Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ընդլայնել երկկողմ առևտուրը
Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ առևտրի ընդլայնմանն ուղղված նոր միջոցառումների շուրջ։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ ամփոփելով Մինսկում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբիշվիլիի հետ բանակցությունների արդյունքները։
Ինչպես Գալուզինը հայտնել է TACC գործակալությանը, հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է Վրաստանից գյուղատնտեսական արտադրանքի և գինեգործական արտադրանքի ներկրման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, Թբիլիսիի խնդրանքով ռուսական կողմը համաձայնել է ավտոմոբիլային փոխադրումների համար լրացուցիչ թույլտվություններ տրամադրել։
Բանակցությունների մասնակիցներն արձանագրել են երկու երկրների միջև առևտրի ծավալների և զբոսաշրջային հոսքերի կայուն աճը՝ այդ ոլորտները բնութագրելով որպես ռուս-վրացական հարաբերությունների զարգացման հիմնական շարժիչ ուժեր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ Մոսկվայում դրական են գնահատում Մինսկում կայացած հանդիպման արդյունքները։
Հիշեցնենք, որ Վրաստանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։ Թբիլիսին շարունակում է այդ տարածաշրջանները համարել Վրաստանի՝ Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ։ Չնայած քաղաքական տարաձայնություններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացել են տնտեսական կապերը։ 2023 թվականի մայիսին վերսկսվել են նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթները։
Իլյուստրացիան՝ yugsn.ru-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել