Ուսման վարձից մինչև բնակարանի վարձ․ ուսանողների աջակցության նոր համակարգ է մշակվել
Պետությունը նախատեսում է փոխել բուհերի ուսանողներին տրամադրվող ֆինանսական աջակցության համակարգը։ Նոր կարգավորմամբ ուսման վարձի փոխհատուցումը կկապվի ոչ միայն ուսանողի առաջադիմության, այլև նրա ընտանիքի սոցիալական վիճակի հետ։ Նախատեսվում է նաև փոխհատուցել կեցության և տրանսպորտի ծախսերը, իսկ արտակարգ իրավիճակներում հայտնված ուսանողների համար ստեղծել ֆինանսական աջակցության լրացուցիչ հնարավորություն։ Կրթաթոշակների նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2027-2028 ուսումնական տարվանից։
Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100 տոկոսով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման: Առաջարկվում է բուհերի առաջին կուրս առաջին անգամ ընդունված ՀՀ քաղաքացիների համար ներդնել մեկնարկի կրթաթոշակ։ Այն կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի ամբողջական՝ 100 տոկոս փոխհատուցման ձևով։
Այս հնարավորությունից կկարողանան օգտվել նաև փախստականները և արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներից Հայաստան տեղափոխված օտարերկրացիները։
Նախագծի հեղինակները նշում են, որ գործող համակարգը հիմնականում սահմանափակվում է ուսման վարձի փոխհատուցմամբ և բավարար չափով չի լուծում ուսանողների ուսումնառության հետ կապված այլ ծախսերի հարցը։ Մասնավորապես, կեցության և տրանսպորտի ծախսերը լրացուցիչ ֆինանսական բեռ են մարզերում բնակվող և սոցիալապես անապահով ուսանողների համար։
Ուսման վարձի փոխհատուցումը կախված կլինի առաջադիմությունից և ընտանիքի սոցիալական վիճակից
Առաջին կուրսից հետո՝ երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին, ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի առաջադիմության և սոցիալական վիճակի համադրությամբ։
Նախագծով նախատեսվում է ուսման վարձի 25-100 տոկոս փոխհատուցում։ Աջակցության չափը կախված կլինի ուսանողի առաջադիմությունից, սոցիալական կարգավիճակից կամ ընտանիքի եկամտի մակարդակից։
Բացի ուսման վարձի փոխհատուցումից, սոցիալական աջակցության շահառուներին կտրամադրվի նաև ամսական կրթաթոշակ։ Դրա չափը կկազմի 30 հազարից մինչև 50 հազար դրամ։
Կրթաթոշակների հաշվարկման համար սահմանվում է բազային միավոր՝ 50 հազար դրամի չափով։ Դրանից կախված՝ որոշվելու են աջակցության տարբեր տեսակների չափերը։
Կփոխհատուցվեն նաև բնակարանի վարձն ու տրանսպորտի ծախսերը
Նոր համակարգով նախատեսվում է աջակցել նաև ուսանողների կեցության և տրանսպորտի ծախսերին։
Սոցիալական աջակցության առաջինից երրորդ մակարդակներին համապատասխանող ուսանողները կարող են ստանալ ամսական մինչև 70 հազար դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար։ Այս աջակցությունը նախատեսված է այն ուսանողների համար, որոնց բնակավայրը բուհից առնվազն 20 կմ հեռավորության վրա է։
Նույն խմբի ուսանողների համար նախատեսվում է նաև Երևանի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտի տրամադրում։
Նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման համար կիրառել առաջադիմության միասնական՝ նորմավորված վարկանիշային սանդղակ։ Դրա հիման վրա ուսանողները կկարողանան ստանալ ուսման վարձի 25-100 տոկոս փոխհատուցում։
Միաժամանակ, պետության համար առաջնահերթ համարվող մասնագիտությունների դեպքում նախատեսվում է ավելի լայն աջակցություն։ Այդ ուղղություններով սովորող բոլոր ուսանողները, որոնք կունենան բավարար առաջադիմություն, կկարողանան օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։
Դոկտորանտներին ամսական 150-200 հազար դրամ կրթաթոշակ կտրվի
Կրթաթոշակային նոր համակարգը կներառի նաև դոկտորանտներին։
Նրանց համար նախատեսվում է ամսական 150 հազար դրամ կրթաթոշակ։ Եթե դոկտորանտը սովորում է Կառավարության սահմանած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղությամբ, կրթաթոշակը կկազմի 200 հազար դրամ։
Դոկտորանտի համար կարող է առանձին տրամադրվել նաև ուսման վարձի փոխհատուցման տեղ։
Նախագծով նախատեսվում է նաև միջազգային կրթաթոշակների տրամադրում։ Դրանք կուղղվեն Հայաստանի համար առաջնահերթ մասնագիտություններով արտասահմանյան բուհերում սովորել ցանկացողներին։
Սակայն կրթաթոշակ ստացողները պարտավոր կլինեն ուսումն ավարտելուց հետո իրենց ստացած որակավորումը կիրառել Հայաստանում և աշխատել ՀՀ-ում։
Եթե շահառուն չկատարի այդ պարտավորությունը, նախատեսվում է վերադարձնել ստացած աջակցության գումարը՝ չկատարված պարտավորությանը համամասնորեն։
Առանձին կարգավորում է նախատեսվում նաև գործատուների հետ համատեղ տրամադրվող նպատակային կրթաթոշակների համար։ Այդ դեպքում պետությունը կարող է հոգալ ուսման ծախսերի մինչև 50 տոկոսը, իսկ առաջնահերթ ուղղությունների դեպքում՝ մինչև 70 տոկոսը։
Նախատեսվում է խրախուսական կրթաթոշակ տրամադրել նաև ընդհանուր հիմունքներով բուհ ընդունված և հայերենին տիրապետող օտարերկրյա ուսանողներին։
Կրթաթոշակների տրամադրումը կթվայնացվի
Կրթաթոշակների նշանակման և ֆինանսավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թվային համակարգով։
Նախագծով նախատեսվում է տվյալների ինքնաշխատ նույնականացում, ինչպես նաև բուհերի հետ տարեկան ֆինանսավորման պայմանագրերի ճշգրտման մեխանիզմ։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միասնական համակարգը կնվազեցնի տարբեր աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթային գործընթացները և կբարձրացնի պետական միջոցների ծախսման վերահսկողությունը։
Նախագծի ընդունումը 2026թ.-ի պետական բյուջեից լրացուցիչ գումար չի պահանջի։ Այն նախատեսվում է կիրառել 2027-2028 ուսումնական տարվանից, իսկ 2027թ. սկսած և հետագա տարիներին ակնկալվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, սակայն հաշվարկ չի ներկայացվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել