Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարարի հետ
Բրյուսելում մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները: Այս մասին հաղորդում է ԱԳՄԱՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով դրանք նոր բովանդակությամբ լրացնելու և նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձր մակարդակի այցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների օրակարգային հարցերի:
Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով 2027թ. երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Հունաստանի նախագահությունը։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ ջանքերն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը»,- նշվում է հաղորդակցության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել