
86-ամյա սփյուռքահայի պատմությունը. ինչու Յովհաննէս Մանուկեանը որոշեց հաստատվել Հայաստանում
86-ամյա սփյուռքահայ Յովհաննէս Մանուկեանը 8 տարի է, ապրում է Հայաստանում: Նա 2004թ. ապրիլի 24-ին հողամաս է գնել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղին հարակից տարածքում, և այդ ժամանակից ի վեր միայնակ ապրում է Հայաստանում՝ ընտանիքի հետ անցկացնելով միայն ձմեռը: Նրա կինը, 4 որդիները և 11 թոռները ԱՄՆ-ում են ապրում:
«Բոլորը դժգոհ են, որ ես աստեղ եկած եմ: Բոլորն ալ կբողոքեն՝ ո՞ւր կերթաս, ի՞նչ կընես, ամբողջ ընտանիքը թողած ես, կբավե երթալ, 8 տարի է, կկարոտնանք: Թոռնիկները կմեծնան, մեծ հայրեն գաղափար չունին: Գիտեն, որ մեծ հայրը Հայաստան է»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը:
Նրա հոր և մոր բոլոր քույրերն ու եղբայրները զոհվել են Ցեղասպանության ժամանակ, իսկ մայրն ու հայրը սկզբնավորել են Մանուկեան ընտանիքը, որի առաջին երեխան ինքն է: Յովհաննէս Մանուկեանի մանկությունն անցել է Լիբանանում: «Մեծցած եմ աղքատ վիճակի մեջ: Դպրոցները ինձի օգնած են, դրամով չեմ դպրոց գացած, որովհետև դրամ չունեինք: Կարդացած եմ ազգային դպրոցներու մեջ»,- ասում է նա:
Յովհաննէս Մանուկեանը սովորել է Լիբանանի Ազգային Աբգարեան վարժարանում, այնուհետև Մխիթարեան վարժարանում, հետո կաթողիկե համայնքի դպրոցում: Հետո հոր հետ բանվոր է աշխատել երկաթգծում:
«Ես ըսի՝ անպայման ուսում պետք է առնեմ: Ուսում չառնեմ՝ վերջավորությունս բանվոր է: Բանվոր՝ այս ընտանիքին ինչպե՞ս պիտի օգտակար ըլլամ: Կարելի չէ: Ուրեմն, պետք է դիմեմ: Ձրի ո՞ւր կրնամ: Հայոց ճեմարանը կա (Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանը - հեղ.)՝ Աղբալյանի, Շանթի ստեղծած ճեմարանը: Ճեմարան գացի, տնօրենին հասկցուցի՝ ինչ վիճակի մեջ եմ, անմիջապես ինձի դպրոցը առին, կարդացի և ճեմարանը ավարտեցի»,- պատմում է Յովհաննէս Մանուկեանը:
Նշան Փալանճեան ճամարանն ավարտելուց հետո նա շարունակել է ուսումը և ստացել ինժեներ-չափագրողի մասնագիտություն: Յովհաննէս Մանուկեանը պատրաստել է ողջ Իրաքի աղակալած դաշտերի ոռոգման համակարգի քարտեզները, եղել Իրաքում և Իրանում գործող արտասահմանյան ընկերությունների ամենաբարձր պաշտոն ունեցող ինժեները: 1960-ին վերադարձել է Բեյրութ, քանի որ Լիբանանի կառավարությունն իրեն էր փնտրում՝ որպես լավ մասնագետի, և դարձել է ամբողջ Լիբանանի ճանապարհաշինության պատասխանատու ինժեները: 1975թ., երբ սկսվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Մանուկեանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ ու հաստատվել այնտեղ:
Ընտանիքի անդամները մտադրություն չունեն Հայաստանում ապրելու: «Ամենն ալ բացառիկ տեղ ունին Ամերիկայի հասարակության մեջ»,- ասում է Յովհանէս Մանուկեանը: Ավագ որդին՝ Ռոստոմը, ինժեներ-էլեկտրիկ է, մեծահասակներին թոշակի անցնելուց հետո տրվող տների պատասխանատուն է ամբողջ ԱՄՆ-ում: Երկրորդ որդին՝ Րաֆֆին, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ է, մի քանի անգամ ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ: Նրա՝ քաղաքապետ լինելու օրոք են Կապանն ու Գլենդեյլը դարձել քույր քաղաքներ: Ռազմիկը քաղաքացիական ինժեներ է, ԱՄՆ Վալիի շրջանի ջրի խողովակաշարերի պատասխանատուն: Իսկ Նիկոլը փաստաբան է, Փաստաբանների համաշխարհային միության անդամ:
«Ոչ մեկը չի հասկանում, թե ես ինչի համար եկած եմ այստեղ, ինչ ընելու համար եկած եմ, ինչու այս ծերությունս այստեղ կանցնեմ, երբ կրնամ թագավորի պես դուրսը կյանք վարել»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը: Նա բացատրում է, որ Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանի իր ուսուցիչները ուզում էին վերադառնալ Հայաստան, բայց խորհրդային կարգերի ժամանակ չէին կարող, քանի որ «քաղաքական մարդիկ էին»: Նրանք իրենց աշակերտներին են պատգամել վերադառնալ Հայաստան:
«Եկած եմ ես այստեղ՝ իրենց խոսքը կատարելու համար: Ադ մարդիկը, երբ մեզի ուսում կուտային, ըսին՝ տղաքս, մենք ձեզի ուսում կուտանք, բայց դուք օր մը եթե մարդ դառնաք, հարուստ դառնաք, դրամ ունենաք, այդ ուսումը կվերադարձրեք հայրենիքին: Ես 70 տարեկան, անմիջապես ադիկա գլխուս զարկավ: Ես ոչինչեն ելած եմ: Աս ազգը ինձի կարդացուցած է, ազգի շնորհիվ է, որ մարդ դարձած եմ: Ես խղճի խայթ կունենամ, եթե պարտականությունս չկատարած ըլլամ այդ մարդոց»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը:
Նա Գրիբոյեդովում գնած իր հողատարածքը կտակել է Համազգային մշակութային միությանը, որը վայելում է ՀՅԴ հովանավորությունը: Յովհաննէս Մանուկեանն ասում է, որ դաշնակցական է ծնվել և դաշնակցական էլ կմեռնի, բայց միաժամանակ հավելում է, որ իրեն հետաքրքիր չէ, թե «Հայաստանը ինչ կուսակցության կպատկանե», քանի որ Հայաստանը պետք է կուսակցություններից վեր լինի:
Խորհրդային Միության ժամանակ Յովհաննէս Մանուկեանի գնած 109 հա հողամասում եղել է Հայաստանի ամենամեծ խոզաբուծարաններից մեկը: Ամեն ամիս այս խոզաբուծարանից 30 հազար գլուխ խոզի միս է ուղարկվել Ռուսաստան: Այժմ հողատարածքի գոմերից միայն 5-ն է կանգուն, 3-4-ը՝ քանդված ու կողոպտված է: Յովհաննէս Մանուկեանի՝ տարածքը գնելուց հետո էլ գոմերից մեկը քանդել ու կառուցատարրերը գողացել են:
Յովհաննէս Մանուկեանի հողամասում. կանգուն և քարուքանդ գոմերը |
«Առաջին անգամ, երբ առի 2004թ., դեռ հայտնի չէր՝ Արցախում պատերազմ կար, ինչ պիտի ըլլա: Նպատակը՝ այստեղ առնել, ցորեն ցանել, մեր ազատամարտիկներուն օգնության հասնելու համար: Ցորենի առաջին հունձքը ունեցանք 33 տոնն: 33 տոննը, դժբախտաբար, չհասավ Արցախ. արդեն աստեղեն անոնք, որոնք կաշխատին, գողցան: Ով գողցավ՝ չիմացանք»,- պատմում է Յովհաննէս Մանուկեանը:
Հետո՝ 6 տարի շարունակ, նա առվույտ է ցանել հողամասում և վաճառել գյուղացիներին: Այժմ նա գոմերը և հողը վարձակալությամբ տվել է գյուղացիներին: Գրիբոյեդովի և մոտակա գյուղերի գյուղացիներն ամեն ինչ աճեցնում են նրա հողում: Գյուղացիների սեփական հողերը շատ ավելի փոքր են, և դրանցից շահույթ ստանալ չեն կարող: Իսկ Յովհաննէս Մանուկեանի հողը ոռոգվում է, գյուղացիները 2-ից 20 հա-անոց հողատարածքներ են վարձում ու հողագործությամբ զբաղվում: Հողերը վարձակալած գյուղացիները այս տարի, ցավոք, բերք չեն ստացել: Ուստի, Յովհաննէս Մանուկեանը ծրագրում է ինքն էլ այս տարի արտում առվույտ ցանել:
«Դժբախտաբար, գյուղացին չօգտվիր, ծանր հարկեր կան վրան, ծանր տուգանքներ կուգան: Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի կերակրվելու, ապրելու, ընտանիք մը պետք է ապրի: Խեղճ գյուղացին անոթի է: Բան մը չի մնար գյուղացիին: Անոթի ժողովուրդը ամեն ինչ կընե, երկիրն ալ կձգե կերթա, տունն ալ կձգե կերթա: Երկիրը անոթի ձգել չէ կարելի: Ամենեն առաջ՝ գյուղացին: Գյուղացիին իր տունը տվեք, արտը տվեք, որպեսզի ապրի, ոչ թե ըսեք՝ ասքան տուրք պիտի վճարեք, հարկ պիտի վճարեք: Մարդը ուտելու հաց չունի, որ քեզի հարկ վճարե: Տունը-տեղը կծախե, կերթա»,- ասում է Յովհաննէս Մանուկեանը:
Երկու-երեք տարի առաջ գյուղացիների ձեռքով նրան հասել է մի զրպարտագիր, որն ուղղված է իրեն և վարչապետին: Զրպարտագրում անհիմն մեղադրանքներ են հնչում Յովհաննէս Մանուկեանի հասցեին, կասկածի տակ դրվում նրա մտադրությունները, վերջում վարչապետին կոչ է արվում Հայաստանում հաստատված սփյուռքահայի գոմերը և դաշտը 5 տարով տրամադրել գյուղացիներին, իսկ չտրամադրելու դեպքում զրպարտագրի հեղինակը սպառնում է դիմել երկրի նախագահին՝ «հողաբաժինը ընդհանրապես առգրավելու պահանջով»: Զրպարտագրում նշվում է, թե այն ստորագրել է հարակից գյուղերի 123 բնակիչ, սակայն դրանում չկա ոչ որևէ անուն, ոչ ստորագրություն, ոչ կնիք, ոչ ամսաթիվ: Զրպարտագիրը ստանալուց անցել են տարիներ, բայց Յովհաննէս Մանուկեանը այլևս ոչ մի լուր չի ստացել ոչ զրպարտագրից, ոչ վարչապետից, ուստի ենթադրում է, որ զրպարտագիրը գրել է մեկ հոգի: Սփյուռքահայը այս և ծագող այլ հարցերը դատական կարգով լուծել չի ցանկանում, քանի որ դրա համար չէ, որ Հայաստան է եկել:
Այժմ Յովհաննէս Մանուկեանն աշխատում է «Իմ կյանքը» ինքնակենսագրական գրքի վրա: «Իմ կյանքը շատ խառնիճաղանջ, շատ բարդ կյանք եղած է: Կյանքս մեկ հատորով չի լրանար: Վաղը կյանքս, աս բոլորը պիտի գրեմ: Հայաստանը պիտի նկարագրեմ ինչպես որ է, որպեսզի մեր գալիք սերունդը առողջ վիճակի մեջ ըլլա: Թե ոչ՝ այսպես դեպի անկում կերթանք»,- ասում է նա:
Յովհաննէս Մանուկեանը նաև բանաստեղծություններ է գրում Ալագեազ գրական կեղծանունով: Բանաստեղծությունների 4 գիրք ունի:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել