HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Հայանտառում» հափշտակությունն անարդյունավետ ծա՞խս է

Արթուր Հովհաննիսյան

«Այդպես չի լինում, որ բոլոր ծառերը չորանան կամ վնասատուները վնասեն»

ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) առնվազն վատնման փաստեր է հայտնաբերել (ՀՀ քրեական օրենսգրքով դա հափշտակության դրսևորումներից մեկն է) ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: Սակայն ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դրանք ներկայացրել է անարդյունավետ ծախսեր, հավանաբար այն բանի համար, որպեսզի այդ փաստերը, համապատասխան փաստաթղթերը չներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն: Այնուամենայնիվ Ի. Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովում ս. թ. սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ որոշ տարածքներում, որտեղ անտառտնկման աշխատանքներ են կատարվել, իրականում որևէ տնկված ծառ չի հայտնաբերվել, չկա:

- Այդպես չի լինում, որ բոլոր ծառերը չորանան կամ վնասատուները վնասեն,- ասել է Ի. Զաքարյանը:

Ի՞նչի մասին է վկայում նշվածը, եթե ոչ հավելագրման, անտառտնկման համար գումարներ դուրս գրելու, փաստաթղթի վրա ցույց տալու, թե իբր անտառ են տնկել, բայց իրականում չտնկելու, առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցների հափշտակման (յուրացման կամ վատնման): Այո, մենք համամիտ ենք պարոն Զաքարյանի ասածի հետ, որ, իրոք, «այդպես չի լինում, որ բոլոր ծառերը չորանան կամ վնասատուները վնասեն»:

Մասնավորապես խայտառակ փաստեր են արձանագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում անտառապատման միջոցառումների կատարման գործում: Ըստ ՎՊ-ի ընթացիկ հաշվետվության` հիշյալ ՊՈԱԿ-ի կողմից նշված աշխատանքներն իրականացվել են 2.06.2009 թ. կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված և կատարողականներով վճարված սերմնաբուսակներից 216720 հատը եղել են տնկման համար ոչ պիտանի: Սա առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցների վատնման փաստ է:

Հանձնաժողովի կողմից Բուժականի տարածաշրջանում կատարված շրջայցից պարզվել է, որ ծրագրի շրջանակներում անտառապատված տարածքներից 18 հեկտարում առկա են ընդամենը բացված խրամատներ և որոշակի մասերում արդեն թեքված և ջարդված ցանկապատ, իսկ սերմնաբուսակներ ընդհանրապես չկան, մինչդեռ կատարողականներով 9 մլն 467000 դրամ վճարվել է 90000 հատ սոճենու սերմնաբուսակի տնկման աշխատանքների դիմաց: Հարկ է նշել, որ նախագծով նշված տեղանքում անտառապատման աշխատանքներ նախատեսված չեն եղել, այդ աշխատանքները պետք է կատարվեին Ծաղկաձորի անտառպետության տարածքում, սակայն Հրազդանի անտառտնտեսության տնօրենի նախաձեռնությամբ, առանց նախագծային փոփոխությունների և հիմնավոր հաշվարկների, այդ աշխատանքների կատարումը Ծաղկաձորից տեղափոխվել է Բուժականի տարածաշրջան:

Անտառավերականգնման և անտառաշինական աշխատանքներում նույնպես բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Ծրագիրն ունեցել է երկու բաղադրիչ՝ անտառվերականգնման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, և անտառաշինական նախագծերի կազմման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Սևադա և քույրեր» ՍՊԸ-ի կողմից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված անտառավերականգնման աշխատանքների ստուգումից պարզվել է, որ կատարողականներով 378500 դրամ ավելի է վճարվել 54310 հատ սերմնաբուսակի և 5947 հատ խոշոր տնկիների հանման և տնկման աշխատանքների դիմաց: Անտառների լրացման համար օգտագործված 75843 հատ սերմնաբուսակները եղել են տնկման համար ոչ պիտանի (1 տարեկանից բարձր տարիքի) սերմնաբուսակներ:

Տնկարանների հիմնման ցանքսում 2009 թ. նորմաներից սերմի մոտ 1143 կիլոգրամից ավելի ծախս է ցույց տրվել, 2010 թ. նշված տարբերությունը կազմել է 1,145,2 կգ: Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008 թ. աշնանը, 2009 թ. և 2010 թ. գարնանը տնկարանների հիմնումից և լրացանքսերից, ըստ նորմերի, պետք է ստացվեր 6511150 սերմնաբուսակ, մինչդեռ ցույց է տրվել ընդամենը 3578550 հատ սերմնաբուսակի ստացում:

Ուշագրավ այլ փաստեր են ի հայտ եկել, երբ ՎՊ-ն ուսումնասիրել է անտառային հողերի վարձակալության խնդիրը: Պետական անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվել է առանց հրապարակային սակարկությունների կամ մրցույթի, պայմանագրերը կնքվել են ուղղակի ձևով: 2009-2010 թթ. կնքվել է 72 պայմանագիր, իսկ նախկին կնքվածներից վերակնքվել 14-ը: Պարզվել է նաև, որ անտառային հողերի վարձակալական պայմանագրերում կիրառվել են կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի տուժանքի տարբեր դրույքաչափեր: Կնքված 140 պայմանագրերում նախատեսվել է տուժանք 0,1%, թվով 67 պայմանագրերում` 0,5%, թվով 2 պայմանագրում` 0,01% և թվով 2 պայմանագրում` 0,05%: Թերևս մնում է ասել միայն, որ սովորաբար հենց կոռուպցիան է պայմանավորում երկակի ստանդարտների կիրառումը:

ՀՀ կառավարության 3.06.2010 թ. թիվ 668-ն որոշմամբ սահմանվել է պետական սեփականություն համարվող անտառների 1 հեկտարի վարձավճարի տարեկան նվազագույն չափ: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կնքված պայմանագրերի 3.2.2 և 3.4.2 կետերով նախատեսված ձևով չի տեղեկացրել վարձակալներին վարձավճարների փոփոխման վերաբերյալ և չի կնքել համապատասխան փոփոխությամբ պայմանագրեր: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության պայմանագրերի վարձավճարները վերանայելու դեպքում անցած 10 ամիսների ընթացքում 1.05.2011 թ. դրությամբ լրացուցիչ կակնկալվեր 203 մլն 205800 դրամի եկամուտ, որը չի ստացվել:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ համաձայն հաշվետվությունների` 2009 թ. 10 անտառտնտեսության կողմից ներկայացված եզրակացություններում անտառահատման ծավալը նշված չէ: 2010 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ըստ անտառտնտեսությունների հաստատված հատման ֆոնդը 1178,2 խմ-ով գերազանցում է անտառշինական պլաններով սահմանված ծավալը: Մթերված փայտի ծավալն, ըստ անտառտնտեսությունների և ըստ հատման տեսակների, 4660,1 խմ-ով գերազանցում է անտառշինական պլաններով սահմանված ծավալները, իսկ նախարարի կողմից հաստատված ֆոնդում սահմանված ծավալները գերազանցում է 3959,2 խմ-ով: Սանիտարական և խնամքի հատումներից փաստացի մթերված 31533,7 խմ փայտի ծավալը 11889 խմ-ով գերազանցում է ըստ քառակուսիների և հատվածների անտառաշինական պլաներով սահմանված ծավալները: Գրեթե նույն վիճակն է եղել նաև 2009 թ.:

Համաձայն անտառշինական պլաններում սահմանված` մթերված փայտից շինափայտի ելքի տոկոսների (ըստ քառակուսիների և տեղամասերի)` սանիտարական և խնամքի հատումներից շինափայտի ծավալը կազմում է 5884,1 խմ, մինչդեռ փաստացի մթերումը 2010 թ. կազմել է (այս դեպքում թերևս ավելի ճիշտ կլինի ասել` ներկայացվել է) 3731,3 խմ:

2009-2010թթ. ընթացքում 15 անտառհատման տոմսերում բոնիտետները (անտառի արտադրողականությունը բնութագրող ցուցանիշ) պակաս են ցույց տրվել անտառշինական պլաներում ցույց տրված բոնիտետներից: Ավելին. փայտի մթերումը 2009-2010 թթ. անտառահատման տոմսերում հաշվարկվածից պակաս է ցույց տրվել 495 խմ-ով:

Միայն թվով 12 անտառտնտեսություններում առկա 973 հա խոտհարքի, 4530 հա արոտավայրի, շուրջ 2657 տ հատապտղի պաշարի առկայության պայմաններում գոնե մեկ անտառային տոմս չի գրվել և դրամական մուտքեր չեն ապահովվել:

Վերը ներկայացված փաստերը կամ դրանց մի մասը, ըստ էության, հաղորդում են հանցագործության մասին, հիմա տեսնենք, թե աղետալի մասշտաբով կոռումպացված մեր երկրում ինչ են անելու ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և, իհարկե, առաջին հերթին, ՀՀ ոստիկանությունը, ում պատկանում է նյութեր նախապատրաստելու, նախաքննություն իրականացնելու իրավասությունը: Հավանաբար այդ գործը միմյանց վրա են գցելու: Մեկ այլ հրապարակմամբ էլ կանդրադառնանք այն խնդրին, թե ինչ է արել ՎՊ-ն վերոնշյալ ու նմանաբնույթ այլ փաստերի բացահայտումից հետո, համապատասխան գրություն, փաստաթղթեր ուղարկե՞լ է ՀՀ գլխավոր դատախազություն, եթե չի ուղարկել` ի՞նչ հիմնավորմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter