HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կստեղծվի ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական համակարգ․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է ստեղծել ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա մեկտեղել և վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհվածների ու վիրավորների, ճանապարհային ենթակառուցվածքի, վարչական իրավախախտումների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկությունները։

Որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Այն նախատեսվում է գործարկել 2028 թվականի հունվարի 1-ից։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայում ճանապարհային անվտանգության վերաբերյալ տվյալները պահվում են տարբեր գերատեսչությունների տեղեկատվական համակարգերում։ Դրանք ձևավորվում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության և ԱՊՊԱ համակարգի տեղեկատվական աղբյուրներում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ առանց տվյալների միասնական կառավարման և համադրման դժվարանում է բացահայտել ճանապարհային ենթակառուցվածքի այն հատվածները, որոնցում առկա են անվտանգության բարձր ռիսկեր, գնահատել իրականացված բարելավման միջոցառումների արդյունավետությունը և որոշել սահմանափակ ֆինանսական միջոցների օգտագործման առաջնահերթությունները։

Նախագծով նախատեսվում է սահմանել տվյալների աղբյուրների, պատասխանատու մարմինների, տվյալների փոխանցման, հասանելիության և վերլուծության փոխկապակցված ընթացակարգերը։

Համակարգով նախատեսվում է իրականացնել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հանրային ծախսերի հաշվարկ։ Ճանապարհային վթարի արժեքի մասին տեղեկատվությունը կօգտագործվի ճանապարհային անվտանգության ծրագրերի, խոշոր ենթակառուցվածքային նախագծերի տնտեսական գնահատման ժամանակ: Հնարավոր կլինի գնահատել ոլորտում իրականացվող քաղաքականության և ճանապարհային անվտանգության բարելավման միջոցառումների արդյունավետությունը։

Միաժամանակ նախագծով նախատեսվում է կարգավորել տվյալների որակի վերահսկման, կրկնակի կամ թերի հաշվառման դեպքերի հայտնաբերման, տեխնիկական խափանումների արձանագրման և վերացման գործընթացները։ Առանձին պահանջներ կսահմանվեն անձնական տվյալների, բժշկական գաղտնիքի և օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պաշտպանության համար։

Նախագծի համաձայն՝ ճանապարհային անվտանգության տվյալների վերլուծություններ կիրականացվեն եռամսյակային, կիսամյակային և տարեկան պարբերականությամբ։ Արդյունքները կօգտագործվեն վթարավտանգ հատվածների հայտնաբերման, ճանապարհային ենթակառուցվածքի բարելավման միջոցառումների պլանավորման և ոլորտում պետական միջոցների արդյունավետ օգտագործման համար։

Համակարգի ստեղծման նախնական գնահատված արժեքը շուրջ 450 հազար եվրո է (գումարը հաշվարկվել է ԿՆՃՑԲԾ ԼՖ2 ծրագրով նախատեսված «Տվյալների հավաքագրման և կառավարման համակարգ»-ի գումարից, որը նախատեսվում էր իրականացնել դեռևս 2019 թվականին)։ Սակայն վերջնական ֆինանսական պահանջը կորոշվի նմանատիպ համակարգերի ստեղծման և շահագործման արդի արժեքների ուսումնասիրությունից հետո։

Նշվում է, որ որոշման ընդունման հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, սակայն համակարգի ներդրման արդյունքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ կարող են լինել։

Որոշման նախագծով նաև նախատեսվում է, որ ՏԿԵ նախարարությունը, ՆԳՆ-ի և Առողջապահության նախարարության հետ համատեղ, ինչպես նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի և ԱՊՊԱ համակարգի տեղեկատվական համակարգերի կառավարման համար պատասխանատու սուբյեկտների համագործակցությամբ, համապատասխան աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում պետք է համաձայնեցնի ԱՊՊԱ տվյալների էլեկտրոնային փոխանակման իրավական և տեխնիկական պայմանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter