Կեղծ դատական հղումներ ներկայացրած ռումինացի փաստաբանին ՄԻԵԴ-ը 2 տարով զրկել է ներկայացուցչության իրավունքից
Արհեստական բանականության գործիքների օգտագործման հետեւանքով ռումինացի փաստաբանի ներկայացրած փաստաթղթում հայտնաբերված բազմաթիվ կեղծ եւ սխալ դատական հղումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար հիմք են դարձել նրան երկու տարով զրկելու դատարանում դիմողներին ներկայացնելու իրավունքից։
Որոշումը ՄԻԵԴ-ը կայացրել է 2026թ.-ի նոյեմբերի 13-ին՝ գործը քննող պալատի հիմնավորված առաջարկով:
Փաստաբանը ՄԻԵԴ-ում քննվող գործերից մեկով դիմողների երկու ներկայացուցիչներից մեկն էր։ Նրա ներկայացրած գրավոր դիրքորոշումն ուսումնասիրելիս պալատը հայտնաբերել է բազմաթիվ սխալներ։
Մասնավորապես՝ փաստաբանը հղում էր արել գոյություն չունեցող դատական գործերի, իրական դատական ակտերին վերագրել էր դրանցում բացակայող կետեր։ Նա նաեւ վկայակոչել էր ՄԻԵԴ-ի իրական որոշումներ, որոնք կապ չունեին ներկայացված փաստարկների հետ կամ ուղղակիորեն հակասում էին դրանց։
Փաստաբանը խոստովանել է, որ փաստաթուղթը կազմելիս օգտագործել է արհեստական բանականության գործիքներ։ Սխալները նա բնութագրել է որպես «անճշտություններ» եւ «հղումների սխալներ»։ Սակայն պալատը եզրակացրել է, որ դրանք առանձին վրիպումներ չեն եղել, այլ բազմաթիվ, կրկնվող եւ բովանդակային նշանակություն ունեցող սխալներ։
Փաստաբանը չէր ստուգել արհեստական բանականության տրամադրած տեղեկությունները
ՄԻԵԴ-ը նշել է, որ Ռումինիայի «Փաստաբանական գործունեության մասին» օրենքով, փաստաբանական մասնագիտության կանոններով եւ Դատարանի նախադեպային որոշումներով փաստաբանները պարտավոր են գործել անհրաժեշտ մասնագիտական կարողություններով եւ զգուշավորությամբ։ ՄԻԵԴ-ում գործեր ներկայացնելիս նրանցից պահանջվում է մասնագիտական զգուշավորության բարձր մակարդակ։
Հետեւաբար փաստաբանը պարտավոր էր արհեստական բանականության միջոցով ստացված դատական հղումներն ու փաստարկներն ինքնուրույն ստուգել պաշտոնական աղբյուրներով, այդ թվում՝ ՄԻԵԴ դատական պրակտիկայի HUDOC առցանց շտեմարանում։
Փաստաբանը հայտնել է, որ բավարար չափով չի ստուգել իր ներկայացրած բոլոր հղումները։ Պալատի գնահատմամբ՝ իրականում որոշ հղումներ ընդհանրապես ստուգված չեն եղել։ Սխալներից շատերը կրկնվել են եւ հնարավոր էր հեշտությամբ հայտնաբերել նույնիսկ HUDOC շտեմարանի մակերեսային ուսումնասիրությամբ։
Սխալների պատճառով ՄԻԵԴ-ը լրացուցիչ աշխատանք է կատարել
Պալատը գտել է, որ փաստաբանի վարքագիծը վնասել է արդարադատության իրականացմանը։ Սխալ տեղեկությունների ստուգումը, փաստաբանի նկատմամբ հատուկ ընթացակարգ սկսելը եւ գործընթացին առնչվող այլ կողմերի հետ ծավալուն նամակագրությունը Դատարանից զգալի ժամանակ են խլել։
Պալատի կարծիքով՝ այդ աշխատանքը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Դատարանին վերապահված հիմնական գործառույթներին։
Մինչեւ փաստաբանին դատարանում ներկայացուցչություն իրականացնելու իրավունքից զրկելու առաջարկը Դատարանի նախագահին ներկայացնելը՝ պալատը դիտարկումներ է պահանջել փաստաբանից, Ռումինիայի կառավարությունից եւ Ռումինիայի փաստաբանների ազգային միությունից։ Կողմերը ծանոթացել են միմյանց դիտարկումներին եւ հնարավորություն ունեցել պատասխանելու դրանց։
Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ պալատը եզրակացրել է, որ առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս փաստաբանին զրկել ՄԻԵԴ-ում դիմողներին ներկայացնելու կամ նրանց աջակցելու իրավունքից։ Դատարանի նախագահը հաստատել է երկու տարվա արգելքի առաջարկը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել