HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սփյուռքահայը, որ հող չունի ոտքի տակ, արցախցու ցավը շատ ավելի լավ կզգա․ Մարիանա Պերթիզլյան

Սիրիահայ գրող Մարիանա Պերթիզլյան-Ղազարյանը մեկ անգամ է եղել Արցախում՝ 2008թ․-ին Հայաստանի գրողների միությունը հերթական համագումարը Արցախում էր կազմակերպել։ Արցախից ստացած լույսն ու ջերմությունը, հայրենիքի զգացողությունը մեկ տասնամյակից ավելի խմորվել է ներսում, վերածվել արձակ ու չափածո ստեղծագործությունների։ Արցախի կորուստը վերստին մորմոքեց սրտում եղած բաց վերքը՝ կորուսյալ հայրենիքի կարոտը, որը նրա ստեղծագործությունների հիմնական թեման է։

«Անոնք, մեր պապերը կամքէ անկախ, պարտադրաբար, բռնությամբ կորսնցուցին մեզի ժառանգուելիք հայրենիքը՝ Արևմտահայաստանը։ Մեր ծնողները չտեսան արդարօրէն իրենց սեփականութիւնը եղող մեզի կտակուելիք գանձը։ Մենք մեր գիտակցական կեանքի ամբողջ ընթացքին, այդ կսկիծը շալկած մեր ներսիդին քալեցինք, այդ տաքուկ գանձով ջերմացած, օծուած, զմռսուած՝ անուշաբոյր երազի պէս, անհասանելի ոսկեպատ Կենաց ծառին պէս, փոխանցեցինք սկուտեղը անգին, ուխտի նոր տապանակը մեր տակավին չծնած, կողոպտուած՝ անմեղ մեր զաւակներուն»,– գրում է «Լուսաշղարշ» գրքում ամփոփված «Բաղաբերդի ձյունամրրիկը» պատմվածքում։

Իր վերջին՝ «Լուսաշղարշ» գրքի պատմվածքների մի մասի թեման 2020թ․-ի 44-օրյա պատերազմն է՝ անթիվ զոհերով ու կորուստներով, արցախցիների տեղահանումը, և ի վերջո, Արցախի կորուստը։ Նույն ժամանակամիջոցում պատերազմի մեջ էր Սիրիան, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ հալեպաբնակ գրողի ստեղծագործություններում Արցախի կորստի ցավն է ու տառապանքը։

«Արցախյան պատերազմը չեմ կարող Սիրիայի պատերազմի հետ համեմատել։ Եթե մերն ունեցվածքի կորուստ էր միայն, այստեղ հայրենիքի, պապենական հողի կորուստ էր։ Մեր դարավոր հայրենիքի ամենագողտրիկ մի հատվածի կորուստն է, արցախցիներն իրենց հազարավոր տարիների բնօրրանում էին ապրում»,– ասում է Մարիանան։

«Ուրեմն կաթնկեր մայրը իր նորածինը կը թողու եղեր, ինչպէս՝ Արցախը լքուեցաւ։ Չար ձեռք մը արմատախիլ ըրաւ ամէն բան, արիւն ու սուգ սփռելով չորս դին։ Կը ծաղկի՞ արդեօք հողը կրկին իր բնակիչներով»,– պատմվածքներից մեկում հարցնում է Մարիանան։

Նա զարմանալի լավատեսություն ունի, որի հիմքում նաև իր տեսածն ու ապրածն է։ «Այնքան անկարելի բաներ կարելի են դառնում, կարելի բաներ՝ անկարելի, որ ամէն րոպե ամէն բան կարող է տեղի ունենալ»,– ասում է Մարիանան։ Արցախին նվիրված պատմվածքներից մեկում զուգահեռ է տանում Սիրիայի հայաբնակ Քեսապ բնակավայրի հետ, որը 2014թ․-ին «կրկին թուրքին կողմէ ասպատակուեցաւ, դատարկուեցաւ, քարուքանդ եղաւ ամեն բան։ Բռնաբարուեցաւ, լլկուեցաւ զանազան թուրք ցեղախմբերու, ահաբեկիչներու կողմէ։ Բայց՝ անյայտ պատճառներով, հողը կրկին իր տէրերուն վերադարձաւ։ Հրաշք է՞ր, աղօթքներու պատասխա՞ն»,– գրում է Մարիանա Պերթիզլյանը։

«Սփյուռքահայը, որ հող չունի ոտքի տակ, արցախցու ցավը շատ ավելի լավ կզգա, քան ան, որ ոտքին տակ հող ունի»,– Արցախի կորստով տառապող գրողն այսպես է բացատրում իր ապրումները։ Ցավով է նշում, որ նրանք էլ կիսեցին Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայության ճակատագիրը՝ հայրենազրկվեցին և սփռվեցին աշխարհով մեկ։ Թեկուզ հայրենիքում են, բայց կորցրել են իրենց տունը, պապենական հողը, թողել են իրենց գերեզմանները, իրենք արդեն նույն սփյուռքահայի կարգավիճակում են։

Սիրիահայ փոքրացած գաղթօջախն ու հայ գրականությունը

«Լուսաշղարշ»-ը Մարիանա Պերթիզլյան-Ղազարյանի վեցերորդ գիրքն է, որում նա ամփոփել է 2016-26թթ․-ին գրված պատմվածքներն ու խոհերը։ Գրքում, Արցախից բացի, հայրենիքում ուսանելու տարիների հուշերն են։ Մարիանան առնվազն հինգ տարի հայաստանցի լինելու բարեբախտությունն է ունեցել՝ միասին ենք սովորել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Դրանք բուռն իրադարձություններով հագեցած տարիներ էին՝ 1988թ․-ի ազգային զարթոնքի, հայրենաճանաչության, այնուհետև՝ Գյումրիի աղետալի երկրաշարժի, Արցախյան պատերազմի տարիները։

Գրողն իր առաջին գիրքը՝ բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակել է 2009թ․-ին, Հալեպում։ Ստեղծագործում է և՛ չափածո, և՛ արձակ։ Բանաստեղծությունների երկու և  չորս արձակ գրքերի հեղինակ է։ 2012-ից անդամակցում է Հայաստանի գրողների միությանը։ Գրքերի մի մասը Հայաստանում է հրատարակել, մի մասը՝ Հալեպում։ Վերջին՝ «Լուսաշղարշ» գիրքը, որի շնորհանդեսը մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Գրողների միությունում, հրատարակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո հայոց թեմի (Սիրիայի թեմ) առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանի մեկենասությամբ։

«Կիսով չափ դատարկված սիրիահայ գաղթօջախում որքանո՞վ են հետաքրքրված գրականությամբ, ի՞նչն է քեզ ստեղծագործելու լիցք տալիս»,– հարցնում եմ Մարիանային։ Ասում է, որ իր սերունդը հայերեն է կարդում և ուզում է հայկական գրականություն ունենալ։ Գրականությունը նրանց հայեցիությունը պահպանելու լիցքն է, կյանքը գաղթօջախում արթուն պահելու, հայկականությունը պահպանելու գրավականն  է։ Նույնը չի կարող ասել երիտասարդության մասին։

«Ներկայիս սերունդը խրախուսանքի պետք ունի։ Մեկը միշտ պիտի մղե իրենց, որ պետք չէ արաբերենը խառնել հայերենին։ Մինչև մեր ատենն արդեն վտանգ շատ չկար, բայց այս համաշխարհայնացումից, որ ներկա սերունդին վրա է խուժել, հայերենը տուժում է։ Հայերեն խոսելը, հայրենիքի մասին մտածելը կամ ազգայինը պահպանելն իրենց ընտանիքից պիտի գա, դպրոցը չի կարող ամեն բան անել»,– ասում է գրողը։

Սիրիայի պատերազմից հետո հայության կեսը հեռացել է, և դեռ շարունակում են հեռանալ երկրից։ «Անշուշտ, հայերենը միակ լեզուն է, որ մեզի հայ պիտի պահի։ Ավագ սերունդը շատ ջանք է թափում, որպեսզի երիտասարդները հայերեն գրեն։ Դժբախտաբար, հիմա շատ խառն ամուսնություններ կան տեղացի արաբ քրիստոնյաների հետ։ Առաջ դրանք դատապարտվում էին, հիմա սովորական երևույթ է դարձել։ Արդեն սարսափելի է, եթե մի քիչ էլ շարունակվի, երևի զուտ հայկական գեները պիտի կորսվեն այնտեղ»,– ցավով է ասում Մարիանան։

Բնականաբար, փոքրացած գաղթօջախում նաև դպրոցների թիվն է պակասել։ Նրա ասելով՝ Հալեպում այժմ չորս հայկական դպրոց կա։ Դպրոցներում հայերենի դասաժամերի քանակն է նվազել՝ շաբաթը չորս-հինգ ժամ ունեն, մնացած առարկաներն արաբերենով են։ Մարիանան նշում է, որ հայերենը զոհողության գնով են պահում, շատ թանկ գին են վճարում դպրոցում հայերեն սովորելու, մասնավոր դպրոցներում հավելյալ հայերենի ժամեր ունենալու համար։

Գլխավոր նկարը՝ grakantert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter