HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարտադիր զինծառայության ընթացքում զբաղեցրած որոշ պաշտոններ կհաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ. նախագիծ

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց մասնագիտությանը համապատասխան զինվորական պաշտոններ զբաղեցրած անձինք հետագայում հանրային կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի դիմելիս հնարավորություն կունենան բանակում այդ պաշտոններում ծառայելու ժամանակահատվածը հաշվարկել որպես մասնագիտական աշխատանքային ստաժ։ Բացի այդ, կրտսեր ենթասպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչումով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած անձանց ծառայության ժամանակահատվածը կներառվի հանրային ծառայության ստաժում։ Նման փոփոխություններ են առաջարկվում «Հանրային ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում։

Օրենքների նախագծերը մշակել է Արդարադատության նախարարությունը։ Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներում հստակ սահմանված չէ, թե ինչպես պետք է հաշվարկել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան մասնագիտական կամ հրամանատարական գործառույթներ իրականացրած անձանց այդ ժամանակահատվածը։

Նախարարության գնահատմամբ՝ կարող են լինել դեպքեր, երբ անձը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում փաստացի աշխատել է իր մասնագիտությամբ, կիրառել եւ զարգացրել մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, սակայն հետագայում հանրային կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի դիմելիս այդ փորձը չի հաշվարկվել որպես համապատասխան աշխատանքային ստաժ։

Որ զինվորական պաշտոններում ծառայելու ժամանակահատվածը կհաշվարկվի որպես մասնագիտական ստաժ

Նախագծերով առաջարկվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե այդ պաշտոնի գործառույթները համապատասխանում են անձի բարձրագույն կրթության մասին փաստաթղթում նշված մասնագիտությանը։ Պայման է նաեւ, որ անձը տվյալ մասնագիտությունը ձեռք բերած լինի մինչեւ զինվորական պաշտոնը զբաղեցնելը։

Օրինակ՝ եթե անձը մինչեւ բանակ զորակոչվելը ստացել է ինժեների մասնագիտություն, իսկ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել է այնպիսի պաշտոն, որի գործառույթները համապատասխանում են ինժեների մասնագիտությանը, ապա այդ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ։

Նախագծով առանձին կարգավորում է նախատեսվում նաեւ այն անձանց համար, որոնք համապատասխան մասնագիտական որակավորում չունեն, սակայն զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրած պաշտոնի շրջանակում կատարել են որոշակի բնագավառին առնչվող աշխատանք։ Նրանց դեպքում այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես տվյալ բնագավառի աշխատանքային ստաժ՝ հաշվի առնելով պաշտոնի գործառույթների բնույթը եւ դրանց համապատասխանությունը տվյալ բնագավառին։

Այսինքն՝ եթե անձը չունի տվյալ ոլորտի մասնագիտական կրթություն, բայց բանակում զբաղեցրած պաշտոնում կատարել է այդ բնագավառին առնչվող գործառույթներ, նրա ձեռք բերած փորձը կարող է հաշվարկվել որպես տվյալ բնագավառի աշխատանքային ստաժ։

Այս կարգավորումները նախատեսվում են ինչպես հանրային, այնպես էլ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար։ Հետեւաբար, զինվորական ծառայության ընթացքում համապատասխան մասնագիտական փորձ ձեռք բերած անձինք այն կարող են օգտագործել երկու համակարգերում էլ պաշտոնի համար սահմանված ստաժի պահանջը բավարարելու նպատակով։

Կրտսեր հրամանատարական պաշտոնները կներառվեն հանրային ծառայության ստաժում

«Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվում է նաեւ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչումով կրտսեր հրամանատարական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը ներառել հանրային ծառայության ստաժում։

Խոսքը զինծառայողների մասին է, որոնք ծառայության ընթացքում ունեցել են կրտսեր հրամանատարական պաշտոն եւ համապատասխան զինվորական կոչում։ Այդ պաշտոնները ենթադրում են ոչ միայն զինվորական պարտականությունների կատարում, այլեւ ենթակա անձնակազմի գործունեության կազմակերպում եւ համակարգում, ծառայողական առաջադրանքների կատարման ապահովում, ինչպես նաեւ հրամանատարական ու կազմակերպչական գործառույթների իրականացում։

Նախարարության հիմնավորմամբ՝ նման պաշտոններում ծառայելու ընթացքում անձինք ձեռք են բերում կազմակերպչական, կառավարչական, հաղորդակցական եւ որոշումներ կայացնելու կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել նաեւ հանրային ծառայության համակարգում։

Այս դրույթը վերաբերում է հենց հանրային ծառայության ստաժին։ Այն չի նշանակում, որ նշված ժամանակահատվածն ինքնաբերաբար կհաշվարկվի որպես քաղաքացիական ծառայության ստաժ։ 

Նախագծերով առաջարկվող փոփոխությունները կտարածվեն 2018թ-ի մարտի 23-ից հետո պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոններ զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց վրա։ Այսինքն՝ կարգավորումները կվերաբերեն ոչ միայն օրենքների ընդունումից հետո ծառայողներին, այլեւ նախկինում համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողներին։

2018 թվականի մարտի 23-ն ընտրվել է, քանի որ այդ օրը ընդունվել են «Հանրային ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» գործող օրենքները, որոնցով սահմանվել են այդ ոլորտների ներկայիս իրավական կարգավորումները։

Լուսանկարը՝ ՊՆ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter