18-ամյա զինվորի ուղին՝ Կարմիր շուկայից մինչև Երևանի հիվանդանոցներ. Գարուն Ամիրյան
Գարուն Ամիրյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա մարտական գործողությունների է մասնակցել Կարմիր շուկայում և Արալեռում, որտեղ էլ ծանր վիրավորվել է։ Առաջին հիվանդանոցում ոտքը մետաղային դետալներով հավաքելու և Զինվորի տան բուժումների արդյունքում սայլակից վեր է կացել, այժմ աշխատում է սննդի կետում։
«44-օրյա պատերազմի սկիզբը Իվանյանի զորամասում
2020 թ. օգոստոսի 9-ին զորակոչվել եմ ժամկետային զինծառայության՝ Արցախի Իվանյանի (Խոջալու) զորամաս։ Ասկերանի զորամասում անցավ զինծառայությանս ուսումնական փուլը։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ սեպտեմբերի 4-ին, Ասկերանից տեղափոխվեցի Իվանյանի տանկային զորամաս և հրետանային դիվիզիոնի երկրորդ մարտկոցում նշանակվեցի ինքնագնաց հրետանային կայանի (սամախոդկա-ՍԱՈՒ) առաջին հաշվարկի նշանառու։ Մեր մարտկոցի հրամանատարը կապիտան Արշակյանն էր։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան մեր մարտկոցի հրամանատար Արշակյանը զինվորներին հավաքեց ու ասաց. «Զգույշ ու զգոն եղեք, հնարավոր է՝ պատերազմ սկսվի, տագնապով դիրքեր բարձրանանք»։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ 06։30-ին, հակառակորդի հրետանին կրակեց մեր զորամասին, պատուհանների ապակիները ջարդվեցին։ Առաջին պայթյունի ժամանակ դեռ մտածում էինք, որ զորավարժություններ են։ Երբ երկրորդ արկն ընկավ զորամասի տարածքում, վազեցի լուսամուտի մոտ և տեսա, որ զորամասը ակտիվ հրետակոծվում է, ու հասկացանք, որ պատերազմ է սկսվել։ Հետո զորամասում տագնապ տվեցին։
Ամբողջ մարտկոցը իրար էր խառնվել։ Ճտքակոշիկներս չէի գտնում, որ հագնեմ։ Հետո պարզվեց՝ զինվորներից մեկն իմ ճտքակոշիկներն էր հագել, իսկ ես մեկ ուրիշի զինվորական բաճկոնն (կիտելը) էի հագել։ Կիսահագնված՝ զենք ստացանք ու վազեցինք մեքենաների, զինտեխնիկայի մոտ։ Այդ ընթացքում շարունակում էին խփել զորամասին՝ հրետանիով ու անօդաչու թռչող սարքերով։
Ժամը 09։00-ին մեր մարտկոցի չորս հաշվարկով նստեցինք մեր ինքնագնաց հրետանային կայանները և շարժվեցինք դեպի կենտրոնացման շրջան։ Մեր մարտկոցն ուներ ինքնագնաց հրետանային կայանի չորս հաշվարկ։ Յուրաքանչյուր հաշվարկում չորս զինվոր էինք՝ հաշվարկի հրամանատար՝ սերժանտի կոչումով, նշանառու, լիցքավորող և մեխանիկ-վարորդ։ Մեր հաշվարկի հրամանատարը սերժանտ Վարդան Կլեկչյանն էր, մեխանիկ-վարորդը՝ Արմեն Նիկողոսյանը, իսկ լիցքավորողը՝ Արթուրը, որը Գորիսից էր, ես նշանառուն էի։ Այդ ամբողջ օրը ճանապարհ գնացինք։ Մարտունիով անցնելիս տեղի բնակիչները մեզ սնունդ, խմիչքներ, քաղցրավենիք ու սիգարետներ տվեցին։ Կարմիր Շուկայում կանգնեցինք և երկու-երեք օր մնացինք այնտեղ։ Մեզ հետ այնտեղ էին նաև մեր զորամասի հրամանատարը, շտաբի պետը և մեր մարտկոցի հրամանատարը։ Դուրս եկանք կայաններից, հաց կերանք, խրամատներ փորեցինք, թաքստոցներ սարքեցինք և մարտական հերթապահություն իրականացրինք։
Արալեռի դեպքերը
Հոկտեմբերի 1-ին նստեցինք մեր ինքնագնաց հրետանային կայաններն ու գնացինք Արալեռ։ Գիշերը հասանք Արալեռ կոչվող տարածք։ Մեր զորամասի տանկային և ԲՄՊ ստորաբաժանումներն էլ էին մեր մոտակայքում տեղակայված։ Մեր դիրքը երրորդ գիծն էր։ Մեզնից առաջ տեղակայված էին նաև մեր՝ Իվանյանի զորամասի հրաձգային ստորաբաժանումները։ Մարտընկերներս ասում էին, որ Արալեռից հետո Ջրականն է։
Բաց դաշտ էր ու դժվար փորվող կարմիր հող։ Ո՛չ խրամատ կար, ո՛չ թաքստոց։ Սկզբում թաքստոց սարքեցինք, հետո խրամատներ փորեցինք, դիրքավորվեցինք ու սկսեցինք հերթապահել։ Մոտակա գյուղերից երկու-երեք գյուղացի՝ բարձրահասակ, ուժեղ տղամարդիկ, քլունգներով ու բահերով եկել և մեզ օգնում էին խրամատներ փորել։
Հոկտեմբերի 2-ին մեր մոտ տեղակայված տանկերից մի քանիսը հրետակոծվեցին, շարքից դուրս եկան, և մեր զորամասի զորքերից մի քանի հոգի վիրավորվեցին։ Գիշերները արկեր բերող մեքենայի հետ զորամասից ջուր ու սնունդ էլ էին ուղարկում։ Գիշերները հանգստանում էինք, ցերեկը մենք էլ էինք կրակում։ Կոորդինատները մեզ տալիս էին մեր զորամասի հրաձգային ստորաբաժանումները՝ նրանց հետ էինք համագործակցում։ Ոչնչացնում էինք հակառակորդի մարդկային կուտակումներն ու զինտեխնիկան։
Հաջորդող մի քանի օրերը թշնամին էլ էր ինտենսիվ հրետակոծում, մենք էլ։
Գրադի արկը պայթեց ու ջարդեց, հաշմեց ոտքերս
Հոկտեմբերի 9-ի առավոտյան ուժեղ հրետակոծում էին։ Տեխնիկայից դուրս եկա ու թաքստոց մտա։ Այնտեղ հաց կերանք, ծխում, հանգստանում էինք։ Հետո արկը խփեց մեր տեխնիկային, այն վառվեց։ Մեջը եղած երկու զինվորներին դժվարությամբ կարողացանք դուրս հանել։ Նրանք թեթև վիրավորվել էին։
Հակառակորդն արդեն իմացել էր մեր տեղը, և փորձում էինք դիրքափոխվել, ավելի ապահով տեղ գնալ։ Այդ պահին «Գրադով» և ականանետով կրակում էին մեր ուղղությամբ։ Մարտընկերներս ասում էին, որ Ջրականի դիրքերը վերցրել էին և հակառակորդն ավելի էր մոտեցել մեզ։ Հրամանատարությունը նահանջի հրաման տվեց, բայց մեր ուղղությամբ այնքան ինտենսիվ էին կրակում, որ չէինք կարող նահանջել։
Փորձեցինք դուրս գալ թաքստոցից, որովհետև այն հրետակոծում էին ու այդ պահին «Գրադի» արկը տրաքեց ինձնից մի քանի մետր հեռու։ Պայթյունի ալիքը ինձ մի քանի մետր շպրտեց ու պատին խփեց։ Ոտքերիցս վիրավորվեցի։ Մի ոտքս ամբողջությամբ ջարդվեց, արկի բեկորները ծվատեցին ու հաշմեցին այն, մյուս ոտքս մասամբ տուժեց։ Մինչև հիմա աջ ոտքիս մատները չեն աշխատում։
Հետո ինձ շտապ օգնության «ՈւԱԶ»-ով տարան Մարտունի, առաջին օգնություն ցույց տվեցին, ոտքս անշարժացրին ու տեղափոխեցին Երևան՝ Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Հիվանդանոցում պարզվեց աջ ոտքս բավականին ջարդվել ու հաշմվել էր՝ արկի բեկորների հարվածից, ոտքս վիրահատեցին ու ամբողջությամբ մետաղներով հավաքեցին։
Չնայած ուժեղ ցավերին՝ պարապեցի ու վեր կացա սայլակից
2021 թ. ձմռանը եկա Զինվորի տուն։ Սայլակին էի, մի ոտքս ամբողջությամբ մետաղներով հավաքած էր, մյուսը՝ թուլացած՝ երկար ժամանակ անշարժ մնալուց, կոնտուզիայից ու սթրեսից։ Զինվորի տանը մարզեցին, պարապեցին, սկսեցի քայլել։ Ցավերս այնքան ուժեղ էին, որ ամբողջ օրը գոռում ու լացում էի։ Բայց քրտնաջան պարապում էի ու ամիսների համառ ջանքերի արդյունքում քայլել սկսեցի։ Արդյունքում բուժման փուլի ավարտին քայլակով տուն գնացի։ Հաջորդ բուժման փուլում՝ երկու ձեռնափայտով էի, այդպես քայլ առ քայլ ամրացա, կազդուրվեցի, շարունակեցի մարզվել, պարապել ու մի օր վերջապես ձեռնափայտս շպրտեցի ու ուրախ-ուրախ տուն գնացի։
2024 թ. հերթական ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ Գարունին զրկել են առաջին կարգի հաշմանդամությունից և անգամ երրորդ կարգ չեն սահմանել, ինչի պատճառով նա զրկվել է գոնե վերականգնողական բուժում ստանալու և տարեկան հետազոտություններ անցնելու հնարավորությունից։ Բողոքարկումն արդյունք չի տվել։
Գարունն այժմ Երևանում տուն է վարձում և մայրաքաղաքի սննդի կետերից մեկում է աշխատում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել