Դատախազի խոսքերը վրդովեցրին Բագրատ Սրբազանին․ նիստերի դահլիճում վիճաբանություն սկսվեց
«Սրբազան պայքարի» գործով այսօր՝ նոյեմբերի 12-ին կայացած դատական նիստում մոտ մեկ ժամ զենքերի զննության վերաբերյալ տեսաձայնագրություն դիտելուց հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, երբ Բագրատ Սրբազանը դատախազներին հարցրեց, թե ինչ է փաստում այդ տեսագրությունը և ինչպես է այն առնչվում ամբողջ գործին։
«Քանի նիստ ա՝ չարչարվում են, հետազոտություն են ցույց տալիս, ինչո՞ւ, ի՞նչ փաստեց դա, այսպես ասելն ու անցնելը նշանակում է ասելիք չունենալ»,- հայտարարեց Սրբազանը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, պատասխանելով Սրբազանին, ասաց, որ չի պատրաստվում նույն բանը կրկնել։
«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, չի նշանակում, որ նրա ասելիքի մեջ բովանդակություն կամ իմաստ կա։ Ես կողմ չեմ նիստերի դահլիճում մերկապարանոց, պրովոկացիոն հայտարարություններ անելուն»,- նշեց նա։
Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց. «Սա վիրավորանք չէ՞ր, մերկապարանոցը ձեր ամբողջ արածն է»։
Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, հանրային մեղադրողների և մեղադրյալների միջև վիճաբանություն սկսվեց։
Հանրային մեղադրողը պնդեց՝ մերկապարանոց բառը չի օգտագործել մասնակիցներից որևէ մեկի վերաբերյալ և իր համար հասկանալի չէ, թե ինչու է մեղադրյալը վերցնում իր վրա։
«Գողակա՞ն ես դու, այ տղա, այ խուժան»,- դիմելով դատախազին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Նիստն ընդմիջվեց, դատավորը լքեց նիստերի դահլիճն, իսկ հանրային մեղադրողների և մեղադրյալների միջև վիճաբանությունը շարունակվեց։
Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ դատախազը շնորհակալություն էր հայտնել նրան, որ այդ խոսքերն իր վրա է վերցրել։
Ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանն ասաց, որ խստորեն դատապարտում է այն, ինչ տեղի է ունենում դատարանի դահլիճում դատախազի պաշտոն ունեցող մարդկանց կողմից, և նրանց վարքն ուղղակի անընդունելի է։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնեց, որ միջադեպի վերաբերյալ սանկցիա կիրառելու միջնորդություն ունի։
«Դատարանը դատական սանկցիա կիրառելու որևէ անհրաժեշտություն այս պահին չի տեսնում»,- նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Դատարանը նախազգուշացրեց վարույթի մասնակիցներին՝ եթե հետայսու նման ձևով որևէ մեկը արտահայտություն անի կամ շարունակի, դատարանն անմիջապես սանկցիա կկիրառի։
Թեև պաշտպան Խուդոյանը հայտարարեց՝ ամեն դեպքում միջնորդություն ունի, դատարանը չընդունեց և թույլ չտվեց ներկայացնել այն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել