HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Հայ ատամնաբույժը 8 տարի ապօրինի գործունեություն է ծավալել Բրատիսլավայում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Ստարե Մեստո վարչական շրջանի փողոցներից մեկում գտնվող առանձնատանը տարիներ շարունակ գործել է ատամնաբուժական կլինիկա, որի գործունեությունը դուրս է եղել տեղական առողջապահական վերահսկողության տիրույթից։ Բժշկական ծառայություններ մատուցած անձանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովիկ Նազարեթյանն է։

Սլովակիայի պատկան մարմինների պարզաբանումները հաստատում են, որ Նազարեթյանն այդ երկրում աշխատել է առանց ատամնաբուժական արտոնագրի ու դիպլոմի ճանաչման, իսկ նրա մասնագիտական որակավորմանը հաստատող որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։

Նկուղային ընդունելություն, «Ֆեյսբուք»-ի գովազդներ և 10 000 եվրոյի կանխիկ վճարումներ

Բրատիսլավայի Պրի Սուխոմ մլինե (Pri Suchom mlyne) հասցեում գործող ատամնաբուժարանի ապօրինի գործունեությանն առաջին անգամ 2023 թվականի դեկտեմբերին, ապա  2024 թվականի հունիսին անդրադարձել էր սլովակյան STVR պետական հեռուստառադիոկայանի «Reportéri» հետաքննական հաղորդաշարը։ Լրագրողական ստուգումներով արձանագրվել էր, որ առանձնատանը պացիենտներ են ընդունել Հայաստանի քաղաքացի Հովիկ Նազարեթյանը և Ուկրաինայի քաղաքացի Օլգա Ժովնիրը։

«Հետք»-ին նույնպես դիմել է Նազարեթյանի՝ Սլովակիայում բնակվող բուժառուներից մեկը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրել է չհրապարակել իր անունը։

Ըստ պացիենտի տրամադրած տեղեկությունների՝ Հովիկ Նազարեթյանը Սլովակիայում բնակվել և ստոմատոլոգիական ծառայություններ է մատուցել շուրջ 8 տարի։

Ըստ նրա՝ բուժառուների ընդունելությունը տարիների ընթացքում իրականացվել է տարբեր վայրերում՝ ոչ բնակելի տարածք դարձած բնակարաններում, որոնք չեն ունեցել որևէ ցուցանակ կամ ցուցատախտակ, իսկ վերջին շրջանում՝ նկուղային տարածքում։ Այցելուներին ներգրավելու համար օգտագործվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գովազդային էջերը, ինչպես նաև հայտարարություններ են տեղադրվել Ուկրաինայից տեղահանված անձանց աջակցման կենտրոններում։

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ ծառայությունների համար վճարել են զգալի գումարներ (5 000-ից մինչև 10 000 եվրո), իսկ բուժառուներին ատամնալիցքերի համար խոստացվել է ընդհուպ  20 տարվա երաշխիք: Սակայն մի շարք բուժառուներ, ըստ վկայության, բախվել են առողջական բարդությունների՝ վարակների, լիցքերի թափման և ատամնապսակների քայքայման։

Մեզ դիմած բուժառուն նշում է նաև, որ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները գրեթե միշտ կատարվել են կանխիկ եղանակով՝ առանց ՀԴՄ կտրոնների կամ անդորրագրերի տրամադրման (բանկային փոխանցումներ կատարվել են եզակի դեպքերում)։

2023-2024թթ․ ահազանգերն ու հետաքննությունից հետո փակված դռները

Սա ապօրինի բժշկական գործունեության մասին առաջին ահազանգը չէր։ Ըստ սլովակական մամուլի հրապարակումների և բուժառուի տվյալների՝ դեռևս 2023թ․ դեկտեմբերին սլովակ լրագրողները գաղտնի նկարահանմամբ հետաքննություն էին իրականացրել տվյալ հասցեում։

Screenshot 2026-11-02 135616.png (369 KB)

Էկրանապատկերը՝ STVR-ի «Reportéri» ռեպորտաժից

Չնայած ահազանգերին՝ վերահսկողության բացերի պատճառով պատկան մարմիններին չէր հաջողվել կասեցնել կլինիկայի գործունեությունը, և ապօրինի ընդունելությունը վերսկսվել էր։

Գործունեությունը դադարեցվեց միայն 2024 թվականի հունիսին՝ STVR-ի Reportéri հաղորդաշարի ռեպորտաժից հետո, որտեղ տեսախցիկը տեղում արձանագրել էր Հովիկ Նազարեթյանի և Օլգա Ժովնիրի ներկայությունը։ Ռեպորտաժից հետո տարածքը փակվեց, սակայն, բուժառուների փոխանցմամբ, իրավապահների քննությունը դանդաղում է՝ վճարման պաշտոնական կտրոնների բացակայության պատճառով։

Ինչ են հայտնում Սլովակիայի Ատամնաբույժների պալատն ու Կրթության նախարարությունը

Սլովակիայի պետական ու մասնագիտական կառույցների պաշտոնական պարզաբանումները ցույց են տալիս, որ Հովիկ Նազարեթյանի ծավալած բժշկական գործունեությունն այդ երկրում չի ունեցել իրավական հիմքեր։

Սլովակիայի Ատամնաբույժների պալատի նախագահ Իգոր Մորավչիկը RTVS-ին տված պարզաբանման մեջ նշել էր, որ Նազարեթյանն ու Օլգա Ժովնիրը գրանցված չեն պալատի ռեգիստրում, մինչդեռ ըստ տեղական օրենսդրության՝ առանց այդ գրանցման որևէ անձ իրավունք չունի երկրի տարածքում ատամնաբուժական գործունեություն իրականացնել։ Ատամնաբույժների պալատի պաշտոնական կայքում գործում է բաց ռեգիստր, որտեղ յուրաքանչյուրը կարող է որոնել և ստուգել լիցենզավորված մասնագետների տվյալները։ Նազարեթյանն այս ռեգիստրում չկա։

Screenshot 2026-11-02 200531.png (92 KB)

Թարգմանություն․ Սլովակիայի ատամնաբույժների պալատի ռեգիստրում ընդգրկված ատամնաբույժների ստուգում

Սլովակիայի Կրթության նախարարության խոսնակ Դագմարա Ալ-Խալդի Միչեկովան հայտնել էր, որ իրենց մոտ առկա չէ Հովիկ Նազարեթյանի ներկայացրած որևէ դիմում՝ դիպլոմի կամ մասնագիտական որակավորման ճանաչման (նոստրիֆիկացիայի) վերաբերյալ։

Բրատիսլավայի մարզային ինքնակառավարման մարմնի (BSK) խոսնակ Լուցիա Ֆորմանը պարզաբանել էր, որ չնայած ապօրինի գործունեության վերաբերյալ ահազանգերին՝ BSK-ն չի կարողացել վարչական տույժ սահմանել, քանի որ ստուգող խումբն այցելությունների ընթացքում տվյալ հասցեում ոչ ոքի չի գտել, ինչի հետևանքով վարչական վարույթ հարուցելու իրավական հիմքեր չեն ձևավորվել։

Այդուհանդերձ, պետական և մասնագիտական այս կառույցների պարզաբանումների համաձայն՝ առանց կրթության ճանաչման, առանց ատամնաբույժների պալատում գրանցման և առանց BSK-ի թույլտվության բժշկական ծառայությունների մատուցումը Սլովակիայի օրենսդրությամբ դիտարկվում է որպես ապօրինի բժշկական գործունեություն։

Նազարեթյանը ՀՀ քաղաքացի է․ հաշվառված է Գյումրիում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրում Հովիկ Նազարեթյանի անուն-ազգանունով որոնում կատարելիս պարզվում է, որ նա  ՀՀ քաղաքացի է և հաշվառված է Գյումրի քաղաքում։

Screenshot 2026-11-03 141447.png (114 KB)

Պարզ որոնում կատարել ենք նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների միջոցով․ ըստ ռեգիստրի՝ Նազարեթյանը 2010–2011 թվականներին Հայաստանում գրանցված է եղել որպես Անհատ ձեռնարկատեր (ԱՁ)․ ինչից կարելի է ենթադրել, որ այդ տարիներին նա տնտեսական գործունեություն է ծավալել, սակայն ռեգիստրը չի պարունակում տեղեկություններ բժշկական կամ ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման վերաբերյալ, ուստի չենք կարող պնդել։

«Հետքը» հարցում է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ճշտելու Նազարեթյանի ստոմատոլոգիական բարձրագույն կրթության կամ որակավորման դիպլոմի առկայությունը։ Նախարարությունից, սակայն, պատասխանեցին, որ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է նշել կոնկրետ ուսումնական հաստատությունը, որտեղ նա սովորել է։ Քանի որ ուսումնական հաստատության վերաբերյալ տվյալներն անհայտ են, նախարարությունը նրա կրթության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեց։

Գյումրիում նրա հաշվառման հասցեում իրականացված հարցումների ընթացքում տարածքի բնակիչները նշեցին, որ Նազարեթյանն այնտեղ չի բնակվում արդեն երկար տարիներ։ Տեղի բժշկական համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ Գյումրիում երկար տարիներ աշխատող մի քանի ատամնաբույժներ, մեզ հետ զրույցում հայտնեցին, որ չեն ճանաչում Հովիկ Նազարեթյանին, և նա Գյումրիում որպես ատամնաբույժ երբևէ չի աշխատել։

Բրատիսլավայի դատախազությունը հայտնում է, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ

«Հետքը» հարցումներ է ուղարկել նաև Սլովակիայի իրավապահ կառույցներին։

Բրատիսլավայի մարզային դատախազությունը (Krajská prokuratúra Bratislava) պաշտոնապես հայտնել է, որ իրենց մոտ Հովիկ Նազարեթյանի նկատմամբ անհատապես գրանցված հանցագործության մասին հաղորդում կամ նախաձեռնված քրեական վարույթ չկա։

Հարցում ենք ուղարկել նաև Բրատիսլավայի մարզային ոստիկանություն․ պատասխանը դեռևս չենք ստացել։

Գլխավոր լուսանկարը պատրաստելիս օգտագործվել է արհեստական բանականություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter