Գործադիրը հաստատել է ՀՀ Կառավարության 2026-2031 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հաստատել է ՀՀ Կառավարության 2026-2031 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Ինչպես է նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Ըստ փոխվարչապետի՝ ծրագրով հաստատվելիք շատ միջոցառումներ Կառավարության 2021–2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են լինելու։ Այն սահմանում է 733 միջոցառում՝ բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով։
«Անվտանգային և արտաքին քաղաքականության միջոցառումների իրականացման արդյունքում Կառավարությունը, մասնավորապես, ծրագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, «Խաղաղության խաչմերուկ», այդ թվում՝ TRIPP նախագծերի իրականացում, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետն ընդգծել է՝ Կառավարության 2026–2031 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով կրթությունը հռչակվել է ռազմավարությունների ռազմավարություն։ «Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու՝ 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ՝ լողավազանների, կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և գույքով հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեսալսողական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը»,- նշել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ տնտեսական քաղաքականության առանցքում՝ արտադրողականության ու մրցունակության բարձրացումն է լինելու, ինչպես նաև առևտրի բազմազանեցումը։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների մասով աշխատանքներ են իրականացվելու 10 ջրամբարի կառուցումը մեկնարկելու ուղղությամբ՝ մինչև 2030 թ. շինարարությունն ավարտելու նպատակադրումով, կառուցվելու և վերակառուցվելու են 350 կմ ջրանցք և խողովակաշար, ոռոգում է ապահովվելու 10 000 հա նոր հողերի համար։ Ապահովվելու է 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, 2500 կմ ավտոճանապարհ և 40 կամուրջ են կառուցվելու և նորոգվելու։ Էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրում է լինելու, ինչպես նաև 1000 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային և 800 մեգավատտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում է կազմակերպվելու։
«Արդարադատության համակարգի ու հանրային կառավարման բարեփոխումների առանցքում մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունն է լինելու, այդ թվում՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։ Որպես գերակա բարեփոխումներ են սահմանվել, մասնավորապես՝ ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի լավարկումն ու շարունակականությունը, ինչպես նաև պետական և համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումը»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրերի մի մասը գործնական իրականացման փուլում է։ Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին՝ համարելով այն իրատեսական։ Նիկոլ Փաշինյանը այս առումով կարևորել է կենսաչափական անձնագրերի ներդրումը և սահմանային կառավարման ոլորտի բարեփոխումները։ «Այս թեմայի հետ ձեռք ձեռքի պետք է քայլի թվայնացման գործընթացը։ Առաջիկայում պետք է քննարկում ունենանք, հասկանանք, թե ուր ենք հասել թվայնացման մեր նախանշած ծրագրերն իրականացնելու առումով։ Հիմա, մանավանդ, կենսաչափական անձնագրերի ներդրման պայմաններում քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի որակի փոփոխությունը, սկսած՝ ճամփորդելու ընթացքում իրենց մատուցվող ծառայությունների որակի փոփոխություններից։
Մեր բոլոր սահմաններում պետք է տեղադրված լինեն սահմանային կառավարման ինքնաշխատ համակարգեր, և, իհարկե, ծառայությունների մատուցման կոմֆորտ լինի։ Նկատի ունեմ՝ բազմաթիվ պրոցեսներից, որոնց ընթացքում մարդը ստիպված է լինում գնալ Ա կետից Բ կետ, մենք պետք է նրան դուրս բերենք թվայնացման միջոցով»,– շեշտել է երկրի ղեկավարը։
Անդրադառնալով ապօրինի գույքի վերադարձի համակարգին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նոր-նոր լիարժեք ամբողջությամբ թափ է ստանում։ «Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, համակարգը կայացած է, չնայած չի նշանակում, որ անթերի է։ Այն, միևնույն է, պետք է շարունակի բարեփոխումների տրամաբանությամբ զարգանալ, և այս առումով երեկ էլ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի ունեցավ։ Երեկվա քննարկումները, իմիջիայլոց, անկախ իրենց տոնայնությունից, ձևից, շատ կարևոր եմ համարում, որովհետև ի հայտ եկավ, ի վերջո, հանրապետության թիվ մեկ բարերարի թեման։ Կարծում եմ՝ մենք այդտեղ էլ ճիշտ տեղ հասանք, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ բարերարը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է և քաղաքական մեծամասնությունը։
2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքներով այսօրվա դրությամբ ճշգրտված տվյալների համաձայն՝ 9.1 մլրդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե։ Հայաստանի օլիգարխիայի բազմահազարամյա պատմության մեջ չկա համեմատելի ծավալ, որ որևէ մեկը ՀՀ-ի և նրա ժողովրդի նկատմամբ համեմատելի ծավալի բարերարություն արած լինի՝ 9.1 մլրդ»,- նշել է վարչապետը՝ կարևորով, որ մեր իրավապահ համակարգը սկսել է ժողովրդի տված մանդատի շրջանակում արդյունավետ գործել։
Վարչապետը կարևորել է նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի նոր Սահմանադրության ընդունում բաժինը։ «Առաջիկայում մտնելու ենք այս գործընթացի գործնական իրագործման փուլ։ Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը, որը մշակվել է քննարկումների արդյունքում»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ նախագիծը ներառում է այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ «Ժողովուրդը՝ ՀՀ իշխանության բարձրագույն տերը, տեղում է՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե՝ 24/7 ռեժիմով, տարին 12 ամիս ժողովուրդն իր ասելիքը կարող է ասել։ Ես այստեղ եմ հասել հեղափոխությամբ, և այդ պահից սկսած՝ ոչ մի վայրկյան կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, հիմա ասում եմ՝ մենք ինչ ճանապարհով ենք գնում։ Եթե ՀՀ ժողովուրդը գտնում է, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, մինչև հանրաքվեն, մինչև խորհրդարանական քննարկումները, մինչև Սահմանադրության նոր տեքստի հրապարակումը, ցանկացած պահի ժողովուրդը կարող է դուրս գալ և հասնել իմ հրաժարականին, եթե դա ուզում է»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մտնում ենք քաղաքական մի շրջափուլ, որը, ըստ իր կանխատեսումների, պետք է հաջողությամբ ավարտին հասցնի խաղաղության գործընթացը։ «Եթե ժողովուրդը համաձայն չէ սրա հետ, առաջիկայում՝ որևէ մի փուլում, ինքն այդ անհամաձայնությունը պետք է արտահայտի՝ կա՛մ մինչև հանրաքվեն քաղաքական պրոցեսներով (խոսքը ժողովրդի մասին է, ոչ թե քաղաքական ուժերի), կա՛մ հանրաքվեով։
Մենք Սահմանադրության նախագծի վերջին շտրիխների վրա ենք աշխատում։ Նախնական գաղափարների հավաքագրում եղել է, բայց Կառավարությունում էլ դեռ չի շրջանառվել՝ որպես ամբողջական տեքստ, այսինքն՝ խոսքը նախագծի նախագծի մասին է, որ մենք ունենանք հիմք, որի վրա պետք է աշխատենք»,- ասել է երկրի ղեկավարը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել