Ըստ Ս.Հասրաթյանի` հայկական կողմը կրակում է, միայն երբ նախահարձակ ադրբեջանցիները հատում են լկտիության սահմանը
Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը առաջնային գծում նման ակտիվություն է շարունակում դրսևորել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների` վերջերս Դովիլում արած հայտարարությունից հետո:
Ավելին, պաշտոնական Բաքուն, իր սովորության համաձայն, նախահարձակ գործողություններին զուգահեռ, սկսել է քարոզչական նախապատրաստություն իրականացնել նաև առաջիկայում Կազանում անցկացվելիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ` հայկական կողմին մեղադրելով ագրեսիվ գործողությունների մեջ:
Մասնավորապես, երեկ Բաքվի լրատվամիջոցները, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության աղբյուրների վրա, տեղեկություն են տարածել առ այն, թե իբր «ղարաբաղյան զինուժի ագրեսիվ գործողությունների արդյունքում հունիսի 3-ին Աղդամի ուղղությամբ սպանվել է Վերին Գիյամադընլը գյուղի անասնապահ Յելմար Փիրիևը»:
Արցախի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայտարարել է, որ քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության տարածած հաղորդագրությանը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն կամ սեփական ճամբարում տեղի ունեցող մահվան ելքով արտակարգ միջադեպը հայկական կողմի վրա բարդելու անհաջող փորձ:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել և այսօր էլ հերթական անգամ հաստատում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն չեն կրակել և չեն կրակում խաղաղ բնակիչների վրա, այլև անգամ ձեռնպահ են մնում հակառակորդի կողմից դիրքապահ անձնակազմի ուղղությամբ կրակելուց, եթե իհարկե, վերջիններիս նախահարձակ գործողությունները չեն հատում լկտիության սահմանը»,- ասել է Սենոր Հասրաթյանը:
Նա հավելել է, որ միայն հունիսի 3-ի ողջ օրվա ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում` «ՍՎԴ», «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահարային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 70 անգամ` արձակելով ավելի քան 400 կրակոց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել