Վարչապետ ելույթը «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին մեկնարկել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է բյուջեի եկամտային մասի ծավալներին․ այն պլանավորվում է 3 տրիլիոն 604 մլրդ դրամ, որը կազմում է 10 մլրդ դոլար։ 2017 թվականի համեմատ 2027 թվականին բյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191 տոկոս, այսինքն՝ 2017 թվականի համեմատ եկամտային մասը եռապատկվում է։ 2021 թվականի համեմատ աճը կկազմի 114 տոկոս, այսինքն՝ շուրջ 2,1 անգամ։
Կապիտալ ծախսերի աճը 2017 թվականի համեմատ պլանավորվում է 223 տոկոսով կամ 3,2 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ 253 տոկոսով կամ 3,5 անգամ։
Կրթության ոլորտում 2017 թվականի համեմատ պլանավորված է 181 տոկոս կամ գրեթե եռապատիկ աճ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 135 տոկոս կամ 2,3 անգամ։
Գիտության ֆինանսավորման աճը 2017 թվականի համեմատ կկազմի 166 տոկոս կամ շուրջ 2,7 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 147 տոկոս կամ շուրջ 2,5 անգամ։
Համայնքներին տրվող դոտացիաների և սուբվենցիաների համատեղ թիվը 2017 թվականի համեմատ աճում է 157 տոկոսով կամ 2,5 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ՝ շուրջ 70 տոկոսով կամ 1,7 անգամ։
Վարչապետը բարձրացրել է կարևոր հարց՝ շա՞տ է բյուջեն, թե՞ քիչ ու փաստել՝ բյուջեն երբեք շատ չի լինում, ինչքան մեծ է բյուջեն, այնքան մեծանում են կարիքները, ծախսերը և ակնկալիքները։ «Այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, սկզբունքային և առանցքային եմ համարում, որ մենք արձանագրենք՝ ՀՀ պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ՀՀ բնակիչների (ռեզիդենտների) գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են։ ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի համախառն աշխատանքի արդյունքն է, և պետության դերն այն է, որ մարդիկ առաջինն ազատ աշխատելու հնարավորություն ունենան նորմալ մրցակցային պայմաններում, և Կառավարությունը կարողանա ապահովել բյուջետային հավաքագրումների պատշաճ ու բյուջեի ծախսումների արդյունավետ մակարդակ։ ՀՀ պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի հիմնական, եթե չասեմ մեծագույն մասն է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ արձանագրել է՝ ՀՀ-ում որևէ քաղաքացի իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում և չի էլ կարող ծախսել ավելին, քան դա արվում է պետական և համայնքային բյուջեներով։ Որպես այս բանաձևի ակնառու օրինակ՝ Կառավարության ղեկավարը նշել է, որ 2027 թվականին 2017 թվականի համեմատ ՀՀ քաղաքացիներին և ռեզիդենտներին վերադարձվելիք եկամտային հարկը պլանավորված է 4895 տոկոսով կամ 61,5 անգամ ավելի։
Վարչապետն անդրադարձել է Կառավարության գործունեության և իրենց քաղաքական թիմի գաղափարաբանության հիմքում ընկած բարեկեցության մոդելին ու մանրամասնել լավ ապրելու իրենց մոդելը։ «Մեր պատկերացրած մոդելն աշխատանքն է և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեր ուղերձը սա է։ Արձանագրում ենք նաև, որ աշխատանքն արդյունավետ դարձնելու միջոցը կրթությունն է։ Մեր պատկերացրած ամբողջական մոդելը հետևյալն է՝ կրթություն, աշխատանք, իմացությունների և հմտությունների շարունակական զարգացում ու բարեկեցություն»,- փաստել է Կառավարության ղեկավարը։
ՀՀ-ում առողջապահության ֆինանսավորումը 2027 թվականին 2017 թվականի համեմատ պլանավորված է 319 տոկոսով կամ շուրջ 4,2 անգամ ավելի։ 2021 թվականի համեմատ աճը կազմում է 117 տոկոս կամ 2,2 անգամ ավելի։ 65-ից ավելի տարիքի կենսաթոշակառուների համար այս տարվա 10 ամիսների արդյունքով պետական բյուջեից ծախսվել է 320 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ 500,000 դրամ և ավելի արժեք ունեցող ծառայություն է ստացել 65-ից ավելի տարիքի 63,000 թոշակառու։ Մինչև 18 տարեկան 11,570 երեխա ևս ստացել է 500,000 դրամ և ավելի արժեք ունեցող ծառայություններ առողջության ապահովագրության մասով։ «Այս թվերի ներքո կոնկրետ մարդիկ են, ընտանիքներ»,- ընդգծել է վարչապետն ու նշել, որ առողջության ապահովագրության ծառայությունները ծածկում են ընդհանուր առողջապահական ծառայությունների շուրջ 30 տոկոսը։ Վարչապետը ներկայացրել է առողջության ապահովագրության համակարգում նախատեսվող կարևոր բարեփոխումները։
ՀՀ վարչապետը խոսել է բյուջետային կամ կառավարման համակարգում իրականացվող նորամուծությունների մասին, դրանց թվում են համընդհանուր հայտարարագրման համակարգով կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին քաղաքացիների կողմից ֆինանասավորման համակարգի ներդնումը, խաղային գործունեությունը թափանցիկ դարձնող օպերատորի գործունեությունը, կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդնումը և այլն։
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման կարևորությանը և մանրամասն խոսել այդ գործընթացին առնչվող որոշ հարցադրումների, նոր Սահմանադրության նախագծի, մեր երկրի համար ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջադարձային նշանակության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել