ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի բողոքը. մայոր Թորոյանի գործով վճիռը մտել է ուժի մեջ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը նոյեմբերի 2-ին մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու գործով։ Խոսքը մայոր Թորոյանի գործով հունիսի 18-ին կայացված վճռի մասին է, որով ՄԻԵԴ-ն արձանագրել էր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներ։
Այսպիսով, հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ։ Դատարանն արձանագրել էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ, ինչպես նաև զինծառայողի ընտանիքի անդամներին պատճառված տառապանքը։
Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը 2026թ. հունիսի 18-ին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է զինծառայողի կյանքի, խոշտանգումների արգելքի իրավունքը: Բացի այդ, տառապանք է պատճառվել ընտանիքի անդամներին: ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90 000 եվրո՝ իրավունքների խախտման համար և 14 210 եվրո՝ դատական ծախսերի համար:
Դիմումատուները զինծառայող Հ.Թ.-ի (ՄԻԵԴ վճռում անունները չեն նշվել իրենց իսկ խնդրանքով) ծնողներն ու քույրն են: Նրանց շահերը դատարանում պաշտպանել են փաստաբան Արա Ղազարյանը, իրավապաշտպաններ Հայկուհի Հարությունյանը, Արաքս Մելքոնյանը և Արտակ Զեյնալյանը։
2016թ. ապրիլի 2-ին, կեսօրին, Հ.Թ.-ն և վարորդ Հ.Ղ.-ն դուրս են եկել զորամասից, որպեսզի զինամթերք մատակարարեն Թալիշ գյուղից մոտ 2 կմ հյուսիս գտնվող մեկ այլ ռազմական հրամանատարական կետի։
ԼՂՀ իշխանությունների կողմից 2016թ. ապրիլի 5-ին կազմված հանցագործության վայրի զննության արձանագրությունում գրանցվել է, որ բեռնատարը, որով նրանք գնում էին, դարանակալվել է և ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից հրազենային հարձակման Թալիշից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Բեռնատարի բոլոր անվադողերը եղել են ծակված, իսկ ձախ դռան վրա եղել են կրակոցների, ավտոմեքենայի ներսում՝ արյան հետքեր։
Հ.Ղ.-ի դին հայտնաբերվել է Արցախի պաշտպանական բանակի զինծառայողների կողմից 2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Նրան գտել են գլխատված, իսկ գլուխը բացակայում էր։ Արցախի գլխավոր դատախազը քրեական վարույթ է սկսել Հ.Ղ.-ի գլխատման վերաբերյալ։
Իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ Հ.Ղ.-ի գլուխը կտրվել է հետմահու: Նա մահացել է հրազենային վերքերից։
Հ.Թ-ն ծանր վիրավորվել է դարանակալման ժամանակ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական հետաքննության ընթացքում հեռահաղորդակցության ծառայությունների մատակարարի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 11:25-ին, նա իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել ծառայակից ըներոջը. «Նրանք կրակեցին ինձ վրա» բովանդակությամբ:
Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները, դիմելով Եվրոպական դատարան, պնդել են, որ Հ.Թ.-ն նախ դուրս է բերվել բեռնատարից, ապա սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Նրանք նաև կտրել են Հ. Թ-ի ձեռքերն ու գլուխը: Նրա մարմինը հայտնաբերվել է հայկական զինված ուժերի կողմից հաջորդ առավոտյան՝ 2016թ. ապրիլի 3-ին՝ բեռնատարից մոտ 30 մ հեռավորության վրա, Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող կիրճի մոտ:
ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմողների պնդումները Հ.Թ.-ի խոշտանգման ու ապօրինի սպանության մասին, և այդ պնդումները հաստատող ապացույցները հավաստի են: Ադրբեջանը դիմողների պնդումները հերքող «կենսունակ հակափաստարկներ» չի ներկայացրել: Պարզաբանումներ չեն ներկայացվել նաև սոցիալական հարթակներում գլխատված հայ զինվորի մարմնի մասերի ցուցադրման առնչությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել