HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատապարտյալների կուլ տված առարկաներից մինչև թափուր հաստիքներ․ Քրեակատարողական ծառայությունը կադրեր է փնտրում

Գդալ, պատառաքաղ, ասեղ, մեխեր ու երկաթի կտորներ. այս առարկաները ցուցադրված էին ապակեպատ սեղանիկի մեջ՝ Քրեակատարողական ծառայության այսօր կազմակերպած աշխատանքային տոնավաճառի ժամանակ: Թվարկվածները սովորական կենցաղային իրեր չէին․ դատապարտյալները դրանք կուլ էին տվել ինքնավնասման դեպքերի ժամանակ։ Համակարգում աշխատանքի առանձնահատկությունները ներկայացնելու համար ընտրված այս ցուցանմուշները միաժամանակ ցույց էին տալիս, թե ինչպիսի իրավիճակների կարող են բախվել քրեակատարողական ծառայողները։

Իսկ ցուցասրահի մյուս հատվածում ծառայության տարբեր ստորաբաժանումներ ներկայացնում էին իրենց աշխատանքը, մասնագիտական պահանջներն ու թափուր հաստիքները՝ կազմակերպված աշխատանքային տոնավաճառի շրջանակներում: Ցուցադրված էին նաև դատապարտյալների ձեռքի աշխատանքները, որոնք հիմնականում կավից ու գիպսից էին:

Քրեակատարողական ծառայությունն այսօր՝ 2026թ. նոյեմբերի 13-ին, միջոցառումը կազմակերպել էր քաղաքացիներին համակարգի գործունեությանը ծանոթացնելու, մասնագիտական նոր հնարավորությունները ներկայացնելու և թափուր հաստիքները համալրելու նպատակով։ Սակայն, չնայած աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճին, ծառայությունը դեռևս կադրերի պակաս ունի։

Տոնավաճառի ամենապահանջվածը Պահպանության ապահովման և ուղեկցումների վարչության տաղավարն էր։ Այստեղ աշխատանք փնտրող քաղաքացիները թողնում էին իրենց տվյալները՝ հույս ունենալով, որ կհրավիրվեն հարցազրույցի և աշխատանքի կընդունվեն։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման և ուղեկցումների վարչության պետ Աղասի Խաչատրյանի խոսքով՝ եթե նախկինում ծառայությունում կադրերի արտահոսքն ավելի մեծ էր, քան նոր աշխատակիցների ներհոսքը, ապա վերջին տարիներին իրավիճակը փոխվել է։

«Իսկ գնացողները հիմնականում մաքրման, զտման պրոցեսի արդյունքում են գնում։ Այսինքն՝ չեն գնում, որ աշխատանքը իրենց դուրը չեկավ, չի բավարարում իրենց պահանջմունքները, հիասթափվեցին աշխատանքից և այլն։ Իհարկե, կան ծառայողներ, որոնք առաջխաղացման, ավելի բարձր պաշտոնների, այլ աշխատանքի անցնելու պատճառներով են դուրս գալիս մեր ոլորտի ծառայությունից, բայց մեծ մասը, եթե դուրս են գալիս, ուրեմն մաքրման, զտման պրոցեսում է: Ծառայողական քննություններ ենք անցկացնում, անհանդուրժող ենք խախտումների նկատմամբ։ Հույս ունենք, որ շատ քիչ է մնացել ինքնամաքրման այդ ճանապարհն անցնելու համար»,- նշեց Աղասի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում շուրջ 200 դիմում է ուսումնասիրվել, և մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ են ընդունվել աշխատանքի։ Աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճը Աղասի Խաչատրյանը պայմանավորում է նաև ծառայության հեղինակության բարձրացմամբ։ Նրա դիտարկմամբ՝ նախկինում համակարգը փակ էր, և հասարակությունը բավարար տեղեկություն չուներ ծառայության ու այնտեղ աշխատելու հնարավորությունների մասին։

Այդուհանդերձ, քրեակատարողական հիմնարկներում պահպանության ապահովման և ուղեկցումների ուղղությամբ դեռևս 30-40 թափուր հաստիք կա։

Աղասի Խաչատրյանի խոսքով՝ նախկինում աշխատանքի դիմողները հիմնականում մտահոգվում էին աշխատանքի վտանգավորությամբ։

«Դիմողների առաջին հարցը եղել է՝ հո վտանգավոր չի՞: Իսկ այսօր տեսնում ենք, որ ընդհուպ մինչև պատժի բարձրագույն շեմով դատապարտված անձինք՝ ցմահ դատապարտյալները պանելային քննարկման են մասնակցում։ Երբ մարդկանց բացատրում ես, ասում ես, հասկանում են, որ եթե վտանգավոր է, ռիսկային է, ամբողջ գործիքակազմը պետությունը տվել է այդ վտանգները և ռիսկերը կառավարելու համար»,- ասում է Աղասի Խաչատրյանը:

Վարչությունում կրտսեր մասնագետի ամսական աշխատավարձը սկսվում է 200 հազար դրամից, իսկ առաջատար մասնագետինը՝ 260 հազար դրամից։ Ծառայության անցնելուց վեց ամիս հետո աշխատակիցները կարող են մասնակցել հերթական ատեստավորմանը։ Դրական արդյունքի դեպքում կարող են ստանալ 200 հազար դրամի հավելավճար։

Աղասի Խաչատրյանն ասում է, որ սա Հայաստանում միջին աշխատավարձից բարձր է, հետևաբար աշխատավարձը գրավիչ է:

Մասնագետների պակաս՝ հատկապես մարզային քրեակատարողական հիմնարկներում

Տոնավաճառում ներկայացված էր նաև Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։ Ծառայության գլխավոր սոցիալական աշխատող Մանանա Մանուկյանը ներկայացնում էր բաժնի գործառույթները։

Այս ստորաբաժանման աշխատակիցները գնահատում են դատապարտյալների ռիսկերն ու կարիքները, կազմում վերասոցիալականացման անհատական ծրագրեր, բացահայտում ազատությունից զրկված անձանց ինքնասպանության և ինքնավնասման ռիսկերը, իրականացնում դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքներ և տրամադրում անհրաժեշտ աջակցություն։

Մանանա Մանուկյանի խոսքով՝ որոշ քրեակատարողական հիմնարկներում մասնագետների հաստիքները համալրված են, սակայն մյուսներում դեռևս թափուր տեղեր կան։

«Մենք Արմավիր քրեակատարողական հիմնարկում ունենք հոգեբանի հինգ հաստիք, որոնցից հինգն էլ այս պահին համալրված են։ Այսինքն՝ կոնկրետ այդ մեծ քրեակատարողական հիմնարկում խնդիր չունենք այս պահին։ Մյուս հիմնարկներում, եթե թափուր հաստիքներ կան, փորձում ենք համալրել։ Մեր բաժինները քաղծառայության հաստիքներ են, և այդ դեպքում պահանջվում է որոշակի ժամանակահատվածով ստաժ։ Օրինակ՝ գլխավոր սոցիալական աշխատողի, գլխավոր հոգեբանի, իրավաբանի համար պահանջվում է 2 տարվա մասնագիտական կամ 3 տարվա քաղծառայության ստաժ։ Եթե մենք տեսնում ենք, որ այս տարբերակով չենք կարողանում մեր կադրերը համալրել, փորձում ենք նաև պայմանագրային հիմունքներով համալրել մեր հաստիքները»,- ասում է Մանանա Մանուկյանը։

Նրա ներկայացմամբ՝ թափուր հաստիքներ կան «Արթիկ», «Սևան», «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում թափուր է նաև սոցիալական աշխատողի հաստիքը։

«Հիմնական խնդիրը սովորաբար կապված է հեռու մարզերի հետ, Երևանում ու մոտիկ քրեակատարողական հիմնարկներում չունենք այդպիսի խնդիր»,- ասում է Մանանա Մանուկյանը։

Կադրերի համալրմանը խոչընդոտում է նաև աշխատավարձի չափը։ Մանանա Մանուկյանի խոսքով՝ մասնագետները երբեմն հրաժարվում են առաջարկվող աշխատանքից, քանի որ այլ կառույցներում կարող են ավելի բարձր վարձատրություն ստանալ։

«Օրինակ՝ գլխավոր սոցիալական աշխատողի, գլխավոր հոգեբանի համար մինչև 300 հազար դրամ և մի քիչ ավել հնարավոր է ստանալ աշխատավարձ, իհարկե՝ հավելումներով, բայց առանց հավելումների՝ 200 հազար դրամի չափ է»,- ասում է Մանանա Մանուկյանը։

Այսինքն՝ Քրեակատարողական ծառայությունը մի կողմից արձանագրում է աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ, մյուս կողմից՝ շարունակում է ունենալ տասնյակ թափուր հաստիքներ։ Հատկապես մարզային հիմնարկներում մասնագետներ գտնելը դժվար է, իսկ աշխատավարձի չափը ևս չի նպաստում հաստիքների համալրմանը։ Աշխատանքային տոնավաճառը քաղաքացիներին համակարգին ծանոթացնելու հնարավորություն է, սակայն կադրային խնդիրների լուծումը պահանջում է ոչ միայն աշխատանքի մասին իրազեկում, այլև այնպիսի պայմաններ, որոնք մասնագետներին կդրդեն ընտրել հենց քրեակատարողական ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter