Դեռևս հայտնի չէ, թե ինչու է տան հատակը տաքանում
Երեկ քաղաքացի Աբրահամյանից արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի «Հաղթանակ» թաղամասի 5-րդ փողոցի թիվ 35ա տան հյուրասենյակի մանրահատակը տաքանում է:
Դեպքի վայր է մեկնել Մալաթիա-Սեբաստիայի բաժնի ավագ հրահանգիչ, լեյտենանտ Բուլղադարյանը: Էլեկտրական լարերի կարճ միացման կասկածանքով տունը մոտ 2 ժամ հոսանքազրկվել է, սակայն ջերմաստիճանը չի նվազել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում են: Տեղում իրականացվել է ռադիոակտիվ ճառագայթման ֆոնի ստուգում, որի արդյունքում ռադիոակտիվ ճառագայթման ֆոնը գերազանցող մակարդակներ չեն հայտնաբերվել:
Տան հիմքից նմուշներ են վերցվել` պարզաբանելու տաքության առաջացման պատճառը:
Ըստ նախնական եզրակացության՝ խոնավության հետևանքով հնարավոր է կրաքարի կամ նախկինում օգտագործված շինանյութի ակտիվացում, ինչից տեղի է ունենում բարձր ջերմության անջատում:
Այսօր հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից կիրականացվեն համապատսախան հետազոտություններ: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել