HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մշակույթի նախարարի 2019թ.-ի հրամանը Օպերային թատրոնում դարձյալ դատական վեճի առարկա է դարձել

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տնօրեն Կարեն Դուրգարյանը 2026թ. նոյեմբերի 11-ին հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ 2019թ.-ի մայիսի 31-ի թիվ 276-Ա հրամանը։ Այդ հրամանով նախարարի պաշտոնակատարն անվավեր էր ճանաչել թատրոնի բալետային խմբի վարիչ Բորիս Էմինյանին աշխատանքից ազատելու հրամանը և հանձնարարել վերականգնել նրան նախկին պաշտոնում՝ որպես բալետային խմբի վարիչ։

Թատրոնը պնդում է, որ Նազենի Ղարիբյանը նման որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել, քանի որ աշխատանքային վեճերը լուծվում են դատական կարգով։ Ըստ թատրոնի՝ հրամանն ընդունվել է առանց իրավական հիմքերի, իսկ դրա ընդունման ընթացքում խախտվել են վարչական վարույթի իրականացման կանոնները։

Ինչպե՞ս է առաջացել վեճը

Բորիս Էմինյանը թատրոնում աշխատել է 1.5 հաստիքով։ Մեկ հաստիքով զբաղեցրել է բալետային խմբի վարիչի պաշտոնը, որից ազատվել է 2017թ.-ի հոկտեմբերի 10-ին՝ հաստիքների կրճատման պատճառով։ Կես հաստիքով աշխատել է որպես բալետային խմբի արտիստ, սակայն 2017թ.-ի հոկտեմբերի 26-ին ազատվել է նաև այդ աշխատանքից՝ հերթական որակավորումը չանցնելու պատճառով։

Ըստ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի»՝ աշխատանքից ազատման հրամանները Էմինյանը դատարանում չի բողոքարկել։ Միայն 2018թ.-ի օգոստոսից՝ աշխատանքից ազատվելուց շուրջ ինն ամիս անց, սկսել է դիմումներ և բողոքներ ներկայացնել տարբեր պետական մարմինների։

Թատրոնը պետական մարմիններին հայտնել է, որ Էմինյանի՝ աշխատանքում վերականգնվելու հարցը կարող է լուծել միայն դատարանը։ Սակայն Էմինյանը դատարան չի դիմել։

Այնուհետև  մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դիմել է թատրոնին՝ պահանջելով Բորիս Էմինյանին վերականգնել նախկին աշխատանքում։ Թատրոնը մերժել է պահանջը՝ նշելով, որ նախարարի պաշտոնակատարը նման լիազորություն չունի։

2019թ.-ի մայիսի 31-ին՝ պաշտոնից ազատվելու օրը, Նազենի Ղարիբյանն ընդունել է թիվ 276-Ա հրամանը։ Դրանով անվավեր է ճանաչել թատրոնի տնօրենի՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ի հրամանը և հանձնարարել Բորիս Էմինյանին վերականգնել բալետային խմբի վարիչի պաշտոնում։

Բացի այդ, հրամանի 3-րդ կետով թատրոնի տնօրենի պաշտոնակատարին հանձնարարվել է «հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկել և վճարել Բ. Էմինյանին օրենսդրությամբ սահմանված միջին աշխատավարձը և փոխանցել սոցիալական փաթեթի գումարը»:

Թատրոնը չի կատարել հրամանը։ Հիմք է ընդունել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի՝ պետական կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել լիազորված պետական մարմնի՝ օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները և հրամանները։ Այդպիսի որոշումները չկատարելու համար տնօրենը չի կարող պատասխանատվության ենթարկվել։

Թատրոնը նաև վարչական կարգով բողոքարկել է նախարարի հրամանը՝ այն ստանալուց հետո երկօրյա ժամկետում։ Բողոքը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մշակույթի նախարարության իրավահաջորդին։

2019 թվականի օգոստոսի 27-ին ԿԳՄՍ նախարարն ընդունել է հրաման՝ անվավեր ճանաչելով Նազենի Ղարիբյանի մայիսի 31-ի հրամանը։

Ըստ թատրոնի ղեկավարության՝ նախարարի նոր հրամանի ընդունումից շուրջ չորս տարի անց՝ 2023թ.-ի նոյեմբերի 11-ին, Բորիս Էմինյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի օգոստոսի 27-ի հրամանը։

Բորիս Էմինյանն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ իրեն պատշաճ կերպով չեն ծանուցել ԿԳՄՍ նախարարի հրամանի մասին։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը։ Դատարանի որոշման հիմքում եղել է այն հանգամանքը, որ նախարարությունը չի կարողացել ապացուցել, թե Բորիս Էմինյանը պատշաճ ծանուցվել է հրամանի մասին։

Արդյունքում անվավեր է ճանաչվել ԿԳՄՍ նախարարի 2019թ.-ի օգոստոսի 27-ի հրամանը։

Թատրոնը, որը գործով ներգրավված էր որպես երրորդ անձ, բողոքարկել է վճիռը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է բողոքը։ ԿԳՄՍ նախարարը վճռաբեկ բողոք է ներկայացրել, բայց Վճռաբեկ դատարանը 2026թ. հունիսին վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում է կայացրել։

Թատրոնն այժմ՝ 7 տարի անց, հայցով պահանջում է անվավեր ճանաչել Նազենի Ղարիբյանի՝ 2019թ.-ի մայիսի 31-ի հրամանը։ Հայցում նշվում է, որ այն հակասում է Սահմանադրությանը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և Աշխատանքային օրենսգրքին։

Թատրոնի հիմնական փաստարկն այն է, որ Մշակույթի նախարարությունը լիազորված չէր քննելու աշխատողի և գործատուի միջև ծագած աշխատանքային վեճը, անվավեր ճանաչելու թատրոնի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը և աշխատողին վերականգնելու վերաբերյալ պարտադիր հանձնարարություն տալու։

Ըստ թատրոնի՝ Բորիս Էմինյանն այդ ժամկետում դատարան չի դիմել, հետևաբար նախարարությունը իրավասու չէր քննելու նրա՝ աշխատանքում վերականգնվելու պահանջը։

Թատրոնը վիճարկում է նաև Նազենի Ղարիբյանի հրամանով միջին աշխատավարձի հաշվարկման և վճարման հանձնարարությունը։ Հայցում նշվում է, որ հրամանում բացակայում են միջին աշխատավարձի հաշվարկման իրավական հիմքերն ու կարգը։ Բացի այդ, հանձնարարությունն ուղղված է եղել թատրոնի տնօրենի պաշտոնակատարին, ոչ թե կազմակերպությանը։

Թատրոնը նաև պնդում է, որ ընդունված հրամանը չի համապատասխանում վարչական ակտի ձևին և բովանդակությանը ներկայացվող օրենքի պահանջներին։ Մասնավորապես՝ այն չունի պատշաճ հիմնավորում, նկարագրական և պատճառաբանական մասեր, ինչպես նաև բողոքարկման ժամկետի և բողոքարկման մարմնի վերաբերյալ տեղեկություններ։

Հարկ է նշել, որ 2026թ.-ի սեպտեմբերի 11-ին էլ Բորիս Էմինյանն է դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին իրեն փաստացի վերականգնել բալետային խմբի վարիչի պաշտոնում։

Էմինյանը պահանջում է, որ թատրոնն ապահովի իր աշխատանքային գործունեության վերսկսումը՝ տրամադրելով պաշտոնին համապատասխան աշխատանք, աշխատատեղ և պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ պայմաններ։

Բացի այդ, նա պահանջում է թատրոնից բռնագանձել միջին աշխատավարձի չափով հատուցում՝ 2017թ.-ի հոկտեմբերի 13-ից մինչև աշխատանքում փաստացի վերականգնվելու օրն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter