Ջեմմա Հարությունյան. «Եթե ուզում ես զարգացնել համայնքը, պետք է սերտորեն համագործակցես իշխանությունների հետ»
Ամասիա խոշորացված համայնքի գործող ղեկավար, նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու Ջեմմա Հարությունյանն այս տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել: Իր քայլն ու իշխող կուսակցության սատարումը Ջեմմա Հարությունյանը հետևյալ կերպ է բացատրել. «Ընդունում եմ ՔՊ գաղափարախոսությունը, աջակցում եմ խաղաղության օրակարգին: Իշխանությունների հետ համագործակցելով` համայնքի զարգացման ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորություն ունեմ»:
76-ամյա համայնքապետը ծնունդով Ամասիայից է: Կրթությամբ ինժեներ է, 1973թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, 1988թ.-ին՝ Կոմունիստական կուսակցության բարձրագույն դպրոցը: Տիկին Հարությունյանը 1981-1983թթ.-ին հասցրել է աշխատել իր մասնագիտությամբ, 1983թ.-ից Ամասիայի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալն է եղել: Մինչև Ամասիա համայնքի ղեկավար դառնալը(2016թ.-ին, փնջային խոշորացման ժամանակ), աշխատել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գրասենյակում:
2021թ․-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Ջեմմա Հարությունյանը ներկայացնում էր «Արփի-Ամասիա» կուսակցությունների դաշինքը, որն ընտրությունների արդյունքում ստացավ 6 մանդատ և, միավորելով ուժերը 3 մանդատ ստացած ՀՀԿ-ի հետ, ապահովեց Ջեմմա Հարությունյանի ընտրությունը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Նրա մրցակիցն այդ ընտրություններում Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանն էր, ում սատարում էր իշխող ՔՊ կուսակցությունը: Նրա ղեկավարած թիմը ևս ստացել էր 6 մանդատ: Մերգելն ու իր թիմակիցները համաձայն չէին ընտրության արդյունքների հետ: Նրանք մի քանի անգամ բողոքի ցույցեր արեցին, դիմեցին դատական ատյաններին, հետո ողջ թիմով վայր դրեցին մանդատները` իրենց հրաժարականը վավերացնելով նոտարով:
Հինգ տարի անց Ջեմմա Հարությունյանի մրցակիցները կրկին Ղարիբյան եղբայրներն են, միայն թե աջակցության «աղբյուրն» է փոխվել: Ջեմմա Հարությունյանի իշխանական դաշտ տեղափոխվելն ու ՔՊ-ական Սամվել Ղարիբյանի ընդդիմադիր դիրքերից հանդես գալը (ներկայացնում է «Բարոյական արժեքներ» կուսակցությունը), համայնքի բնակիչների մոտ շփոթություն է առաջացրել:
Ամասիայում ծավալվող իրադարձություններն ինչ-որ տեղ հիշեցնում են Նիկիտա Միխալկովի «Свой среди чужих, чужой среди своих» (Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ՝ օտար) ֆիլմը՝ նկարահանված 1974թ․-ին, Էդուարդ Վոլոդարսկու «Կարմիր ոսկի» վիպակի հիման վրա: Երկու կողմն էլ հայտարարում են, որ ներկայացնում են ՔՊ կուսակցությունը: «Մենք մի քանի բնակավայրերում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացանք, որ մրցակից կողմը հանդես է գալիս որպես իշխանության աջակցությունը վայելող ուժ, որն անթույլատրելի է, քանի որ իրենք դիմում գրել, դուրս են եկել կուսակցությունից և բոլորովին այլ ուժ են ներկայացնում: Եվ համարում ենք, որ ճիշտ չէ մարդկանց մոլորեցնելու այդ քայլերը»,-մեզ հետ զրույցում նշեց Ջեմմա Հարությունյանը:
Ամասիացիների տարակուսանքը փարատելու համար նոյեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակում, Գտաշեն գյուղում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել էր այդ լուրերին՝ հերքելով դրանք։ «Ընտրությունների ժամանակ լոյալ ուժ չի կրնա էղնի: ՔՊ կուսակցությունը ՀՀ-ում մեկն է, վարչությունը մեկն է, վարչության նախագահն ու երկրի վարչապետը մեկն է, որ սատարում է, կանգնած է տիկին Ջեմմայի մեջքին: Մեր քաղաքական ուժի 1-ին համարը տիկին Ջեմման է, մեր թիմը էս թիմն է, որով մենք եկել ենք»,-ասել է Դավիթ Առուշանյանը:
Ինչպես հայտնի է, տեղական ընտրությունների ժամանակ, ընտրողների մեծ մասը հիմնականում առաջնորդվում է անձերով, ոչ թե ծրագրերով: Շատ դեպքերում դիտարկում են նաև թիմերում ընդգրկված մյուս թեկնածուներին: Մեղադրել ամասիացիներին շփոթության կամ տարածվող լուրերի համար, թերևս տեղին չէ, եթե հաշվի առնենք, որ կուսակցական տեղափոխությունները տեղի էին ունեցել ընտրություններից 1,5 ամիս առաջ, ավագանու թեկնածուների թիմային ընդգրկվածությունն էլ իր հերթին է որոշակի խառնաշփոթ առաջացրել:
Օրինակ, Ախցխեցյան տոհմի 4 ներկայացուցիչներից երկուսն ընդգրկված են Ջեմմա Հարությունյանի, ևս երկուսը՝ Սամվել Ղարիբյանի թիմում: Ընդդիմադիր ավագանի համարվող Նաիրա Աբրահամյանը (ամուսինը Գառնառիճի վարչական ղեկավարն է) և աղջիկը՝ Գոհար Ղազարյանը, ՔՊ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 36-րդ և 7-րդ հորիզոնականները, իսկ նախկին ՔՊ-ական Մերգել Ղարիբյանի մտերիմը համարվող Աղունիկ Հազրյանը, որ Արփի խոշորացված համայնքում աշխատակազմի քարտուղարն էր, այլևս ընդդիմադիր է և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Սամվել Ղարիբյանի թիմում:
«Այո, համաձայն եմ մտքի հետ, որ ՏԻՄ ընտրություններում մարդիկ շատ ավելի անձն են կարևորում,- արտահայտած կարծիքի հետ համաձայնում է Ջեմմա Հարությունյանը:- Բնակավայրերում ինձ ջերմ են ընդունում, և մարդիկ պատրաստ են քվեարկելու, որ մեր թիմը շարունակի ղեկավարել ու ծրագրեր իրականացնել: Ինչ վերաբերում է ավագանու անդամների թեկնածուների ընտրությանը, ասեմ, որ մենք հաշվի ենք առել փոքր գյուղերի բնակիչների կարծիքն ու ցուցակում ընդգրկել ենք հենց իրենց կողմից հավանության արժանացած մարդկանց»:
Հարցին՝ արդյոք անակնկալ չէր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկն ու նախընտրական ցուցակը գլխավորելը, Ջեմմա Հարությունյանը պատասխանեց․ «Ես հստակ հասկանում եմ, որ եթե ուզում ենք զարգացնել համայնքը, ծրագրեր անել, պետք է սերտորեն համագործակցել իշխանությունների հետ: Անցած հինգ տարում լինելով ոչ իշխանական՝ կարողացել ենք կառավարության հետ ճիշտ աշխատելու շնորհիվ բավական գործ անել, հիմա չեմ կարող ասել, թե ինչ առաջարկել ենք, ընդունվել է, բայց ինչը հավանության արժանացել է՝ իրականացրել ենք: Հիմա, ուղղակի սկսածը շարունակելու ավելի լայն հնարավորություն է ստեղծվում»,-նկատեց ՔՊ թեկնածուն:
«Լայն հնարավորություն» հասկացության մեջ, ըստ ՔՊ կուսակցության ներկայացրած ծրագրի, մտնում են ճանապարհների ասֆալտապատման, ոռոգման համակարգերի և գազատարների կառուցման խոստումները: Նորությունը բնակիչների համար լինելու է հունվար ամսից գործող մանկապարտեզներն անվճար դարձնելը: Ի տարբերություն Ախուրյան խոշորացված համայնքի, Ամասիայում գործում է երկու մանկապարտեզ. մեկը Ամասիա բնակավայրում, որտեղ հաճախում է 92 երեխա և մեկն էլ Ողջի գյուղում, որտեղ հաճախում է 15 երեխա: Բյուջեն հաշվարկել են, հաջորդ տարի պետական դոտացիան ավելանալու է, որն էլ հնարավորություն կտա այս անվճար ծրագիրն իրականացնելու: Ջեմմա Հարությունյանն ասում է, որ Կառավարությունը խոստացել է գյուղական 5 փոքր բնակավայրերում մոդուլային մանկապարտեզներ կառուցել:
Ամեն ընտրությունից առաջ՝ լինի համապետական, թե տեղական, այս անգամ էլ ակտուալ է Ամասիա բնակավայրից մինչև Արփի լիճ ձգվող ճանապարհի հիմնանորոգման հարցը: «Ամասիայից Բերդաշեն 17 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, կարելի է ասել, Կառավարության սեղանին է և իրագործվելու է, նաև Շաղիկից մինչև Բավրա ճանապարհի ասֆալտապատման հարցն է լուծվելու, որը շատ կարևոր է այդ ճանապարհի երկայնքով գտնվող 7-8 գյուղի համար,-պարզաբանեց Ջեմմա Հարությունյանը:- Նշածս ճանապարհների նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, նաև Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն ճանապարհի ասֆալտապատման հարցն է լուծվելու հաջորդ տարի, քանի որ, ինչպես գիտեք, Բյուրակնում նոր դպրոց է կառուցվել»:
Իսկ ինչ գույքային ունեցվածք է կուտակել այս տարիներին ՔՊ թեկնածուն: Թերևս աչքի ընկնողը անշարժ գույքի բաժինն է, որտեղ նշված հողատարածքների մակերեսը գերազանցում է 200 հա-ը: Զրուցակիցս ծիծաղով արձագանքեց հարցին, թե չընտրվելու դեպքում պատրա՞ստ է համալրել խոշոր հողատերերի շարքերը։ «Մենք միշտ էլ անասնապահությամբ ու դաշտավարությամբ զբաղվել ենք, ու այո, բավական հողեր ունենք: Ուղղակի իմ հայտարարագրում մի սխալ կա, Զարիշատում մենք ոչ թե 99,6 հա ունենք, այլ՝ 9,6 հա, մեկ 9-ը ավել է գրվել, այնպես որ, ձեզ նման եթե էլի հաշվարկող կլինի, թող հաշվի առնեն,-շեշտեց զրուցակիցս,- նշված ամբողջ անշարժ գույքը համատեղ սեփականություն է, ու եթե ստացվի, որ անհրաժեշտ քվեն չհավաքենք, պատրաստ եմ գործունեությունս շարունակել որպես ֆերմեր»:
Շարժական գույք, արժեթղթեր և այլ ներդրում, Ջեմմա Հարությույանը չի հայտարարագրել: Եկամուտներ բաժնում նշված է համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ 7.863.213 դրամ, կենսաթոշակը՝ 75.000 դրամ, ավանդից ստացված եկամուտ՝ 6.000.000 դրամ և վարձակալությունից («Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ) ստացված եկամուտ՝ 5.400.000 դրամ:
Նոյեմբերի 4-ին սկսված քարոզարշավը կավարտվի նոյեմբերի 27-ին, ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին: Ընտրության արդյունքում ձևավորվելու է ավագանի՝ բաղկացած 15 անդամից: Հիշեցնենք, որ նախորդ 5 տարին, Ամասիա խոշորացված համայնքի ավագանին ունեցել է ընդամենը 9 անդամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել