HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲԴԽ-ում քննարկվում է երկու դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունները։

ԲԴԽ-ից «Հետքին» հայտնում են, որ երկու միջնորդություններն էլ այս պահին քննվում են։ Թե ինչ հիմքերով է դատախազությունը դիմել խորհրդին՝ չեն մանրամասնում։

Գլխավոր դատախազությունը նույնպես չի մանրամասնում միջնորդությունների բովանդակությունը։ Հայտնում են՝ երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար միջնորդություններ են ներկայացրել՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը։

Նշված հոդվածով սահմանվում է, որ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդում է գլխավոր դատախազը:

Դատախազությունը միջնորդությունների մանրամասները չի հրապարակում՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև դատական իշխանության և դատավորների հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Չեն հրապարակվել նաև դատավորներին անհատականացնող տվյալները։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։

Ըստ լրատվականի՝ խոսքը որոշ անձանց վերաբերյալ դատական որոշումների մասին է, որոնց արդյունքում այդ անձինք հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանը։ Լրատվականի տեղեկություններով՝ դատավորներին անձեռնմխելիությունից զրկելուց և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո նախատեսվում է նաև բարձրացնել նրանց կալանավորելու հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter