Այսօր՝ Հայաստան-Կիպրոս․ անհրաժեշտ է հասնել ռեւանշի
Այսօր՝ 21:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության Հայաստան-Կիպրոս պատասխան հանդիպումը: Առաջին խաղը, որ կայացել է Նիկոսիայում հոկտեմբերի 2-ին, ավարտվել է տանտերերի 2-0 հաշվով հաղթանակով։
Հիշեցնենք, որ երկու թիմերն ընդգրկված են C լիգայի 2-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Մոնտենեգրոն ու Լատվիան: 4 տուրից հետո Մոնտենեգրոն ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:
Չնայած մեր ընտրանին այլեւս չի կարող խմբում առաջին տեղ գրավել, այդուհանդերձ, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը թույլ կտա փլեյ-օֆ փուլում (անցումային խաղերում) պայքարել B լիգայի ուղեգրի համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մերոնք այսօր անպայման հաղթեն առնվազն 2 գոլի առավելությամբ, ինչպես որ պարտվել են Նիկոսիայում։ Իսկ դրանից հետո անհրաժեշտ է դրական արդյունք գրանցել Լատվիայում կայանալիք վերջին խաղում, չնայած կարեւոր է լինելու նաեւ Կիպրոս-Մոնտենեգրո զուգահեռ խաղը։
Նկատենք, որ նախորդ՝ 2024-2025 թթ․ խաղարկությունում մերոնք խմբում երկրորդն էին, ինչի շնորհիվ փլեյ-օֆ փուլ անցան, սակայն անցումային խաղերում ընդհանուր 1-9 (0-3 եւ 1-6) հաշվով պարտվեցին Վրաստանին։
Հայաստան-Կիպրոս հանդիպումը կսպասարկի իսրայելական մրցավարական անձնակազմը՝ Օրել Գրինֆելդի ղեկավարությամբ։
Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 211 ընտրանիների մեջ Հայաստանի հավաքականը 108-րդն է, իսկ Կիպրոսը՝ 125-րդը։ Հիշեցնենք, որ մեր թիմը կղզեբնակների հետ դիմակայության հարուստ փորձ ունի:
Այս թիմին առաջին անգամ հանդիպել ենք «Եվրո-1996»-ի ընտրական փուլում: 1994-ի հոկտեմբերի 8-ին Երեւանում գրանցվել է 0-0, իսկ նույն տարվա նոյեմբերի 16-ին Լիմասոլում դաշտի տերերը հաղթել են 2-0 հաշվով: 2000 թ. փետրվարի 4-ին Կիպրոսի ընկերական մրցաշարում Լիմասոլում դաշտի տերերը միայն ավելացված ժամանակում են կարողացել խփել վճռորոշ գոլն ու հաղթել 3-2 հաշվով (մերոնցից աչքի են ընկել Արթուր Պետրոսյանն ու Արման Քարամյանը): Ընդհանրապես, այս մրցաշարը միշտ էլ աչքի է ընկել սեփական հավաքականի օգտին կիպրացի մրցավարների կասկածելի որոշումներով (տարօրինակ է, բայց մրցաշարում Կիպրոսի խաղերը եւս նրանք են սպասարկել): 2006-ի մարտի 1-ին կրկին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Լիմասոլում մերոնք 0-2 հաշվով պարտվել են կղզեբնակներին: 2007-ի սեպտեմբերի 8-ին Կիպրոսում կայացած հերթական ընկերական խաղն ավարտվել է դաշտի տերերի 3-1 հաշվով հաղթանակով (այս խաղի մրցավարը եւս կիպրացի էր): Մերոնցից միակ գոլը խփել է Ռոբերտ Արզումանյանը: Մի ընկերական խաղ էլ կայացել է 2017-ի նոյեմբերի 13-ին Երեւանում եւ ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 3-2: Աչքի են ընկել Հայկ Իշխանյանը, Վարազդատ Հարոյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Մի ընկերական խաղ էլ կայացել է 2023 թ. մարտի 28-ին Երեւանում: Գրանցվել է 2-2: Մերոնցից դուբլի հեղինակ է դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը: Վերջին խաղն էլ, ինչպես ասվեց, տեղի է ունեցել Նիկոսիայում այս տարվա հոկտեմբերի 2-ին ու ավարտվել կղզեբնակների 2-0 հաշվով հաղթանակով։
Այսպիսով՝ հայ-կիպրական ֆուտբոլային դիմակայությունում մինչ այս կայացել է 8 հանդիպում: Մերոնք հաղթել են 1 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, 5 անգամ էլ հաղթել են կղզեբնակները: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 8-16՝ ի վնաս մեզ:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Պոդգորիցայում կսկսվի մեր խմբի Մոնտենեգրո-Լատվիա հանդիպումը։
Լուսանկարը՝ Armenia National Teams, facebook.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել