ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը նախ պետք է հանրաքվե անցկացնի Եվրամիությանն անդամակցության հարցով և միայն դրանից հետո պաշտոնական դիմում ներկայացնի Բրյուսել։
«Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Եվրամիությունում Հայաստանի համար տեղ գտնելու որոնումները հանգեցրել են պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են ինտեգրացիոն մեկ այլ միությանն անցնելու պատրանքային գաղափարն առաջ մղելու համար»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Պանկինի կարծիքով՝ «ստեղծված իրավիճակում տրամաբանական քայլը կլինի հանրաքվեի անցկացումը», որի ընթացքում ՀՀ քաղաքացիները, ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, կարտահայտեն իրենց կամքը Հայաստանի հետագա ինտեգրման ուղղության վերաբերյալ։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդի կարծիքը, ապա պաշտոնական դիմում ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ եթե անդամակցության դիմումն արդեն ներկայացված լինի, «ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկին չի հետաքրքրի»։
Պանկինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական առավելություններին և ինտեգրացիոն կապերի խզման հնարավոր հետևանքներին։ Նա հիշեցրել է, որ վերջերս հանրությանը ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության հիման վրա պատրաստված զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պարզաբանմամբ՝ զեկույցում ներկայացված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգությանն սպառնացող ռիսկերը և հնարավոր վնասները կանխելու նպատակով։
«Կիրականացվի՞ արդյոք դա, կախված է Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունից՝ փարատելու Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների մտահոգությունները»,- հայտարարել է Պանկինը՝ հավելելով, որ Մոսկվան այս հարցի վերաբերյալ Երևանից առայժմ կառուցողական ազդակներ չի ստացել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների պատրաստած՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին» զեկույցի ստացման մասին։
Փաստաթղթում ներկայացված են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր տնտեսական հետևանքները։ Զեկույցի գնահատականների համաձայն՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է հանգեցնել ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 15,6 % անկման, գնաճի 14,9 տոկոսային կետով աճի և սպառման 14,6 % կրճատման։
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի համար բնական գազի գինը կարող է 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլարից բարձրանալ մինչև 300 դոլար՝ աճելով 69 %-ով։
Զեկույցում նաև նշվում էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի պայմանների խստացման, մաքսային հսկողության և վճարների վերականգնման, ինչպես նաև ապրանքների նկատմամբ ամբողջական սանիտարական հսկողության և հարկման կիրառման։
Լուսանկարը՝ Наталья Селиверстова/Sputnik
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել