HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առցանց առևտրի հարթակների համար նոր պարտականություններ կսահմանվեն

Առցանց առևտրի կարգավորումները նախատեսվում է փոփոխել՝ ընդունելով «Էլեկտրոնային առևտրի մասին» նոր օրենք և փոփոխություններ կատարելով Քաղաքացիական օրենսգրքում, «Առևտրի և ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորվում է առցանց հարթակների գործունեության, վաճառողների պատասխանատվության և գնորդների իրավունքների պաշտպանության հարցերում ավելի հստակ կանոններ սահմանելու անհրաժեշտությամբ։ Կառավարության առաջարկած կարգավորումները կվերաբերեն նաև անօրինական բովանդակության տարածմանը, գովազդի թափանցիկությանը և հարթակների նկատմամբ պետական վերահսկողությանը։ Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման։

Նախագծերի համաձայն՝ առցանց հարթակները պետք է ավելի հստակ տեղեկություններ տրամադրեն իրենց գործունեության, վաճառողների և առաջարկվող ապրանքների ու ծառայությունների մասին։ Սահմանվելու են նաև անօրինական բովանդակության վերաբերյալ ծանուցումների քննության, բողոքների ընդունման և հարթակների կողմից կիրառվող սահմանափակումների հիմնավորման պահանջներ։

Օրենսդրական փոփոխությունները մշակել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Դրանք նախատեսված են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակում։ Կառավարության ճանապարհային քարտեզով «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի ընդունման ժամկետ է սահմանվել 2026թ.-ի չորրորդ եռամսյակը։

Հարթակները պետք է ստուգեն վաճառողների տվյալները

Նոր օրենքով տարբերակվելու են էլեկտրոնային առևտրի հարթակը, առցանց միջնորդական ծառայությունը և դրանք շահագործող անձը։ Այս տարբերակումը, ըստ հեղինակների, կարևոր է հասկանալու համար, թե կոնկրետ գործարքի դեպքում ով է վաճառողը, ով՝ միջնորդը, և ով ինչի համար է պատասխանատու։

Հարթակները պարտավոր են ապահովել վաճառողների հետագծելիությունը, այսինքն՝ հավաքել և ստուգել նրանց գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունները։ Միաժամանակ հաշվի է առնվելու վաճառողի կարգավիճակը։ Օրինակ՝ անձնական գույքը վաճառող անհատից չի պահանջվի հարկային հաշվառման համար, եթե նա օրենքով պարտավոր չէ ունենալ այն։

Վճարումների համար անհրաժեշտ բանկային տվյալները կարող են հավաքվել, սակայն դրանք հրապարակման ենթակա չեն։ Հարթակները պետք է նաև առանձին ներկայացնեն իրենց շահագործողի նույնականացնող տվյալները և պետական մարմինների հետ կապի միջոցները։

Պարտականությունների մի մասը փոքր  հարթակների համար ավելի պարզեցված է լինելու։ Սակայն դրանք նույնպես պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ, ընդունեն բողոքներ և քննեն անօրինական բովանդակության վերաբերյալ ծանուցումները։

Անօրինական բովանդակության մասին ծանուցումներին պետք է արձագանքեն 24 ժամում

Նախագծով սահմանվում է, որ անօրինական բովանդակության վերաբերյալ բավարար տեղեկություններ պարունակող ծանուցումներին հարթակները պետք է արձագանքեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

Եթե բովանդակությունը կամ դրա հետ կապված գործունեությունն անմիջական վտանգ է ներկայացնում, հարթակը պետք է ձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ և տեղեկացնի իրավասու պետական մարմնին։

Նախագիծը չի ենթադրում, որ հարթակները պարտավոր են մշտապես ստուգել իրենց հրապարակված բոլոր առաջարկները կամ իրականացնել դրանց իրավական փորձաքննություն։ Նրանց ստուգումները սահմանափակվելու են, մասնավորապես, հասանելի պաշտոնական շտեմարանների հետ ողջամիտ համադրմամբ։ Դա չի փոխարինելու պետական վերահսկողությանը կամ ապրանքների համապատասխանության գնահատմանը։

Եթե հարթակում հայտնաբերվի անօրինական առաջարկ, որից արդեն գնորդներ են տուժել, հարթակը պարտավոր կլինի նրանց տեղեկացնել այդ մասին։

Հարթակի սահմանափակումները պետք է հիմնավորված լինեն

Նախագծով հարթակները չեն կարողանա կամայականորեն սահմանափակել օգտատերերի գործունեությունը։ Նրանց կիրառած միջոցները պետք է լինեն հիմնավորված և համաչափ խախտմանը։

Ընդհանուր կասեցումը պետք է կիրառվի միայն անհրաժեշտ ժամանակով։ Կրկնվող խախտումների որոշ դեպքերում նախատեսվում է կասեցման առավելագույն՝ վեցամսյա ժամկետ։

Հարթակի պայմանների էական փոփոխությունների դեպքում օգտատերերը պետք է տեղեկացվեն առնվազն 15 օր առաջ։ Ավելի երկար ժամկետ կարող է նախատեսվել, եթե փոփոխություններին հարմարվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։ Բացառություն են հրատապ իրավական կամ անվտանգության դեպքերը։

Նախագիծը նախատեսում է նաև ներքին բողոքարկման համակարգ։ Օգտատերերը կկարողանան բողոքարկել հարթակի կիրառած սահմանափակումները, իսկ հարթակը պարտավոր կլինի քննել նաև պայմանագրային բնույթի բողոքները՝ իր գործառույթների շրջանակում։

Բողոքի վերջնական գնահատականը պետք է տա մարդը, ոչ թե միայն ավտոմատացված համակարգը։ Միաժամանակ այս ընթացակարգը չի սահմանափակի դատարան կամ այլ իրավասու մարմին դիմելու իրավունքը։

Պայմանագրի կնքման և ապրանքի գնի մասին տեղեկությունները պետք է հստակ լինեն

Նախագծով հստակեցվում են նաև առցանց պայմանագրերի կնքման կանոնները։ Մասնավորապես, ապրանքի հրապարակումը ինքնաբերաբար չի համարվելու հրապարակային առաջարկ, իսկ պատվերի ստացման մասին տեխնիկական հաստատումը չի նշանակելու, որ պայմանագիրն արդեն կնքվել է։

Գնորդին նախապես պետք է տեղեկացվի, թե որ պահին է պայմանագիրը կնքվում և որ գործողությունից հետո է առաջանում վճարման պարտավորությունը։

Հարթակը պետք է ապահովի նաև պայմանագրի կնքման պահին գործող պայմանների պահպանումը։ Փոփոխվող կայքէջի հղումը չի կարող փոխարինել այդ պայմանների պահպանվող պատճենին, քանի որ հետագայում դրանք կարող են փոփոխվել։

Սպառողների դեպքում շարունակելու են գործել հեռակա պայմանագրերի, ապրանքից հրաժարվելու և վերադարձի գործող կանոնները։ Նախագիծը չի սահմանում նոր՝ համընդհանուր 14-օրյա հրաժարման իրավունք։ Այդ իրավունքը կիրառվելու է սպառողական հարաբերություններում՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում։ Մյուս գնորդների իրավունքները որոշվելու են քաղաքացիական օրենսդրությամբ և կնքված պայմանագրով։

Առցանց հարթակները պետք է ապահովեն գովազդի թափանցիկությունը։ Օգտատերերին պետք է հասանելի լինի տեղեկություն այն մասին, որ տվյալ նյութը գովազդ է, ինչպես նաև գովազդի վճարողի անունը կամ անվանումը։

Նախատեսվում է նաև տեխնիկական հնարավորություն, որի միջոցով օգտատերերը կարող են նյութը նշել որպես գովազդային։

Առանձին կարգավորում է նախատեսվում չպահանջված առևտրային հաղորդակցության համար։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ նման հաղորդագրություններ ուղարկելու համար անհրաժեշտ կլինի ստանալ հասցեատիրոջ նախնական համաձայնությունը։

Բացառություն է նախատեսվում նույն վաճառողի կողմից իր հաճախորդին նմանատիպ ապրանքների կամ ծառայությունների առաջարկների համար, եթե տվյալները ստացվել են հենց այդ վաճառողի հետ գործարքի ընթացքում։ Այս դեպքում հաճախորդը պետք է հնարավորություն ունենա հրաժարվելու հաղորդագրություններից ինչպես տվյալները տրամադրելիս, այնպես էլ յուրաքանչյուր հաղորդագրություն ստանալիս։

Հարթակները պետք է բացահայտեն նաև առաջարկների ցուցադրման համակարգերի հիմնական չափանիշները։ Գնորդին պետք է հասկանալի լինի, թե ինչ սկզբունքներով են ընտրվում և ներկայացվում իրեն ցուցադրվող առաջարկները։ Սակայն հարթակները պարտավոր չեն հրապարակել ալգորիթմների ծրագրային կոդը կամ բոլոր հաշվարկային կշիռները։

Վերահսկողություն կիրականացնի Ինքնավար մարմինը

Նախագծով առցանց հարթակների հատուկ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն է վերապահվում Ինքնավար մարմնին։ Խոսքը հարթակների կազմակերպական, տեխնիկական և տեղեկատվական պարտականությունների մասին է։

Պայմանագրային վեճերը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, մրցակցային հարցերը, արտադրանքի անվտանգությունը և անձնական տվյալների օրինական մշակումը շարունակելու են մնալ համապատասխան ոլորտների իրավասու մարմինների վերահսկողության ներքո։

Ինքնավար մարմինը կարող է որոշում ընդունել խախտումը վերացնելու վերաբերյալ։ Նախագծով նախատեսված հատուկ հիմքերի առկայության դեպքում կարող է նաև որոշում կայացնել ծառայության կասեցման կամ արգելման մասին։ Նման որոշումները պետք է լինեն պատճառաբանված և համապատասխանեն համաչափության պահանջին։ Դրանք կարող են բողոքարկվել դատարանում։

Նախագծով նոր հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարներ չեն սահմանվում։ Միաժամանակ նշվում է, որ վերահսկողության նոր գործառույթների համար անհրաժեշտ մարդկային, տեխնիկական և ֆինանսական միջոցները պետք է գնահատվեն բյուջետային պլանավորման ընթացքում։ Հարթակներն էլ լրացուցիչ ծախսեր կունենան՝ վաճառողների տվյալների ստուգման, ծանուցումների և բողոքների քննության համակարգեր ներդնելու համար։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգավորումները պետք է բարձրացնեն առցանց առևտրի նկատմամբ վստահությունը, հստակեցնեն վաճառողների և միջնորդ հարթակների պատասխանատվությունը և գնորդների համար ավելի հասանելի դարձնեն իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները։

Գլխավոր լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter