HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանին

Թուրքմենստանի Ավազա քաղաքում նոյեմբերի 19-20-ը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը գլխավորել է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվականը։

Վեհաժողովի խորհրդի նիստում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները։ Նա ընդգծել է ընտրական մարմինների արհեստավարժ և կազմակերպված աշխատանքը, թեկնածուների ու նախընտրական ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների իրազեկումը, ինչպես նաև միջազգային և տեղական դիտորդների գործունեությանը ցուցաբերված աջակցությունը։ Զեկույցում արձանագրվել է նաև, որ Հայաստանի ընտրական օրենսդրությունը համապատասխանում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։

Իր ելույթում Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն արտացոլել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքը։

Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ընտրական համակարգի կատարելագործման, ընթացակարգերի թափանցիկության ապահովման, ընտրողների նույնականացման և գրանցման ժամանակակից թվային համակարգերի կիրառման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նա կարևորել է միջազգային դիտորդական առաքելությունների հետ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնագիտական երկխոսությունը և քննարկելու ընտրական գործընթացների հետագա բարելավմանն ուղղված կառուցողական առաջարկները։

Նոյեմբերի 20-ին կայացել է ԱՊՀ ՄԽՎ 61-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընդունվել են մի շարք մոդելային օրենքներ։ Դրանց թվում է ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ տնտեսության և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովի ներկայացրած «Թվային ստորագրության մասին» մոդելային օրենքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter