Պետական գույքն ապօրինի զբաղեցնելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 5 տարվա ազատազրկում
Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ինքնակամ զավթելու, շենքերն ու շինություններն ապօրինի զբաղեցնելու, դրանք ազատելու պահանջը չկատարելու, ինչպես նաև ապօրինի կառույցները չքանդելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել՝ ընդհուպ մինչև 5 տարվա ազատազրկում։ Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև այն պաշտոնատար անձանց համար, որոնք չեն կանխի նման խախտումները, միջոցներ չեն ձեռնարկի դրանք կասեցնելու կամ չեն ապահովի ապօրինի զբաղեցված տարածքների ազատումը և ինքնակամ կառույցների քանդումը։
Կառավարությունը հանրային քննարկմանն է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերը։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորում են հանրային շահի պաշտպանությամբ և գործող վարչական միջոցների անարդյունավետությամբ։
Նախագծերը մշակել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Դրանց ընդունման դեպքում պետական և համայնքային բյուջեներում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում։ Առաջարկվում է նախագծերն ուժի մեջ դնել պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։
Նախագծերի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը պաշտպանել այլ անձանց մուտքից։ Սակայն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների ապօրինի զբաղեցման դեպքերում այդ իրավունքի պաշտպանությունը պատշաճ չի ապահովվում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու ոստիկանության կողմից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները հաճախ տարիներ շարունակ մնում են ապօրինի զբաղեցված։ Նույնիսկ երբ ապօրինի զբաղեցնողները հեռացվում են տարածքից, նրանք կրկին վերադառնում և շարունակում են այն զբաղեցնել։ Հեղինակների գնահատմամբ՝ գործող վարչական միջոցները բավարար չեն նման դեպքերը կանխելու համար, ինչի հետևանքով խախտվում է հանրային շահը։
Այս խնդրի լուծման համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ինչպես ապօրինի զբաղեցնող անձանց, այնպես էլ այն պաշտոնատար անձանց համար, որոնց պարտականությունների մեջ է մտնում նման խախտումները կանխելը և վերացնելը։
Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի նոր խմբագրությամբ քրեական պատասխանատվություն կառաջանա, եթե պաշտոնատար անձը, որի վրա օրենքով կամ այլ իրավական ակտով դրված է պետական կամ համայնքային հողամասի ինքնակամ զավթումը, շենքի կամ շինության ապօրինի զբաղեցումը կամ ինքնակամ կառույցի կառուցումը կանխելու և կասեցնելու պարտականություն, միջոցներ չձեռնարկի այդ ուղղությամբ կամ խախտում թույլ տված անձի նկատմամբ չկիրառի օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները։ Նման արարքի համար առաջարկվում է տուգանք, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում կամ առավելագույնը մեկ տարվա ազատազրկում։ Նախատեսվում է նաև 2-5 տարի ժամկետով անձին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսվում այն պաշտոնատար անձանց համար, որոնք իրենց լիազորությունների շրջանակում որոշում չեն կայացնի ապօրինի զավթված հողամասը, ապօրինի զբաղեցրած շենքը կամ շինությունն ազատելու կամ ինքնակամ կառույցը քանդելու կամ ապամոնտաժելու մասին, կամ չեն ապահովի այդ որոշման կատարումը։ Այս արարքի համար նախատեսվում է տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում կամ առավելագույնը երեք տարվա ազատազրկում։ Բացի այդ, պաշտոնատար անձը 3-7 տարի ժամկետով կզրկվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Քրեական օրենսգրքի 448-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու, շենքերն ու շինություններն ապօրինի զբաղեցնելու, այդ գույքը չազատելու և խախտման հետևանքները չվերացնելու համար։ Պատասխանատվություն կառաջանա նաև այն դեպքերում, երբ անձը չի դադարեցնի ապօրինի շինարարությունը, չի քանդի կամ ապամոնտաժի անօրինական կառույցը։
Նախագիծը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ շենք, շինություն կամ այլ կառույց է կառուցվում, վերակառուցվում կամ տեղադրվում դրա համար օրենքով սահմանված կարգով չհատկացված հողամասում, առանց համապատասխան թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ։ Նույնը վերաբերում է քաղաքաշինական նորմերի կամ կանոնների էական խախտումներով իրականացվող շինարարությանը, ինչպես նաև առանց թույլտվության այնպիսի շինարարական կամ տեղադրման աշխատանքներ կատարելուն, որոնց համար թույլտվություն է պահանջվում։
Այս արարքների համար առաջարկվում է կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով։ Սակայն քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ պայման է, որ անձն արդեն օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկված լինի նույն արարքի համար, բայց շարունակի խախտումը։
Միաժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն առաջարկվում է լրացնել նոր՝ 48.2-րդ հոդվածով։ Այն կսահմանի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների ապօրինի զբաղեցման, այդ գույքը չազատելու և խախտման հետևանքները չվերացնելու համար վարչական պատասխանատվություն։ Առաջին անգամ նման խախտում կատարելու համար առաջարկվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ)։ Եթե անձը տուգանվելուց հետո շարունակի նույն գործողությունները, տուգանքի չափը կկազմի նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկը (2 մլն 500 հազ. դրամ)։
Ինչպե՞ս է կարգավորվում այլ երկրներում
Նախագծերի հիմնավորման մեջ հեղինակները ներկայացրել են նաև միջազգային փորձը։ Նշվում է, որ պետական կամ համայնքային հողերի և անշարժ գույքի ապօրինի զբաղեցումը, դրանց վրա ինքնակամ շինություններ կառուցելը, ինչպես նաև իրավասու մարմնի կամ դատական ակտով սահմանված պահանջով տարածքը չազատելը մի շարք երկրներում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, ըստ հիմնավորման, ոստիկանության կամ սեփականատիրոջ պահանջով սահմանված ժամկետում տարածքը չազատելը կարող է համարվել քրեական հանցագործություն։ Նախատեսված պատիժների թվում են տուգանքն ու մինչև 3-6 ամիս ազատազրկումը։
ԱՄՆ-ի որոշ նահանգներում պետական կամ մասնավոր գույքն ապօրինի զբաղեցնելու և տարածքը լքելու մասին ծանուցմանը չենթարկվելու դեպքում կարող են կիրառվել տուգանքներ, ձերբակալություն և կալանք՝ կախված արարքի ծանրությունից։
Ֆրանսիայում պետական կամ մասնավոր անշարժ գույքի ապօրինի զբաղեցումը և վարչական կամ դատական պահանջով տարածքը չազատելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 3 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք։
Ռուսաստանում պետական գույքի կամ հողամասերի ապօրինի զբաղեցումը որոշ դեպքերում կարող է առաջացնել ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն։
Հեղինակները նման կարգավորումների անհրաժեշտությունը հիմնավորում են երեք հանգամանքով։ Նախ՝ պետական և համայնքային հողերն ու շենքերը հանրային սեփականություն են և կարող են նախատեսված լինել քաղաքաշինական, բնապահպանական կամ ենթակառուցվածքային նպատակների համար։ Երկրորդ՝ միայն վարչական տուգանքները հաճախ բավարար չեն ապօրինի զբաղեցումը դադարեցնելու համար, քանի որ անձինք կարող են շարունակել օգտագործել տարածքը՝ անտեսելով պետական մարմինների պահանջները։ Երրորդ՝ քրեական պատասխանատվությունը, հատկապես ազատազրկման հնարավորությունը, դիտարկվում է որպես կանխարգելիչ միջոց, որը պետք է ստիպի ապօրինի զբաղեցնողներին իրավասու մարմնի պահանջից հետո ինքնակամ ազատել տարածքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել