HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձի ծավալները գերազանցում են սկզբնական պլանը

Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի շրջանակներում շահառուներին 2026 թվականին ավելի շատ գումար կվերադարձվի, քան նախատեսված էր պետական բյուջեով։

2015-ին մեկնարկած ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ կառուցվող առանձնատան հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։

Ի սկզբանե, 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված էր հիփոթեքային վարկառուներին ամբողջ տարվա կտրվածքով վերադարձնել գրեթե 102.2 մլրդ դրամ։

Սակայն Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաշվարկել և կանխատեսել է, որ մինչև տարեվերջ վերադարձվող գումարները նախատեսվածից 4.4 մլրդ դրամով ավելի կլինեն։ Դրանից 2.4 մլրդ դրամը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից։

ՊԵԿ-ը նոյեմբերի 5-ի Կառավարության նիստին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկել է մնացած 2 մլրդ դրամը ևս հատկացնել՝ բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով։

Նպատակը, ըստ ՊԵԿ-ի, վերադարձման ենթակա գումարները շահառուներին ժամանակին և լրիվ ծավալով փոխանցելն է։

Եթե ծրագրի մեկնարկին վերադարձվող գումարները տարեկան 1-2 մլրդ դրամ էին, ապա 2026 թվականին դրանք առաջին անգամ կհատեն 100 մլրդ դրամի շեմը։

2025 թվականին վարկառուներին է վերադարձվել 95.6 մլրդ դրամ։

ՊԵԿ-ի հաշվարկներով՝ այս տարվա առաջին երեք եռամսյակներում շահառուներին արդեն իսկ վերադարձվել է 78.6 մլրդ դրամ։ «Հաշվի առնելով նաև 2026 թվականի առաջին երեք եռամսյակների փաստացի ցուցանիշները՝ 2026 թվականի տարեկան վերադարձի ընդհանուր ծավալը կանխատեսվում է շուրջ 106.5 մլրդ դրամ»,- նշված է նախագծում։

Քանի որ փոփոխությունն իրականացվում է բյուջեի վերաբաշխման հաշվին, նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

Նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ չզեկուցվող կարգով։

Հիշեցնենք, որ 2025-ի վերջին ևս պարզ դարձավ, որ ի սկզբանե բյուջեով նախատեսված եկամտային հարկի վերադարձի ընդհանուր գումարը չի բավարարում։ Տարվա ընթացքում կառավարությունը ստիպված էր ավելացնել այն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter