HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կվերանայվեն ծնողական ժամի, անչափահասների աշխատանքի և աշխատաժամանակի կարգավորումները

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում եւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Նախագծերով նախատեսվում է փոփոխել ծնողական ժամի տրամադրման կարգը, սահմանել առանձին կատեգորիայի աշխատողների օրական 12 կամ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկ, վերանայել անչափահասների աշխատանքի թույլատրելի տեւողությունը։ Առաջարկվում է նաեւ գործատուին եւ աշխատողին հնարավորություն տալ փոխադարձ համաձայնությամբ փոփոխել աշխատանքային պայմանագրի որոշ էական պայմաններ՝ միաժամանակ սահմանափակումներ նախատեսելով աշխատողի իրավունքների պաշտպանության համար։

Նախագծերը մշակել և հանրային քննարկման է ներկայացվել Աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունների նպատակն է հստակեցնել աշխատանքային հարաբերությունների առանձին կարգավորումները, բարելավել աշխատողների իրավունքների պաշտպանությունը եւ միաժամանակ հաշվի առնել գործատուների՝ աշխատանքի կազմակերպման օրինական շահերը։

Աշխատանքային պայմանագրի պայմանները հնարավոր կլինի փոխել փոխադարձ համաձայնությամբ

Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում ամրագրել, որ գործատուն եւ աշխատողը կարող են փոխադարձ համաձայնությամբ փոփոխել աշխատանքային պայմանագրի էական պայմանները՝ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու։

Խոսքը, օրինակ, աշխատանքի վայրի, պաշտոնի կամ աշխատանքային գործառույթների փոփոխության մասին է։ Գործող կարգավորումը աշխատանքի էական պայմանների փոփոխությունը կապում է աշխատանքի ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության հետ։ Սակայն առանձին կարգավորված չէ այն դեպքը, երբ պայմանները փոխելու ցանկությունը բխում է հենց գործատուի եւ աշխատողի փոխադարձ համաձայնությունից։

Նախագծով այս հնարավորությունը նախատեսվում է սահմանել որոշակի սահմանափակումներով։ Մասնավորապես, փոխադարձ համաձայնությամբ չի թույլատրվի անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ դա կարող է նվազեցնել աշխատանքային հարաբերությունների կայունությունը եւ հետագայում հանգեցնել պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով դրա դադարեցմանը։

Չի թույլատրվի նաեւ այս կարգավորման միջոցով նվազեցնել աշխատողի աշխատավարձը։ Հիմնավորման համաձայն՝ աշխատավարձի նվազեցումը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատողի տնտեսական եւ սոցիալական վիճակի վրա, ուստի միայն կողմերի համաձայնությունը բավարար հիմք չէ նման փոփոխության համար։

Ծնողական ժամից օգտվելու կարգը կփոխվի

Նախագծով վերանայվում է ծնողական ժամի տրամադրման կարգը։ Այն կտրամադրվի աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, եւ գործատուն չի կարողանա մերժել աշխատողի՝ այդ իրավունքից օգտվելու պահանջը։

Միաժամանակ, եթե աշխատողի ընտրած ժամին նրա բացակայությունը կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, գործատուն իրավունք կունենա նույն աշխատանքային օրվա ընթացքում սահմանելու ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված։

Հերթափոխային աշխատանք կատարողների դեպքում ծնողական ժամի օգտագործման ժամանակահատվածը պետք է նախապես համաձայնեցվի գործատուի հետ։

Նախագծով նաեւ առաջարկվում է ծնողական ժամից օգտվելու իրավունք չտրամադրել այն աշխատողներին, որոնց աշխատանքային օրվա տեւողությունը չի գերազանցում 6 ժամը։ Հիմնավորման համաձայն՝ համեմատաբար կարճ աշխատանքային օրվա պայմաններում լրացուցիչ վճարովի ժամանակահատվածի տրամադրումը կարող է անհամաչափ լինել աշխատանքային ժամանակի նկատմամբ։

Առանձին աշխատողների համար կսահմանվի 12 կամ 24-ժամյա աշխատանքային օր

Գործող կարգավորմամբ առանձին կատեգորիայի աշխատողների օրական աշխատաժամանակը կարող է սահմանվել 24 ժամ՝ պայմանով, որ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տեւողությունը չգերազանցի 48 ժամը։

Նախագծով առաջարկվում է օրական աշխատաժամանակը սահմանել երկու տարբերակով՝ 12 կամ 24 ժամ։ Յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ընտրվի այդ տարբերակներից մեկը։ Երկու դեպքում էլ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տեւողությունը չի կարող գերազանցել 48 ժամը։

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունը պայմանավորված է այդ աշխատողների աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով, քանի որ որոշ դեպքերում աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ է 12-ժամյա աշխատանքային օր։

Օրենսգրքում միաժամանակ կսահմանվի նաեւ «հերթափոխային աշխատանք» հասկացությունը։ Մասնավորապես՝ հերթափոխային աշխատանքն աշխատանքի կազմակերպման եղանակ է, որի դեպքում աշխատողները կատարում են աշխատանքը երկու կամ ավելի հերթափոխով՝ հերթափոխերի ժամանակացույցին համապատասխան:

Կփոխվի անչափահասների աշխատանքի թույլատրելի տեւողությունը

Նախագծով առաջարկվում է դպրոցական օրերին մինչեւ 15 տարեկան անձանց աշխատանքի ներգրավել օրական առավելագույնը երկու ժամով։

Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունները նպատակ ունեն անչափահասների աշխատանքի կարգավորումները համապատասխանեցնել Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին եւ ապահովել աշխատանքի ու կրթության համատեղելիությունը։

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում եւս փոփոխություն է առաջարկվում։ Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող այն աշխատողների համար, որոնց աշխատաժամանակի կրճատ տեւողությունը շաբաթական մինչեւ 20 ժամ է, ժամային նվազագույն դրույքաչափը կսահմանվի 900 դրամ։

Կկարգավորվեն պաշտոնավարման կասեցման ընթացքում աշխատողի սոցիալական երաշխիքները

Նախագծով նախատեսվում է կարգավորել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ժամանակահատվածում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության դեպքերը։

Այս ժամանակահատվածներում կսահմանվի համապատասխան նպաստների վճարման կարգը՝ բացառելով նույն ժամանակահատվածի համար կրկնակի հատուցումը։

Վաղաժամ ծննդաբերության դեպքում կվերանայվի արձակուրդի տրամադրման կարգը

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում՝ վաղաժամ ծննդաբերության դեպքերի համար։

Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումները կարող են տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։ Փոփոխության նպատակն է ապահովել, որ վաղաժամ ծննդաբերության դեպքում աշխատողը լիարժեք օգտվի օրենքով նախատեսված արձակուրդի իրավունքից։

Աշխատավարձը կփոխանցվի աշխատողի անունով բացված հաշվին

Նախագծով առաջարկվում է հստակ ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը պետք է փոխանցվի նրա անունով բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։

Փոփոխություն է նախատեսվում նաեւ ժամային դրույքաչափով վարձատրվող աշխատողների միջին աշխատավարձի հաշվարկման կարգում։ Կսահմանվի հաշվարկման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ նախորդ 12 ամիսների ընթացքում աշխատողը փաստացի հաշվարկված աշխատավարձ չի ունեցել կամ այդ ժամանակահատվածում եղել են Օրենսգրքով նախատեսված հատուկ ժամանակահատվածներ։

Կհստակեցվի աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը

Օտարերկրացիների, ինչպես նաեւ Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց հետ թղթային եղանակով կնքված աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ պետք է մուտքագրի գործատուն։

Դա պետք է արվի օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում։

Նախագծով հստակեցվում են սեզոնային եւ ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու հետ կապված դրույթները։

Մասնավորապես, առաջարկվում է հստակ ամրագրել, որ պայմանագրի լուծումը վերաբերում է դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, եւ համապատասխան ծանուցումը կատարվում է հենց այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter