HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կապույտ ալիք ԱՄՆ-ում. դեմոկրատները վերցնում են Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ-ում ավարտին են մոտենում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ալյասկայում և Հավայան կղզիներում ընտրատեղամասերն արդեն փակվել են։ Իսկ նախնական տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտության է մատնում Հանրապետական կուսակցությանը և մեծամասնություն կստանա Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ ԱՄՆ-ում արդեն բոլորը խոսում են, այսպես կոչված, «Կապույտ ալիքի» մասին, որը Դեմոկրատական կուսսակցության գույն է։

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, դեմոկրատներն ապահովել են Սենատի 100 տեղերից առնվազն 53-ը։ Ընդ որում, մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ էր 51 մանդատ։ Այովա նահանգում Ջոշ Թյուրեքի հաղթանակից հետո Դեմոկրատական կուսակցությունը փաստացի մեծամասնություն կունենա Սենատում նույնիսկ այն դեպքում, եթե դեմոկրատները պարտվեն Միչիգանում և Մինեսոտայում։

Փոխարենը, Դեմոկրատական կուսակցությունն այս պահին Ներկայացուցիչների պալատում ապահովել է 224 մանդատ, մինչդեռ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ էր առնվազն 218-ը։ Սա նշանակում է, որ Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակ կարող է ընտրվել կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը, որը ներկայացնում է Նյու Յորք նահանգը։

Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, Դեմոկրատական կուսակցության թեկնածուներն արդեն իսկ ապահովել են իրենց հաղթանակը մի շարք նահանգներում, մասնավորապես՝ Վիրջինիայում, Ռոդ Այլենդում, Նյու Մեքսիկոյում, Նյու Ջերսիում, Նյու Հեմփշիրում, Մասաչուսեթսում, Իլինոյսում, Կանզասում, Ջորջիայում, Դելավերում, Տեխասում, Կոլորադոյում, Օրեգոնում, Հարավային Կարոլինայում և մի շարք այլ նահանգներում։

Ավելի վաղ, քվեների հաշվարկի ընթացքում պարզ էր դարձել, որ Հանրապետական կուսակցության թեկնածուները պարտվել են նաև այնպիսի նահանգներում, որտեղ կուսակցությունն ավանդաբար ուժեղ դիրքեր ուներ։ Մասնավորապես, Տեխասում, որտեղ դեմոկրատներն ավելի քան 30 տարի չէին հաղթել Սենատի ընտրություններում, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջեյմս Թալարիքոն վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող հանրապետական թեկնածու Քեն Փաքսթոնի նկատմամբ, որը նախկինում զբաղեցնում էր այդ նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ Reuters-ը գրում էր, որ գործարար Իլոն Մասկը շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար էր ծախսել Փաքսթոնի քարոզարշավի վրա։

Մեն նահանգում դեմոկրատ Թրոյ Ջեքսոնը հաղթանակ է տարել գործող սենատոր, հանրապետական Սյուզան Քոլինզի նկատմամբ, որը երկար տարիներ նահանգը ներկայացնում էր Սենատում։ Քոլինզն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը։ 

Հարավային Կարոլինայում էլ դեմոկրատ Էննի Էնդրյուսը հաղթել է գործող սենատոր, հանրապետական Դարլին Գրեհեմի նկատմամբ։ Վերջինս Լինդսի Գրեհեմի քույրն է, որը մահացել էր այս տարվա հուլիսին։ Թրամփն անձամբ իր աջակցությունն էր հայտնել Դարլին Գրեհեմին։ Օհայոյում էլ դեմոկրատ Շերոդ Բրաունը հաղթել է Սենատի այն տեղի համար պայքարում, որը դեռ երկու տարի առաջ զբաղեցնում էր ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հետաքրքիր պատկեր է նաև Միչիգանում։ Պրոգրեսիվ դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը մոտ 5 տոկոսային կետով շրջանցել է հանրապետական Մայք Ռոջերսին ու հաղթել Սենատի ընտրություններում։ Եգիպտական ծագմամբ Էլ-Սայեդին Թրամփը անվանում էր «ջիհադիստ»։

Զուգահեռաբար մի շարք նահանգներում ընթանում էին նահանգապետի ընտրություններ։ Տարիներ շարունակ կարմիր նահանգ համարվող Տեխասում հաղթել է դեմոկրատ Ջինա Ինոխոսան։ Ջորջիայում էլ ընտրվել է առաջին կին սևամորթ նահանգապետը՝ Քեյշա Լենս Բոթոմսը, որը ևս Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։ Կանզասում դարձյալ հաղթել է դեմոկրատ թեկնածուն՝ Սինդի Հոլշերը։

Ինչպես նշում է CBS News-ը, դեմոկրատների համոզիչ հաղթանակը փաստացի կարող է խափանել օրենսդրական դաշտում Դոնալդ Թրամփի` մի շարք նախագծերի իրականացումը և ճանապարհ բացել նրա վարչակազմի ու բիզնես նախագծերի վերաբերյալ Կոնգրեսի կողմից հետաքննությունների իրականացման համար։

Թե որքան մեծ կլինի Կոնգրեսում դեմոկրատների մեծամասնությունը, առայժմ պարզ չէ, քանի որ մի շարք ընտրատարածքներում, որտեղ թեկնածուների միջև թեժ պայքար է ընթանում, քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ընտրությունների նախնական արդյունքները, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ այս ընտրություններին քվեաթերթիկներում իր անունը չի եղել։ «Եթե ես մասնակցեի, մենք համոզիչ հաղթանակ կտանեինք»,- հավելել է նա։

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթում են նաև հանրապետականների ավանդական հենակետ համարվող մի շարք նահանգներում և ընտրատարածքներում, Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է ընտրությունների արդյունքներին։ Նա հայտարարել է, որ «լիովին պատրաստ է ընդունել այդ արդյունքները» և տրամադրված է համագործակցելու քաղաքական ընդդիմախոսների հետ։

«Գիտեք, մենք ուրախ կլինենք համագործակցել նրանց հետ։ Հավանաբար մեզ կհաջողվի ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալ»,- ասել է Թրամփը՝ ակնկարկելով, որ միշտ կարող է օգտվել վետոյի իր իրավունքից։

Ինչ կարող է փոխվել ամերիկյան քաղաքականության մեջ

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նորընտիր անդամներն իրենց լիազորությունները կստանձնեն 2027 թվականի հունվարի սկզբին։

Նույնիսկ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Կոնգրեսի երկու պալատներում, Դոնալդ Թրամփի նկատմամբ հնարավոր իմփիչմենթի գործընթացը հազիվ թե հանգեցնի նրա պաշտոնանկությանը։ Դրա համար անհրաժեշտ է Սենատի անդամների ձայների առնվազն երկու երրորդը՝ 67 ձայն։ Ընդհանուր կանխատեսումներով՝ դեմոկրատներին չի հաջողվի ապահովել նման մեծամասնություն։

Այդուհանդերձ, ինչպես նշում է BBC-ն, Կոնգրեսի մեկ, առավել ևս երկու պալատներում մեծամասնություն ունենալը դեմոկրատներին ազդեցության զգալի լծակներ կտա։

Նույնիսկ մեկ մանդատի առավելությամբ մեծամասնություն ունեցող կուսակցությունը կարող է՝

  • Խոչընդոտել նախագահի վարչակազմի կամ Կոնգրեսի մյուս պալատի ներկայացրած օրինագծերի ընդունմանը։
  • Հետաքննություններ նախաձեռնել նախագահի վարչակազմի հետ կապված աղմկահարույց դեպքերի առնչությամբ, առանցքային պաշտոնյաներին հրավիրել խորհրդարանական հանձնաժողովների լսումներին և նրանց հրապարակային հարցաքննության ենթարկել։
  • Պարզ մեծամասնությամբ ընդունել կամ մերժել բյուջետային ֆինանսավորմանն առնչվող օրինագծերը։ Օրինակ՝ հրաժարվել ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությանը (ICE)։
  • Սենատում մեծամասնություն ունենալու դեպքում՝ չհաստատել դաշնային նախարարների և դատավորների նշանակումները։

Իսկ այս ընտրությունները լուրջ փորձություն էին 2028 թվականին ընդառաջ, երբ ԱՄՆ-ում կկայանան նախագահական հերթական ընտրությունները։

Լուսանկարում՝ Դեմոկրատական կուսակցության աջակիցները Տեխասի Օսթին քաղաքում/Reuters գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter