Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Բահրեյնի տարածքին։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը, հարվածների թիրախում են եղել Էր Ռիֆա և Ավալի բնակավայրերի շրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են Patriot զենիթահրթիռային համակարգերի երկու ռադիոտեղորոշիչ կայաններ։ Իրանական կողմը հայտարարել է, որ ռազմական գործողությունն իրականացվել է ի պատասխան «Միացյալ Նահանգների շարունակվող ագրեսիայի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի խախտումների»։
Մինչդեռ Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ հարվածների հետևանքով վնասվել է քաղաքացիական նշանակության արդյունաբերական օբյեկտ։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բահրեյնի ներքին գործերի նախարարությանը, հարվածի հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։
Բահրեյնի իշխանությունները չեն հստակեցրել, թե արդյունաբերական ինչ օբյեկտ է վնասվել և որտեղ է այն գտնվում։
Լուսանկարը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել