HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Որտե՞ղ են պահվելու քաղաքացիներից օրենքով պարտադրաբար վերցված գումարները, ԱԺ- ում քննարկում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Կառավարության անունից օրենքների փաթեթը ներկայացնում է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, թե օրենքների փոփոխությունը կատարվում է Չիլիի փորձի ուսումնասիրության հիման վրա: Հատկապես ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին փոխնախարարին` ասելով, թե Հայաստանը Չիլի չէ եւ բոլոր ցուցանիշներով երկրները տարբերվում են:

Նշենք, որ հունվարի 1-ից նախատեսվում է, որ աշխատող քաղաքացիները պարտադիր պետք է կուտակային վճարներ կատարեն՝ կախված աշխատավարձի չափից: Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը հետեւյալն են.

1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500.000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին)  վճարվում է պետական բյուջեից.

2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500.000 դրամը, պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից.

3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6.000.000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի համար (օգտին), որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6.000.000 դրամը, պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարվում է մասնակցի կողմից:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե որտեղ են պահվելու մի քանի միլիոն դրամի հասնող գումարները: «Որտեղ եք դնելու այս փողերը եւ ինչ եք անելու դրանց հետ: Ո՞ւր եք տանելու Հայաստանի փողերը»,-հետաքրքրվեց պատգամավորը: Վարդան Արամյանը պատասխանեց, թե այդ գումարները տնօրինելու են ակտիվների կառավարիչները, որոնք պետք է ապահովեն առավելագույն եկամտաբերություն եւ ռիսկերից ապահովագրում: Փոխնախարարն այդպես էլ չասաց, թե որտեղ են պահվելու քաղաքացիներից օրենքով պարտադրաբար վերցված գումարները, ինչը Հրանտ Բագրատյանի համար անընդունելի էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter