Քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Աննա Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Վարդանյանը, Նելլի Բավեյանը և Նարեկ Բաբայանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները։
Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան կապերը վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչը տարածաշրջանային համագործակցության ու հարաբերությունների զարգացման լավ օրինակ է։ Պատգամավորը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։
Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել