Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ:
Հանդիպման մեկնարկը հաջող ստացվեց հյուրերի համար. 9-րդ րոպեին Կիպրոսի հավաքականում իր նորամուտը նշող և Երևանի «Փյունիկում» հանդես եկող Յասոնաս Պիկիսը գրավեց դարպասն ու բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո գնդակով հիմնականում մերոնք էին խաղում։ Հայաստանի հավաքականի կազմում հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ունեցավ Նարեկ Գրիգորյանը, սակայն նրա հեռահար հարվածից հետոգնդակը հեռացրեց Կիպրոսի դարպասապահ Ֆաբիանոն: Քիչ անց վտանգավոր հարվածով աչքի ընկավ նաև Արտյոմ Բանդիկյանը, սակայն գնդակն անցավ մոտակա դարպասաձողի կողքով: Ընդմիջումից առաջ հյուրերը կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն Յորգոս Մալեկիդիսի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:
Երկրորդ խաղակեսում մեր տղաները շարունակեցին ճնշում գործադրել և 58-րդ րոպեին հասան հաջողության: Աջ եզրից դեպի կենտրոն շարժվելով՝ Արթուր Սերոբյանը ճշգրիտ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ Արթուր Ղարիբյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի ստորին անկյունը՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղավարտին Հայաստանի հավաքականը մոտ էր հաղթանակ կորզելուն, սակայն Սերոբյանի ցածր հարվածից հետո մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում։ Կիպրոսը 8 միավորով երկրորդն է ու 2 միավորով հետ է մնում խմբի առաջատար Մոնտենեգրոյից, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մեր խմբի Մոնտենեգրո-Լատվիա հանդիպումը կմեկարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 23:45-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել