Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի գնահատման և տնօրինման գործընթացները
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել պետական գույքի գնահատման և տնօրինման կարգերում։ Նախատեսվում է որոշ դեպքերում հրաժարվել գույքի պարտադիր գնահատումից, ինչպես նաև պարզեցնել հսկիչ գնումների և մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների հետագա տնօրինման գործընթացը։
Պետական գույքի կառավարման կոմիտեն «Գնահատման գործունեության մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներում, ինչպես նաև Կառավարության երեք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ է ներկայացրել հանրային քննարկման։
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ ներկայում կան դեպքեր, երբ գույքի ընդունման, հաշվառման, գնահատման, պահպանման, տեղափոխման և իրացման համար պահանջվող ծախսերը մի քանի անգամ գերազանցում են հենց այդ գույքի արժեքը։ Արդյունքում պետական մարմինները ստիպված են լինում զգալի վարչական և ֆինանսական ռեսուրսներ ծախսել ցածրարժեք գույքը տնօրինելու համար։
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է այդ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել և պետական գույքի կառավարման աշխատանքներն ուղղել առավել արժեքավոր ու կարևոր նշանակություն ունեցող ակտիվներին։
Հսկիչ գնումներով ձեռք բերված որոշ ապրանքներ Պետական ակտիվների կառավարման կոմիտեին չեն փոխանցվի
Գործող կարգով հսկիչ գնում կատարելուց հետո հարկային մարմնի պաշտոնատար անձը մեկ օրվա ընթացքում զեկուցագիր է ներկայացնում, որպեսզի ձեռք բերված, բայց չվերադարձված ապրանքները հանձնվեն հարկային մարմնի պահեստ։ Դրանք պահեստ ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է հանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Նախագծով առաջարկվում է փոխել այս կարգը՝ սահմանելով ապրանքների այն տեսակները, որոնք կոմիտեին չեն փոխանցվի։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց ընդունումը, պահպանումը կամ հետագա տնօրինումը կոմիտեի համար հնարավոր չէ կամ նպատակահարմար չէ։
Մասնավորապես, կոմիտեին չեն հանձնվի շուտ փչացող ապրանքները, դեղերը, անասնաբուժական դեղամիջոցները, արագ փչացող սննդամթերքը, կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքն ու հումքը, կերերը, լցակերերը, բույսերը և բուսական արտադրանքը։
Նախագծով առաջարկվում է այդ ապրանքների տնօրինումը թողնել Պետական եկամուտների կոմիտեին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ապրանքներն արդեն գտնվում են ՊԵԿ-ի տնօրինության ներքո, և դրանց հետագա օգտագործման կամ այլ եղանակով տնօրինման հարցերը հենց այդ մարմնի կողմից լուծելը թույլ կտա խուսափել ավելորդ տեղափոխումներից ու կրկնակի հանձնման-ընդունման գործընթացներից։
24 տոննա ժամկետանց աղի դեպքը
Հիմնավորման մեջ որպես խնդրի օրինակ ներկայացված է ՊԵԿ-ի 2025թ.-ի հուլիսի 16-ի գրությունը։ Դրանով տեղեկացվել է, որ մաքսային մարմինները նախատեսում են Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել 24 հազար կգ ժամկետանց յոդացված աղ։
Ըստ հիմնավորման՝ այդ աղը հնարավոր էր օգտագործել երկրորդային նշանակությամբ։ Երևանի քաղաքապետարանն առաջարկել էր սեփական միջոցներով տեղափոխել այն և հետագայում օգտագործել այդ նպատակով։
Սակայն գործող կարգի համաձայն՝ ապրանքը նախ պետք է հանձնվեր Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա վերջինս այն փոխանցեր մեկ այլ պետական կամ համայնքային մարմնի։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նման ընթացակարգը լրացուցիչ ժամանակ և վարչարարական ծախսեր է առաջացնում, մինչդեռ հնարավոր է ապրանքն անմիջապես փոխանցել այն մարմնին, որը պատրաստ է այն օգտագործել։
Իրացման ծախսերը ապրանքի արժեքից բարձր լինելու դեպքում՝ նոր կարգ
Փոփոխություններ են առաջարկվում նաև մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված կամ արգելապահված ապրանքների տնօրինման գործընթացում։
Գործող կարգով, եթե ապրանքի իրացման համար նախատեսվող ծախսերը գերազանցում են դրա արժեքը, այն պետք է օգտագործվի։ Եթե ապրանքը հնարավոր չէ օգտագործել իր հիմնական կամ երկրորդային նշանակությամբ, այն ենթակա է ոչնչացման։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել այս գործընթացը։ Մասնավորապես, նման ապրանքների օգտագործման, ոչնչացման կամ օգտագործման նպատակով շահագրգիռ պետական մարմիններին անհատույց փոխանցման վերաբերյալ որոշում կկայացնի ՊԵԿ-ը։
Եթե ապրանքն անհատույց փոխանցվի պետական մարմնի, դրա տեղափոխումը կկազմակերպի այն ընդունող մարմինը։ Իսկ ապրանքի ոչնչացման աշխատանքները կիրականացնի ՊԵԿ-ը։
Այսպիսով, այն դեպքերում, երբ ապրանքի վաճառքն անիմաստ է՝ դրա իրացման ծախսերի բարձր լինելու պատճառով, այն պարտադիր չի անցնի Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը։ ՊԵԿ-ը կկարողանա անմիջապես որոշել դրա հետագա օգտագործման կամ ոչնչացման հարցը։
Առանձին դեպքերում գույքը հնարավոր կլինի չգնահատել
Նախագծերի մյուս փոփոխությունը վերաբերում է պետական գույքի գնահատմանը։
Հիմնավորման համաձայն՝ ներկայում տարբեր կենցաղային իրերի, շարժական և համեմատաբար ցածրարժեք այլ գույքի գնահատումը որոշ դեպքերում լրացուցիչ ծախսեր ու ժամանակ է պահանջում, որոնք չեն համապատասխանում տվյալ գույքի արժեքին։
Նույն խնդիրը կարող է առաջանալ նաև պետական գույքի նվիրատվության որոշ դեպքերում, երբ գնահատման կազմակերպման ծախսերը չեն արդարացվում գույքի շուկայական կամ տնտեսական արժեքով։
Այս պատճառով առաջարկվում է օրենքում սահմանել ընդհանուր հնարավորություն՝ որոշ դեպքերում գույքի գնահատումը պարտադիր չհամարելու համար։ Թե կոնկրետ որ դեպքերում հնարավոր կլինի չգնահատել գույքը և ինչ պայմաններով, կսահմանի կառավարությունը՝ իր որոշմամբ։
Նախագծի հեղինակները նշում են, որ այս մոտեցումը թույլ կտա հետագայում գնահատման պահանջից բացառություններ սահմանել՝ առանց ամեն անգամ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության։
Նշենք, որ փաթեթով նախատեսված է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտե։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ վերանվանման արդյունքում կընդլայնվեն պետական ակտիվների կառավարման ոլորտում կոմիտեին վերապահված գործառույթները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել