«Սրբազան պայքարի» գործով ուսումնասիրվեց Էլիզաբեթ Պետրոսյանի տնից հայտնաբերված զենքերի զննության արձանագրությունը
«Սրբազան պայքարի» գործով այսօր՝ հոկտեմբերի 29-ին, դատարանում ուսումնասիրվեց Էլիզաբեթ Պետրոսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերված առարկաների զննության արձանագրությունը։ Առարկաները փաթեթավորված և կնքված են եղել։
Ըստ այս արձանագրության՝ հայտնաբերվել են որսորդական զենքեր, փամփուշտներ, որոնց համար եղել է Վահե Հակոբյանի անունով թույլտվություն։
Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի և կնոջ՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի մասին է։ Նշենք, որ նրանցից որևէ մեկն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։
Այս գործով կա 18 մեղադրյալ։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Արձանագրության համաձայն՝ փաթեթներից մեկից հանվել է երկու ատրճանակ։ Դրանցից մեկի հետ եղել է պատյան և երեք պահեստատուփ։ Ատրճանակի փամփշտանոցում փամփուշտներ չեն եղել, ձևափոխությունների հետքեր չեն հայտնաբերվել։ Զենքի վերաբերյալ առկա է եղել Վահե Հակոբյանի անունով թույլտվություն։
Երկրորդ ատրճանակի վրա նույնպես ձևափոխությունների հետքեր չեն հայտնաբերվել, փամփուշտներ չեն եղել։ Դրա հետ եղել են երկու մետաղյա պահեստատուփեր, որոնք համապատասխանել են տվյալ զենքերին։ Այս զենքի վերաբերյալ նույնպես առկա է եղել թույլտվություն։
Մեկ այլ փաթեթից հանվել է գրպանիկներով սև պատյան, որում եղել են զենքերի մաքրման պարագաներ, զենքերի տեղեկատու գրքույկ և 10 որսորդական փամփուշտ։
Պատյանի գրպաններից մեկում եղել է պահեստատուփ՝ 20 լիցքավորված որսորդական փամփուշտով։ Մեկ այլ պահեստատուփում եղել է 30 փամփուշտ, դրանք, ըստ փորձագետի, նախատեսված չեն եղել որսորդական, այլ՝ մարտական զենքերի համար։
Փորձագետը եզրակացրել է, որ այդ փամփուշտներն իրենց պարամետրերով համապատասխանում են որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված փամփուշտներին, սակայն նախատեսված են մարտական զենքերից, օրինակ՝ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակելու համար։ Փամփուշտների պարկուճների միացման հատվածում եղել է կարմիր ներկանյութ։ Դրանք տեղադրված են եղել Կալաշնիկովի կոնստրուկցիայի հիման վրա որսորդական զենքերի համար նախատեսված պահեստատուփում։
Նույն գրպանում եղել է նաև դանակ՝ բռնակի հատվածում կենդանու պատկերով։ Հայտնաբերվել է նաև երկու տուփ՝ ընդհանուր 40 որսորդական փամփուշտով։
Պատյանի շղթայով փակված գրպանից հանվել է սև որսորդական կարաբին, որի վրա ամրացված են լապտեր, դիտարկման սարքեր և հենակ։
Պատյանի շղթայով փակված գրպանից հանվել է սև որսորդական կարաբին (հրազեն), որի վրա ամրացված են եղել լապտեր, դիտարկման սարքեր և հենակ։
Փորձագետը հայտնել է, որ մարտական փամփուշտները հնարավոր է կրակել նշված զենքից, սակայն դրանք այդ նպատակով նախատեսված չեն։ Կարաբինի վերաբերյալ առկա է եղել Վահե Հակոբյանի անունով թույլտվություն։
Թիվ 7 փաթեթից հանվել է պրոֆեսիոնալ կարաբին, որի վերաբերյալ նույնպես առկա է եղել Վահե Հակոբյանի անունով թույլտվություն։ Մեկ այլ կտորե պատյանից հանվել է ևս մեկ կարաբին՝ համապատասխան թույլտվությամբ։
Հայտնաբերվել է նաև մեկ այլ ակոսափող կարաբին՝ երկու դատարկ պահեստատուփով։ Դրա վերաբերյալ նույնպես առկա է եղել թույլտվություն։
Այնուհետև կողմերը դատարանում դիտեցին այդ զննության տեսաձայնագրությունը։
Պաշտպանական կողմը դատարանում վիճարկեց հայտնաբերված զենքերի և ռազմամթերքի՝ քրեական գործին վերաբերելիությունը։
Պաշտպան Մկրտիչ Դավթյանը դատախազներից հետաքրքրվեց, թե հայտնաբերված առարկաներն ինչ ներգործության օբյեկտ են կամ ինչ հետքեր են պարունակում՝ ընդգծելով, որ հանրային մեղադրողները պետք է անդրադառնան այդ հանգամանքներին։
«Հասկանում եմ՝ հանրային մեղադրողն իր շահերից ելնելով է սա բերել, բայց պիտի հիմնավորի օրենսդրի իրավական կոնկրետ նորմով։ Ի՞նչ փաստական հանգամանք է հաստատում վարույթն իրականացնող մարմինը այս իրեղեն ապացույցով»,- ասաց նա։
Պաշտպանական կողմի մեկ այլ ներկայացուցիչ էլ տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ այն խուզարկությունը, որի արդյունքում ձեռք են բերվել այս ապացույցները, ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հետևաբար, ըստ պաշտպանի, դրանք Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն անթույլատրելի ապացույցներ են, և դրանց ուսումնասիրությունը ժամանակի անիմաստ կորուստ է։
Դատարանում փորձեցին ուսումնասիրել նաև սկավառակներից մեկի պարունակությունը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դա չհաջողվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց, որ այն կհետազոտվի հաջորդ դատական նիստին։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը նշեց, որ մեղադրական կողմը նախկինում բազմիցս հայտնել է իր դիրքորոշումները, այս պահին լրացումներ չունեն։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։30-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել