Հայաստանի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լատվիայի հետ և ավարտեց ելույթները Ազգերի լիգայում
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց Լատվիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Սկոնտո» մարզադաշտում։
Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց հանդիպումը. մեկնարկային րոպեներին Արթուր Սերոբյանի հարվածից հետո գնդակին տիրեց դարպասապահ Ռիհարդս Մատրևիցսը, իսկ Ժիրայր Շաղոյանի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով: Առաջին կեսում վտանգավոր պահ ստեղծեցին նաև տանտերերը. Լուկաս Վապնեի հեռահար հարվածից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը տպավորիչ թռիչքով հետ մղեց գնդակը: Ընդմիջումից առաջ երկու դարպասապահներն էլ հուսալի գործեցին. Մատրևիցսը կասեցրեց Նաիր Թիկնիզյանի և Նարեկ Գրիգորյանի հարվածները, իսկ Միշիևը երեք անգամ փրկեց մեր թիմին Լատվիայի հարձակվող Վլադիսլավս Գուտկովսկիսի հարվածներից հետո:
Երկրորդ խաղակեսում Լատվիայի հավաքականը մեծացրեց ճնշումը, սակայն Էդուարդս Դաշկևիչսի հարվածից հետո Միշիևը կրկին տեղում էր: Հայաստանի հավաքականի կազմում լավ հնարավորություններ ունեցան Սերոբյանն ու Ուգոչուկվու Իվուն, սակայն նրանց հարվածները շեղ ընթացան:
Խաղավարտից մոտ 20 րոպե առաջ Ալեքսանդր Միշիևը կրկին փրկեց թիմին՝ նախ հետ մղելով Գուտկովսկիսի հարվածը, ապա արագ կողմնորոշվելով և կասեցնելով Անդրեյս Ցիգանիկսի հարվածը: Հանդիպման վերջնամասում վտանգավոր պահեր ստեղծեցին Նարեկ Հովհաննիսյանն ու Կառլեն Հովհաննիսյանը, սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0:
Մեր խմբում Մոնտենեգրոյի ընտրանին 16 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու դուրս եկավ մրցաշարի B լիգա, երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը (8 միավոր), որը կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին՝ B լիգայի ուղեգրի համար։ Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և կմնա C լիգայում, իսկ Լատվիան 2 միավորով եզրափակեց աղյուսակը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել