ. հունվարի 1-ից կանցնի 200 հազար դրամը և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունը կսուբսիդավորի 6000 դրամը, ինչպես որ 2026 թ. ենք իրականացրել, իսկ մնացած 4400 դրամը կվճարի արդեն քաղաքացին»,- ասել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով 2027 թ. հունվարի 1-ից աշխատող անձանց հնարավորություն կընձեռվի կամավոր հիմունքներով ապահովագրելու իրենց փոխկապակցված անձանց. «Սա նշանակում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգում՝ իրենք վճարելով նրա համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի»։

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ օրինագծերով կարգավորվում են նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդներին ապահովագրական համակարգում ներառելու մեխանիզմները. «Համակարգում կընդգրկվեն այն տաքսի վարորդները, որոնք էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման երկու տարվա պատմություն, և որոնց ընդհանուր շրջանառությունը 2026 թ. ընթացքում ամսական կտրվածքով ավելի է եղել նվազագույն աշխատավարձից։ Սա ուղղված է նրան, որ նախ ապահովենք կայունություն, երկրորդ՝ մեր տաքսի ծառայությունների վարորդները ևս հնարավորություն ունենան համակարգից օգտվելու»։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում կա մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող 350 հազար անձ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը մարդկանց բարեկեցությունը բարելավելու առումով և ներկայացրել վիճակագրական տվյալներ։ Առողջության ապահովագրության համակարգի առաջին 9 ամսվա տվյալների համաձայն՝ 65+ տարիքի 26,914 թոշակառու օգտվել է 1 մլն դրամ և ավելի ծառայություններից, 500,000 դրամ+ ծառայությունից օգտվել է 62,116 կենսաթոշակառու: «Ընդհանուր առմամբ բոլոր խմբերից 97,582 մարդ օգտվել է 500,000+ արժեքով ծառայություններից: Սա ակնհայտ է դարձնում, թե ինչքան կարևոր է մարդկանց կյանքի համար այս բարեփոխումը, որ տեղի է ունեցել։ 4 մլն դրամ և ավելի ծառայությունից օգտվել է 65+ տարիքի 2021 անձ»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով համակարգի ներդրման կարևորությունը, նշել է, որ պետբյուջեից միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026 թ. առաջին 9 ամիսների տվյալների համար հատկացվել է ավելի քան 117 մլրդ դրամ՝ 320 մլն դոլար։ Այդ համատեքստում՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանած հարկերը վճարող քաղաքացիներին։

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական գործունեությունը հարկման համակարգում ներառելու հարցին. «Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում հարկային որոշակի համակարգեր ներդնենք, ընդ որում՝ ոչ այնքան ֆիսկալ, որքան սոցիալական նպատակներով»։

Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները լիարժեք ներգրավված չեն բյուջետային համակարգում և դրա հետևանքով չունեն միջին կենսաթոշակային ապահովություն, զրկված են բժշկական ապահովագրությունից և չեն օգտվում եկամտային հարկի վերադարձի որևէ ծրագրից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը։ «Ժամանակն է, որ գյուղատնտեսական գործունեությունը լիարժեք կերպով մտնի հարկային համակարգում կարգի մեջ՝ երեք հիմնական նպատակով. առաջինը նման գործունեության մեջ ներգրավված մարդկանց կենսաթոշակային ապահովությունը, երկրորդը՝ առողջության ապահովագրությունն ապահովելու, երրորդը՝ մարդկանց եկամտային հարկի վերադարձի համակարգերից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter