Վիրավորանքի, զրպարտության և մարդու իրավունքների խախտման համար փոխհատուցման նվազագույն չափեր կսահմանվեն
Վիրավորանքի համար առնվազն 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն, իսկ խոշտանգման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար՝ առնվազն 4 մլն դրամ փոխհատուցում է առաջարկվում սահմանել։ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վերանայել նաև մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքերով հատուցման չափերը։
«Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։ Հեղինակների հիմնավորմամբ՝ գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում պատճառված վնասի ծանրությանը համապատասխան փոխհատուցում։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ուժեղացնել անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նոր մոտեցում
Գործող Քաղաքացիական օրենսգրքով վիրավորանքի դեպքում անձը կարող է դատարանից պահանջել փոխհատուցում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 6000-ապատիկի չափով (համապատասխանաբար՝ 3 և 6 մլն դրամ)։
Միաժամանակ օրենքը փոխհատուցման նվազագույն չափ չի սահմանում։ Դատարանը փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնում կոնկրետ գործի հանգամանքները, այդ թվում՝ վիրավորանքի կամ զրպարտության եղանակն ու տարածման շրջանակը, ինչպես նաև դրանք կատարած անձի գույքային դրությունը։
Առաջարկվում է վիրավորանքի համար փոխհատուցման գումարի նվազագույն չափ սահմանել 1 մլն դրամը, առավելագույնը՝ 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար նվազագույնը 2 մլն դրամ, առավելագույնը՝ 6 մլն դրամ։
Նախագծի հեղինակները գտնում են, որ վիրավորանքի և զրպարտության հետևանքները բոլոր դեպքերում նույնը չեն։ Դրանք կարող են տարբեր ազդեցություն ունենալ մարդու անձնական, մասնագիտական և հասարակական կյանքի վրա՝ կախված հրապարակված տեղեկությունների բովանդակությունից, տարածման եղանակից և լսարանի շրջանակից։
Ուստի առաջարկվում է վերանայել փոխհատուցման չափերի օրենսդրական սահմանները՝ սահմանելով նաև նվազագույն շեմ։ Հիմնավորման համաձայն՝ դա պետք է երաշխավորի, որ խախտված իրավունքի համար փոխհատուցումը չլինի զուտ ձևական։
Միևնույն ժամանակ նախագծի հեղինակներն ընդգծում են, որ վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպք չպետք է ինքնաբերաբար հանգեցնի դրամական փոխհատուցման։
Հիմնավորման մեջ վկայակոչվում է Սահմանադրական դատարանի 2011թ․ նոյեմբերի 15-ի որոշումը, որով ընդգծվել է, որ նման գործերով փոխհատուցումը պետք է համաչափ լինի հասցված վնասին և չվերածվի տույժի կամ տուգանքի։
Ըստ այդմ՝ առաջնահերթ պետք է կիրառվեն ոչ դրամական փոխհատուցման միջոցները՝ տեղեկության հերքումը, հրապարակային ներողությունը կամ դատական ակտի հրապարակումը։ Դրամական փոխհատուցում պետք է նշանակվի այն դեպքում, երբ այդ միջոցները բավարար չեն վնասի հետևանքները վերացնելու համար։
Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման համար
Նախագծով առաջարկվում է վերանայել նաև մարդու հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափերը՝ սահմանելով նվազագույն շեմ և բարձրացնելով առավելագույն սահմանաչափերը։
Հիմնավորման համաձայն՝ մարդու ազատության, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների խախտումները կարող են հանգեցնել հոգեկան տառապանքների, անորոշության զգացողության, ընտանեկան ու սոցիալական կապերի խաթարման և մասնագիտական կյանքի խանգարման։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվում անարդարացի դատապարտմանը։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նման դեպքերում մարդու կրած վնասը կարող է շարունակվել նույնիսկ դատապարտումը վերացնելուց հետո։ Անձը կարող է բախվել հասարակության մեջ իր հեղինակությունը վերականգնելու, մասնագիտական գործունեությունը շարունակելու և բնականոն կյանքին վերադառնալու դժվարությունների։
Հիմնավորման մեջ նշվում է, որ միայն դատական ակտի վերացումը կամ խախտված իրավունքի վերականգնումը միշտ չէ, որ բավարար են կրած տառապանքների հետևանքները փոխհատուցելու համար։ Այդ պատճառով դրամական հատուցումը դիտարկվում է որպես իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոց։
Փոխհատուցման չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն խախտման բնույթը, տևողությունը, ծանրությունը, անձի կրած տառապանքները և տվյալ գործի մյուս հանգամանքները։
Կյանքի իրավունքի խախտման դեպքում նվազագույն գումարի չափ է առաջարկվում 3 մլն դրամը։
Խոշտանգման հետևանքով պատճառված վնասի համար առավելագույն շեմ չի լինի
Նախագծով առանձին կարգավորում է առաջարկվում խոշտանգման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար։
Հիմնավորման համաձայն՝ խոշտանգումը մարդու արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ առանձնապես ծանր ոտնձգություն է։ Դրա հետևանքները կարող են երկարատև լինել և ազդել ոչ միայն տուժողի առողջության ու հոգեբանական վիճակի, այլև ընտանեկան, անձնական և սոցիալական կյանքի վրա։
Նախագծի հեղինակները նշում են, որ խոշտանգման փաստի ճանաչումը կամ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը դեռևս չեն փոխհատուցում տուժողի կրած տառապանքները։ Այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել նաև իրական և համարժեք դրամական հատուցում։
Առաջարկվում է խոշտանգման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանել նվազագույն շեմ, սակայն չնախատեսել առավելագույն սահմանաչափ։ այս դեպքում նվազագույն շեմ է նախատեսվել 4 մլն դրամը։
Հիմնավորումն այն է, որ խոշտանգման դեպքերը կարող են էապես տարբերվել իրենց ծանրությամբ, տևողությամբ և հետևանքներով։ Առավելագույն շեմի առկայությունը կարող է սահմանափակել դատարանի հնարավորությունը՝ առանձնապես ծանր դեպքերում նշանակելու տուժողի կրած վնասին համապատասխան փոխհատուցում։
Այս կարգավորմամբ դատարանը հնարավորություն կունենա յուրաքանչյուր գործի հանգամանքների հիման վրա որոշելու հատուցման չափը՝ հաշվի առնելով խոշտանգման բնույթը, տևողությունը, կիրառված միջոցները և տուժողի ֆիզիկական ու հոգեկան վիճակի վրա դրանց ազդեցությունը։
Հիմնավորման մեջ որպես միջազգային իրավական հիմք նշվում է նաև ՄԱԿ-ի՝ խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որը պետություններին պարտավորեցնում է ապահովել խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցում ստանալու և արդարացի հատուցման իրավունք։
Ո՞րն է փոփոխությունների նպատակը
Նախագծի հեղինակների խոսքով՝ փոփոխությունների հիմնական նպատակը ոչ նյութական վնասի հատուցման գործող համակարգը կատարելագործելն է, որպեսզի փոխհատուցման չափը հնարավորինս համապատասխանի իրավունքի խախտման բնույթին և ծանրությանը։
Առաջարկվող կարգավորումները պետք է ունենան նաև կանխարգելիչ նշանակություն՝ նպաստելով մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը և պետական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը։
Նախագծի ընդունման դեպքում դատարանները կշարունակեն յուրաքանչյուր գործով անհատապես որոշել փոխհատուցման չափը՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները, սակայն օրենսդրությամբ կսահմանվեն հատուցման նվազագույն երաշխիքներ, իսկ որոշ դեպքերում՝ առավելագույն չափերի վերանայված սահմաններ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել