Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարության համար
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ հայց է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Սափեյանը պահանջում է պարտավորեցնել Յոլյանին հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Հայցի համաձայն՝ խոսքը 2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ամբիոնից Իրինա Յոլյանի արած հայտարարության մասին է։ Պատգամավորը, մասնավորապես, ասել էր, որ համայնքների ՔՊ-ական ղեկավարներ, այդ թվում՝ «կարկառուն» ղեկավարներ, ընկերություններ են բացել և անորակ ասֆալտապատման աշխատանքների միջոցով պետական բյուջեի միջոցները մսխում են։ Պատգամավորը նաև նշել էր, որ այդ գործընթացում ներգրավված են նրանց ընտանիքի անդամները՝ քույրերը, եղբայրները, հայրերը, մայրերը և հորեղբայրները։
Տավրոս Սափեյանը պնդում է, որ այդ հայտարարությամբ իրեն վերաբերող փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են։
Հայցով պահանջվում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում պարտավորեցնել Իրինա Յոլյանին ԱԺ ամբիոնից հրապարակայնորեն հերքել իր հայտարարության՝ Տավրոս Սափեյանին վերաբերող հատվածը։
Գործը մակագրվել է դատավոր Գագիկ Գևորգյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել