Երեխայի նպաստը կդառնա միասնական, իսկ երկրից 3 ամսից ավելի բացակայելը՝ զրկվելու պատճառ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում՝ երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգերում։ Նախագծով նախատեսվում է պարզեցնել վարչարարությունը, միասնականացնել տարբեր նպաստների տրամադրման պայմանները և կրճատել որոշ ժամկետներ։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։
Առավել էական փոփոխություններից մեկը վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստին։ 2028թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է սահմանել դրա միասնական չափ՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքից։
Խնամքի նպաստի չափն այլևս կախված չի լինի ծնողի կարգավիճակից
Գործող կարգով խնամքի նպաստի չափը տարբեր է՝ կախված ծնողի աշխատանքային կարգավիճակից և բնակության վայրից։
Մասնավորապես՝ խնամքի արձակուրդում գտնվող, գյուղական բնակավայրում չհաշվառված ծնողը ստանում է 37,500 դրամ, արձակուրդում չգտնվող ծնողը՝ 31,600 դրամ, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողը՝ 69,100 դրամ։
Նախագծով առաջարկվում է վերացնել այս տարբերակումը և սահմանել միասնական չափ։ Փոփոխությունը կվերաբերի 2028թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաներին։ Թե որքան կկազմի նոր նպաստը, նախագծի հիմնավորման մեջ նշված չէ։
Փոփոխության հեղինակները նշում են, որ գործող համակարգը որոշ դեպքերում դժգոհություններ է առաջացնում։ Օրինակ՝ գործատուի կողմից հարկային հաշվետվությունն ուշ ներկայացնելու կամ ծնողի տվյալների սահմանափակ հասանելիության պատճառով նպաստը կարող է նշանակվել ավելի ցածր չափով։ Նման դեպքերում չվճարված գումարը վերականգնելու համար քաղաքացին ստիպված է դիմել լիազոր մարմնին։
Հայաստանում գտնվելու հանգամանքը կստուգվի սահմանային տվյալներով
Գործող կարգով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի ու մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը շարունակելու համար ծնողը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել, որ գտնվում է Հայաստանում։
Նախագծով առաջարկվում է վերացնել այդ պահանջը։ Փոխարենը ծնողի և երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքը կստուգվի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալներով։
Հայաստան վերադառնալու դեպքում նպաստ ստանալու իրավունքը նախատեսվում է վերականգնել ինքնաշխատ՝ առանց ծնողի դիմումի։
Երկրից բացակայելու ժամկետը կկրճատվի մինչև 3 ամիս
Գործող կարգավորումներով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի ու խնամքի նպաստի դեպքում Հայաստանից բացակայելու հետ կապված ժամկետները տարբեր են։ Երեխայի բացակայության համար գործում են վեցամսյա և 12-ամսյա ժամկետներ։
Նախագծով առաջարկվում է երկու նպաստների համար էլ սահմանել միասնական՝ երեքամսյա ժամկետ։ Բացի այդ, ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայելը նույնպես կդառնա նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմք։
Առաջարկվում է նաև վերացնել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը դադարեցնելու այն հիմքերը, որոնք կապված են ծնողի կամ երեխայի՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից դուրս գալու կամ նպաստը վեց ամիս անընդմեջ չվճարվելու հետ։
Եթե երեխայի կամ ծնողի՝ օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու պատճառով դադարեցվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը, այն կվերականգնվի առանց ծնողի դիմումի՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։
Հետադարձ վճարման ժամկետը կդառնա երեք ամիս
Գործող կարգով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը հետադարձ վճարելու համար սահմանված է վեցամսյա, իսկ խնամքի նպաստի դեպքում՝ 12-ամսյա ժամկետ։
Նախագծով երկու նպաստների համար էլ առաջարկվում է սահմանել երեքամսյա ժամկետ։ Այսինքն այս դեպքում ծնողը ավելի քիչ գումար կստանա՝ երեք ամսվա համար։
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի դեպքում առաջարկվում է վերանայել օտարերկրյա մարմինների կողմից ծննդի գրանցման հետ կապված պահանջները։ Հիմնավորման համաձայն՝ ծնողի՝ ՀՀ քաղաքացի լինելու դեպքում երեխան քաղաքացիություն է ձեռք բերում օրենքի ուժով, հետևաբար ՀՀ անձնագիր ունենալու պահանջը հիմնականում փաստաթղթային բնույթ ունի։
Նախագծով առաջարկվում է նաև խնամքի նպաստ նշանակելու համար պարտադիր պայման սահմանել ոչ միայն երեխայի, այլև ծնողի՝ Հայաստանում գտնվելը։
Կառավարությանը վերապահվելու է նպաստների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տվյալների փոխանակման կարգը սահմանելու լիազորություն։ Տեղեկությունները կփոխանակվեն լիազոր մարմնի շտեմարանների, բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների և ՍԷԿՏ համակարգի միջև։
2028թ.-ից խնամքի նպաստի միասնական չափ սահմանելու լրացուցիչ ծախսերը կհաշվարկվեն այդ տարվա պետական բյուջեի կազմման ընթացքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել