HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի 8-րդ Բիենալեի բյուջեն զրո է

Վաղը` ժամը 15-ին, Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում հանդիսավոր կերպով կհայտարարվի 8-րդ Բիենալեի սկիզբը: Սեպտեմբերի 14-ից 24-ը Գյումրիում ընթացող ժամանակակից արվեստի տոնին հիմնականում մասնակցելու են հայ արվեստագետները: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անցկացված ասուլիսի ժամանակ Գյումրիի 8-րդ Բիենալեի կազմակերպիչները նշեցին, որ հիմնականում ցանկացել են օգտագործել տեղի ուժերը, հնարավորություն են տվել ներկայանալու, միմյանց հետ շփվելու հայ արվեստագետներին: Բիենալեին մասնակցելու համար հայտ ներկայացրած 60 մասնակիցների մեջ լինելու են արվեստագետներ Շվեյցարիայից: Գյումրիի 8-րդ Բիենալեին մասնակցելու համար ԱՄն-ից ժամանել է նաեւ Հենրիկ Խաչատրյանը` Սեւը:

Այս Բիենալեի բյուջեն եւս, ինչպես եւ նախորդինը, զրո է: «Մասնակիցները Գյումրիում ապրելու, սնվելու եւ 10-օրյա միջոցառումներին մասնակցելու են իրենց հաշվին»,-ասում է կազմակերպիչներից Ազատ Սարգսյանը: Անձամբ ինքն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Բիենալեի գյումրեցի կազմակերպիչներից Համբարձում Ղուկասյանի տանը: Միակ աջակցությունը` 150 հազար դրամ, տրամադրել է Շիրակի մարզպետարանը: «Մենք չենք դիմել ոչ կառավարությանը, ոչ մշակույթի նախարարությանը: Կարծում եմ՝ մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն վարելու կոչեր հնչեցնող այս կառույցներն իրենք պիտի հետաքրքրվեին, թե շարունակական անցկացվող, միջազգային ճանաչում ունեցող այս միջոցառումը ինչի կարիք ունի»,-նկատում է Ազատ Սարգսյանը:

«Անցած Բիենալեների ժամանակ մենք ունեցել ենք հյուրեր տարբեր երկրներից: Դրա հետ կապված երկու խնդիր էր առաջանում` գումարային եւ օտար լեզվի իմացության: Իհարկե հրաշալի է, երբ կա անհրաժեշտ գումարը եւ դու առանց վատ զգալու կարողանում ես հրավիրել արվեստագետների: Մի կողմից սա դրական քայլ էր, մյուս կողմից էլ լեզվական խոչընդոտները արգելք էին հանդիսանում տեղացի եւ օտարերկրացի արվեստագետների առավել սերտ շփմանը: Սակայն մեր համար ամենամեծ խնդիրը թերեւս այն անտարբերությունն է, որ ցուցաբերում են պատկան ատյանները: Ի վերջո, մշակութային մի մեծ միջոցառում է անցկացվում սկսած 1998թ-ից»,-ասում է Համբարձում Ղուկասյանը:

Գյումրիի Բիենալեն, լինելով տեղի արվեստագետների նախաձեռնության ծնունդ, նպատակ էր հետապնդում աջակցել մշակութային կյանքի վերազարթոնքին հետերկրաշարժյան շրջանում: Այն ծնվեց 1998թ-ին եւ նվիրվեց երկրաշարժի 10-ամյա տարելիցին: Անցած տարիներին շուրջ 400 արվեստագետ է մասնակցել Գյումրիում երկու տարին մեկ անցկացվող այս միջոցառմանը: Շատ երկրներում Բիենալեները անցկացվում են պետական հովանավորչությամբ: Միայն 2008թ.-ին է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 20-25 տոկոս մասնակցություն է ունեցել գումարային տեսքով:

Բիենալեի կազմակերպման նպատակներից մեկն էլ այն է եղել, որպեսզի դրսից եկող ներդրումներն ուղղորդվեն Գյումրի: Ի վերջո, դրսից եկող արվեստագետը ապրելով տեղի հյուրանոցներում, սնվելով, գնումներ կատարելով իր գումարները թողնում է գյումրեցիներին: Տուրիզմը խթանելու մի տարբերակ էլ, կոնկրետ Գյումրիի համար, կարող է դառնալ ժամանակակից արվեստին նվիրված 10-օրյա միջոցառումների այս շարքը: Մի հանգամանք, որ պետական մարմինները չգիտես ինչու հաշվի չեն առնում: 

Մեկնաբանություններ (1)

Mamikon
...Zarmanali че вор чен finansavorum :)))))))))))))))))Gyumrva Барбаров Грэм вор лав Лини (inchxor qor @ @ knaye Astcun dpes-эль-Astvac knaye qorin) .......................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter