ԱՄՆ-ում տեխնիկական խափանման պատճառով ավելի քան 4 ժամով արգելվել են ինքնաթիռների թռիչքները․ չեղարկվել է ավելի քան 6000 չվերթ
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) նոյեմբերի 13-ին երկրի բոլոր օդանավակայաններից ժամանակավորապես արգելել է ինքնաթիռների թռիչքները։ Արգելքը գործել է ավելի քան չորս ժամ, ինչի հետևանքով չեղարկվել է ավելի քան 6000 չվերթ, իսկ շուրջ 1,5 միլիոն ուղևոր տուժել է ավիահաղորդակցության խափանումներից։
Ինչպես հաղորդում է Axios-ը, սկզբում FAA-ն երկրի բոլոր օդանավակայաններին հրահանգել էր դադարեցնել ինքնաթիռների թռիչքները մինչև հետագա կարգադրությունը։ Վարչությունն այս որոշումը հիմնավորել էր «արտակարգ հանգամանքներով» և «անվտանգության նկատառումներով»՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ ժամանող միջազգային չվերթների վերաբերյալ որոշումները կկայացվեն առանձին։
Sky News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների արգելքը հազվադեպ կիրառվող միջոց է, որին դիմում են միայն արտակարգ իրավիճակներում։ Վերջին անգամ նման սահմանափակում էր սահմանվել 2023 թվականի հունվարին, երբ խափանվել էր օդաչուներին թռիչքների համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրող համակարգը։
Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ թռիչքների համատարած դադարեցման պատճառը ավիացիոն հաղորդակցության համակարգում առաջացած տեխնիկական խափանումն է։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը հայտարարել էր, որ իշխանությունները փորձում են պարզել խափանման պատճառները և ուսումնասիրում են բոլոր հնարավոր վարկածները։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ նախնական տվյալներով որևէ ապացույց չկա, թե տեղի ունեցածը Միացյալ Նահանգների դեմ իրականացված դիտավորյալ հարձակում է։
«Ուզում ենք հավաստիացնել, որ սա որևէ սպառնալիք չի ներկայացնում ամերիկյան քաղաքացիների անվտանգության համար և որևէ առնչություն չունի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետ։ Թեև շատերը փորձում են նման զուգահեռներ անցկացնել, իրականում դա այդպես չէ»,- հայտարարել էր նախարարը։
Ավելի քան չորս ժամ անց FAA-ն հայտարարել է թռիչքների համատարած արգելքը վերացնելու մասին։ Սակայն այդ ընթացքում ավիահաղորդակցությունն արդեն լրջորեն խաթարվել էր։
Հրապարակված տվյալների համաձայն՝ չեղարկվել է ԱՄՆ-ից մեկնող և երկիր ժամանող ավելի քան 6000 չվերթ։ CNN-ի փոխանցմամբ՝ միայն չեղարկված չվերթների հետևանքով տուժել է շուրջ 1,5 միլիոն ուղևոր։ Այս թիվը չի ներառում այն ուղևորներին, որոնց չվերթները չեն չեղարկվել, սակայն հետաձգվել են։
Խափանման պատճառների ուսումնասիրությամբ պարզվել է, որ խնդիրն առաջացել է ավիացիոն հաղորդակցության համակարգի ցանցային սարքավորումների աշխատանքում, ինչի հետևանքով խաթարվել է օդային երթևեկության կառավարման համար անհրաժեշտ կապը։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ավելի ուշ պարզաբանել է, որ համակարգի հնացած երթուղիչներն ու կոմուտատորները գերբեռնվել են տվյալներով։ Դրա հետևանքով խափանվել է օդային երթևեկության կառավարման կենտրոնների կապի և ռադարային համակարգերի բնականոն աշխատանքը։
Դաֆիի խոսքով՝ թեև թռիչքներն արդեն վերսկսվել են, ավիահաղորդակցության բնականոն աշխատանքն ամբողջությամբ վերականգնելու համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի։
Իր հերթին ներքին անվտանգության նախարար Մարքվեյն Մալինը վերահաստատել է, որ առայժմ կիբերհարձակման որևէ նշան չի հայտնաբերվել։ Նա նաև բացառել է խափանման կապը նոյեմբերի 13-ին Microsoft-ի համակարգերում արձանագրված համաշխարհային խափանման հետ։
Չնայած թռիչքների արգելքն արդեն վերացվել է, ավիաընկերությունները նախազգուշացրել են, որ չվերթների ուշացումներն ու չեղարկումները կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին։
Լուսանկարը՝ Aristide Economopoulos/Bloomberg via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել