Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական աղյուսակը: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ընտրանին ոչ-ոքի է խաղացել իրենից ավելի ցածր վարկանիշ ունեցող Կիպրոսի (1-1) ու Լատվիայի (0-0) հավաքականների հետ, ինչի հետեւանքով հոկտեմբեր ամսվա դասակարգման համեմատ նահանջել է 2 հորիզոնական եւ այժմ 211 ընտրանիների մեջ 110-րդն է:
Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Իսպանիան: Նրան լավագույն 10-յակում հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Մարոկկոն, Պորտուգալիան, Բրազիլիան, Բելգիան, Նիդերլանդները, Կոլումբիան:
Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության C լիգայի 2-րդ խմբում Հայաստանի արդեն նախկին մրցակիցներից Մոնտենեգրոն, որը դարձավ խմբի հաղթող, 77-րդն է (+2), Կիպրոսը 127-րդն է (-2), իսկ Լատվիան՝ 145-րդը (-2):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ռուսաստանը, որը 35-րդն է, հաջորդում են Ուկրաինան (36), Ուզբեկստանը (60), Վրաստանը (74), Բելառուսը (94), Տաջիկստանը (100), Ղրղզստանը (102): Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Իրանն է (23), Թուրքիան 33-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 74-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 124-րդ:
Հաջորդ՝ տարեվերջյան աղյուսակը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին:
Լուսանկարը՝ Armenia National Teams, facebook.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել