HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Լատվիա-Հայաստան․ վիճակագրությունը մերոնց օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 18:00-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության Լատվիա-Հայաստան պատասխան հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած խաղում մեր ընտրանին հաղթել է 2-0 հաշվով (աչքի են ընկել Գեորգի Հարությունյանն ու Արթուր Ղարիբյանը): 

Եթե այդ մրցավեճն այս խաղարկության առաջին հանդիպումն էր մերոնց համար ու շատ կարեւոր էր մարզական տեսանկյունից, ապա այսօրվա խաղը մարզական առումով նվազ նշանակություն ունի, քանի որ C լիգայի 2-րդ խմբում, որտեղ ընդգրկված է մեր թիմը, մրցաշարային աղյուսակի դասավորությունը նախավերջին տուրից հետո վերջնական ձեւավորվել է, եւ անկախ վերջին խաղերից՝ թիմերը պահպանելու են իրենց հորիզոնականները։ Այսպիսով՝ 5 տուրից հետո Մոնտենեգրոն ունի 13 միավոր եւ ապահովել է առաջին տեղը, ինչը նշանակում է, որ այս թիմը հաջորդ խաղարկության ժամանակ հանդես է գալու B լիգայում։ 5 տուրից հետո 8 միավոր վաստակած Կիպրոսն էլ ապահովել է երկրորդ հորիզոնականը եւ հնարավորություն է ստանալու անցումային խաղերում պայքարել B լիգայի ուղեգրի համար։ Հայաստանը 5 տուրից հետո ունի 5 միավոր եւ երրորդն է։ Մերոնք մնալու են C լիգայում։ Խմբի հետնապահ Լատվիան էլ ունի 1 միավոր եւ ամեն դեպքում մնալու է վերջինը, սակայն D լիգա չի իջնելու, քանի որ Ազգերի լիգայի 2028-2029 թթ․ խաղարկության ժամանակ լինելու է երեք լիգա՝ A, B, C (ներկայիս D լիգայի բոլոր թիմերը բարձրանալու են C լիգա)։

Լատվիա-Հայաստան հանդիպումն սպասարկելու է հունական մրցավարական անձնակազմը՝ Վասիլիս Ֆոթիասի գլխավորությամբ։ 

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 211 ընտրանիների մեջ Հայաստանի հավաքականը 108-րդն է, իսկ Լատվիան՝ 143-րդը։

Վիճակագրության մասին։ Լատվիային մինչ այժմ հանդիպել ենք 7 անգամ: Առաջին երկու խաղերը եղել են ընկերական: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ 2023 թ. հունիսի 19-ին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում մերոնք Երեւանում 2-1 հաշվով հաղթեցին Լատվիային: Գոլերի հեղինակ դարձան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղը կայացավ նույն տարվա հոկտեմբերի 12-ին Ռիգայում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության ժամանակ էլ՝ 2024-ի սեպտեմբերի 7-ին, մերոնք Երեւանում հաղթեցին 4-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը, Էդուարդ Սպերցյանը, հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կասպարս Դուբրան: Ընդ որում՝ մերոնցից էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը: Դրա պատասխան խաղը կայացել է 2024-ի նոյեմբերի 17-ին Ռիգայում եւ ավարտվել մերոնց հաղթանակով՝ 2-1: Աչքի են ընկել Էդուարդ Սպերցյանն ու Արթուր Միրանյանը: Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում էլ, ինչպես ասվեց, սեպտեմբերի 25-ին, մերոնք Երեւանում հաղթել են 2-0 հաշվով, գոլերը խփել են Գեորգի Հարությունյանն ու Արթուր Ղարիբյանը։  

Այսպիսով՝ 7 խաղերից 4-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 2 անգամ էլ հաղթել են լատվիացիները: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-7՝ հօգուտ մեզ:

Լատվիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ Լիմասոլում կմեկնարկի Կիպրոս-Մոնտենեգրո խաղը։ 

Լուսանկարը՝ Armenia National Teams, facebook.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter