Իսրայելում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը. ոչ մի ուժ չի կարողանում ձևավորել կառավարություն
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը։ Վերջնական արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքն ստացել է 53, ընդդիմադիր Գադի Այզենկոտի դաշինքը՝ 48, իսկ արաբական կուսակցությունները՝ ռեկորդային 19 մանդատ։
Մանդատների բաշխումը չի փոխվել նախորդ հրապարակված տվյալների համեմատ։ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 27 մանդատ։ Նրա դաշինքի կազմում ընդգրկված «Օցմա Յեհուդիտ» և «Յեհուդատ ա-Տորա» կուսակցությունները ստացել են 7-ական, «Կրոնական սիոնիզմ» և «Զեհուտ» կուսակցությունների միավորումը՝ 6, իսկ ՇԱՍ կուսակցությունը՝ ևս 6 մանդատ։
Ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունն էլ ստացել է 21 մանդատ։ Նույն դաշինքի կազմում ընդգրկված «Բեյախադ» կուսակցությունը ստացել է 12, «Դեմոկրատները»՝ 8, իսկ «Իսրայել Բեյթենու» կուսակցությունը՝ 7 մանդատ։
Արաբական կուսակցություններից էլ «Միացյալ ցուցակ» դաշինքը ստացել է 11, իսկ ՌԱԱՄ կուսակցությունը՝ 8 մանդատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է արաբական կուսակցությունների համար։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,9 %։ Քվեարկությանը մասնակցել է 5 716 665 ընտրող։ Սա վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է։
Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 120 մանդատներից առնվազն 61-ը։ Ընտրությունների արդյունքում դաշինքներից և որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ մեծամասնությունը։
Այժմ քաղաքական ուժերը պետք է բանակցություններ սկսեն կառավարող կոալիցիա ձևավորելու նպատակով։ Այդ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։ Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, Իսրայելում կարող են նշանակվել խորհրդարանական նոր ընտրություններ։
Ըստ The Times of Israel-ի՝ ընտրությունների արդյունքները նոյեմբերի 4-ին կներկայացվեն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 10-ին։
Լուսանկարը՝ AP Photo/David Goldman
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել